Մեր բաժին հեղափոխությունը

Մեր բաժին հեղափոխությունը

Ես սկսում եմ հասկանալ ռուս մտավորականության հոգեվիճակը 1917 թվականին հաջորդած ժամանակաշրջանում, երբ շինելով մարդիկ եկան իշխանության, եւ ամեն խոհարար կարծեց, թե ինքը կարող է երկիր կառավարել։ Բոլշեւիկների իշխանությունը պետք է դանդաղ անցներ շնից Շարիկով դառնալու բարդ ուղին, իսկ այդ ընթացքում երկիրն ընկղմվեր երկարատեւ պատերազմների մեջ, մատներ սովի, ՆԷՊ ու կոլեկտիվացում տեսներ, մի կերպ հաղթահարեր պատերազմների ավերածությունները, ստալինյան ռեպրեսիաները, եւ երբ արդեն կթվար, թե սոցիալիզմի կառուցման մինիմում պլանն իրականացված է, հայտնվեր սառը պատերազմի ու երկարատեւ լճացման շրջանում եւ 70 տարի անց փլուզվեր՝ այդպես էլ չգիտակցելով բոլշեւիկների եւ առհասարակ՝ հեղափոխությունների պատճառած անդառնալի վնասները մարդկությանը եւ կոնկրետ հասարակությանը։ Իսկ այդ ընթացքում ռուս մտավորականության եւ ազնվականության մի քանի սերունդ պետք է հեռանային այս աշխարհից՝ այդպես էլ չտեսնելով իրենց ատելի բոլշեւիկյան ռեժիմի տապալումը եւ սովետական երկրի կազմալուծումը։

Այն, ինչ ճաշակեցին այդ մի քանի սերնդի ներկայացուցիչները՝ հեղափոխականների վայրագություններ, ունեզրկում, վիրավորանք ու նվաստացում, արտաքսում հայրենիքից, օտարության մեջ ապրելու դառնություններ, հայրենիքի կարոտ, հարազատներից երկարատեւ բաժանում, մարդկային մեծ ողբերգությունների մի շղթա են, որոնց մասին այսօր պատմության էջերն ուսումնասիրելով ենք իմանում։ Եվ ո՞վ կսպասեր, որ 21-րդ դարում մեզ եւս բաժին է ընկնելու հեղափոխության մեր բաժինը, եւ մենք գրեթե նույն զգացումներն ենք ունենալու, ինչ ռուս մտավորականության ներկայացուցիչները՝ բոլշեւիկյան Ռուսաստանում, որտեղ տգետն ու վրիժառուն եկել էր իշխանության եւ ամեն կայացած մարդու մեջ թշնամի էր տեսնում։