ՔԿՀ-ների աշխատակիցները շարունակելու են օգտվել իրենց վերապահված սոցիալական երաշխիքներից

ՔԿՀ-ների աշխատակիցները շարունակելու են օգտվել իրենց վերապահված սոցիալական երաշխիքներից

Արդարադատության նախարարությունից պատասխանել են «Հրապարակի» հարցմանը, թե ինչով է պայմանավորված քրեակատարողական համակարգում սոցիալ-հոգեբանականից քաղծառայության համակարգին անցնելը, ինչի արդյունքում աշխատակիցները կստանան ցածր կենսաթոշակ, կզրկվեն սոցիալական փաթեթներից եւ այլ արտոնություններից։ «Նշված փոփոխությունը վատթարացնող բնույթ չի կարող ունենալ սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումների այն ծառայողների համար, որոնք ներկայումս պաշտոն են զբաղեցնում. վերջիններս շարունակելու են օգտվել իրենց վերապահված սոցիալական բոլոր երաշխիքներից»։

Այսուհանդերձ նշենք, որ այս փոփոխություններից հետո մարդիկ համակարգից թոշակի կգնան որպես քաղծառայող եւ, հետեւաբար, կստանան ոչ թե բարձր զինվորական թոշակ, այլ՝ սովորական։
Հարցին, թե ինչով է պայմանավորված անցումն այս համակարգին՝ ԱՆ-ից պատասխանել են․ «2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք): Հաշվի առնելով օրենքի պահանջը եւ հիմքում ունենալով քրեակատարողական ծառայության տարբեր պաշտոնների բացառապես գործառութային առանձնահատկությունները՝ Քրեակատարողական ծառայության որոշ գործառույթներ իրականացնող բաժիններում քրեակատարողական ծառայությունից անցում է կատարվում քաղաքացիական ծառայության:

Նշված փոփոխությունը վերաբերում է նաեւ սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումներին: Հատկանշական է, որ քաղաքացիական ծառայության անցումը նորություն չէ նշված ստորաբաժանումների համար, որովհետեւ նշված ստորաբաժանումների աշխատակիցների մեծ մասը հանդիսանում են քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Երեկ տարիքի բերումով ՔԿՀ համակարգից ազատված շուրջ 40 աշխատակիցներին կառավարության դիմաց բողոքի ակցիայից հետո ընդունել է արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը եւ խոստացել է պատասխանել տասն օրվա ընթացքում։ Բողոքի ակցիային մասնակցել են «Արմավիր», «Կոշ» ՔԿՀ-ների աշխատակիցներ, այդ թվում՝ աշխատանքից ազատված պետի տեղակալներից մեկը։ Ինչպես հայտնի է, վերջին մեկ ամսվա ընթացքում «Կոշ»-ից ազատվել է 9 պաշտոնատար անձ՝ պետի տեղակալից մինչեւ գլխավոր հաշվապահ։ Նրանք են՝ Անդրանիկ Մուրադյանը, Սամվել Գյուրջանյանը, Անդրանիկ Սարգսյանը, Էդիկ Պապիկյանը, Գրիգոր Գրիգորյանը, Մանվել Քոչարյանը, Ազատ Բարսեղյանը, Ծերուն Բունիաթյանը, Գագիկ Աղոյանը»։