1988թ.-ի փետրվարի 19-ին օպերայի հրապարակում ընդամենը 50-100 մարդ կար

1988թ.-ի փետրվարի 19-ին օպերայի հրապարակում ընդամենը 50-100 մարդ կար

Հարցազրույց Սյունիքի նախկին փոխմարզպետ Վարդան Դավթյանի հետ (2014 - 2018 թթ)

-Պարոն Դավթյան, երկրում նորից լարված իրավիճակ է՝ ընդդիմությունը փողոցում է, իշխանությունը խաղաղության դարաշրջանի մեկնարկ է հայտարարել։ Դուք ո՞ր թեւում եք, ի՞նչ գնահատականներ կտաք այս իրադարձություններին։ 

-Մեր հայրենիքն ապրում է իր տարեգրության դժվարին պահերից մեկը։ Պատասխանատու, ողբերգական և ծանր փորձություններով  ժամանակահատված է։ Մեր երկրի սահմանների անվտանգային խնդիրները բազում մարտահրավերներ են առաջադրում։ Թշնամու ոտնձգությունները Արցախի տարածքում, մեր երկրի ինքնիշխան տարածքում, բազմաթիվ մտորումների և հարցադրումների տեղիք են տալիս։ Մեր հանրության մի հատված կասկածի տակ է դրել Արցախի, Սյունիքի և Հայաստանի անվտանգության փոխկապակցվածության հանգամանքը։ Այդ վարքագիծը հղի է կործանարար դրսևորումներով։ Մեր ժողովրդի դարավոր պատմության ընթացքում նման վճռորոշ պահեր շատ ենք ունեցել, բայց ամեն անգամ մեր հայրենասեր հայորդիների մտքի ճկունության, բազկի զորության և խելքի շնորհիվ կարողացել ենք պահպանել մեր անվտանգությունը, պետությունն ու պետականությունը։ Այսօր էլ, երբ մեր հայրենիքին սպառնացող վտանգները չեզոքացնելու անհրաժեշտություն կա, հանուն մեր հայրենիքի անվտանգության, հանուն մեր պետության ու պետականության պահպանման, մենք պարտավոր ենք համախմբվել, վստահել մեր սեփական ուժերին, փոխըմբռնման միջավայրում իրականացնել ճգնաժամերը հաղթահարելու իրատեսական գործողություններ և մեր երկիրը հանել այս փակուղային թվացող իրավիճակից։ 

- Դուք 1988-ի շարժմանը մասնակցե՞լ եք՝ ինչ ընթացքով գնաց այն, ինչու՞ էր ժողովրդին Արցախի հարցն այն ժամանակ այդքան հուզում։

- Ես ինքս 1988թ-ի փետրվարի 19-ին եղել եմ Երևանի օպերայի հրապարակում, ի աջակցություն արցախահայության, առաջին ցույցի մասնակիցը՝ Արցախի Ճարտար գյուղից իմ ուսանողական ընկերոջ, Վարուժան Գալստյանի հետ։ Այդ պահին հրապարակում ընդամենը 50-100 մարդ կար։ Հետո այն մեր աչքի առաջ շատ կարճ ժամանակում վերածվեց համահայկական շարժման։ Շատ լավ հիշում եմ սկիզբ առած շարժման զարգացման խրոնիկան՝ կոչեր, գործադուլներ, ակցիաներ։ Դրանցից շատերին մասնակցություն եմ ունեցել իմ ընկերների հետ։ Միտինգների էներգետիկան, մարդկանց՝ միմյանց նկատմամբ ձևավորված հարգանքը, ուշադրությունը, խելացի, հանրության մեջ մեծ կշիռ, ակտիվ  քաղաքացիական դիքորոշում ունեցող մարդկանց ներկայությունը, խոսքը․ սրանք ես թվարկում եմ ընդամենը մի քանի բնութագրական որակներ, որոնք այդ ժամանակ առկա էին և այս պահին, ցավոք, բացակայում են։

 -Դուք ծնունդով Գորիսից եք, երկար տարիներ ապրել եւ աշխատել եք Սյունիքում։ Ի՞նչ է կատարվում Ձեր հայրենի մարզում եւ քաղաքում այժմ։

- Մի քանի օր առաջ լրահոսից տեղեկացա, որ Գորիս համայնքի Որոտան բնակավայրում, որն արդեն սահմանամերձ է, նշվել է 6 ընտանիքի բնակարանամուտ։ Այդ փաստն ինքնին խոսուն է՝ այն իմաստով, որ սահմանապահ գյուղն այդպես են ամրացնում և լուծում ռազմավարական խնդիր։ Որոտանցիների վերաբնակեցումն իրականացվեց  Գորիս համայնքի միջոցներով, իսկ դա նշանակում է, որ համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը դեռևս գտնվելով կալանավայրում մտածել է Արցախից տեղահանված և Որոտանում բնակվելու համար անհրաժեշտ պայմաններ չունեցող մեր հայրենակիցների մասին։  Իմիջիայլոց, կալանավայրում  նրա գտնվելու ժամանակահատվածում գտնվելիս նրա անձի շուրջ ծավալված իրադարձությունները հետաքրքիր վերլուծությունների տեղիք են տալիս։ Իմ կարծիքով, աննախադեպ է, երբ անազատության մեջ գտնվող համայնքի ղեկավարի թեկնածուն, չմասնակցելով քարոզարշավին, ձայների մեծ տարբերությամբ հաղթի բոլոր վարչական ռեսուրսներով  քարոզարշավին մասնակցող իշխանություններին։ Իսկ դա բացատրվում է նրա մարդկային տեսակով, իր կողմից կյանքի կոչված աշխատանքներով և իրականացրած բազմաթիվ նախագծերով։ Իհարկե, ոգևորված եմ իմ սկզբունքային և արժանապատիվ հայրենակիցների աջակցությամբ ևս։ Հաջորդ խոսուն պահը,    երբ  ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու վերաբերյալ հայտարարություն  արեց «Հայաստան» դաշինքի պատգամավորը, ցուցակում հաջորդը, որը պիտի զբաղեցներ պատգամավորի թափուր մանդատը՝ Առուշ Առուշանյանն էր։ Եվ եթե նա վերցներ պատգամավորական մադատը, կապահովվեր նաև ազատությունը կալանքից։ Բայց նա որոշում կայացրեց հրաժարվել մանդատից և ազատությունից` նախընտրելով լինել գորիսեցիների կողքին, ապրել   ու աշխատել իր հարազատ քաղաքում և որ ամենակարևորն է՝ ցույց տալ, թե ինչքան պատասխանատու և արժանապատիվ մոտեցում ունի իր ընտրողների նկատմամբ։ Իսկ մի քանի օր առաջ շատ պատահական ես տեսա նկարների, փաստաթղթերի մի քանի տրցակ, որոնք Առուշանյանի կալանավայրում եղած ժամանակ նրա պահանջով ուղարկել էին իրեն, որպեսզի նա ծանոթանա համայնքում իր բացակայությամբ, բայց՝ իր հանձնարարությամբ կատարվող աշխատանքներին։ Նա այսօր էլ իր գործունեության առանցքում առաջնային տեղ է հատկացնում  Գորիս համայնքի շարունակական զարգացմանն ու առաջընթացի ապահովմանը, իր համաքաղաքացիների հետ միասին՝ շարունակելով շենացնել մեր բոլորիս շատ սիրելի Գորիս համայնքը։