Հեղափոխակա՞ն են, թե՞ հավատաքննիչ

Հեղափոխակա՞ն են, թե՞ հավատաքննիչ

Իշխող խմբակցությունը երեկ սիրով եւ ոչ այնքան հանդուրժողականությամբ մի ամբողջ օր երկրի թիվ մեկ օրենսդիր մարմնում զբաղված էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի «միսը ծամելու» գործով։ ԱԺ-ում ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլի» դիմումը վերածվեց իսկական հավատաքննության եւ Թովմասյանի դեմ ասպատակության։

Իրենց նախաձեռնությունը փաստարկելու, ներկայացրած հիմքերը հիմնավորելու փոխարեն, հեղափոխականներն անարգանքի սյունին գամեցին Հրայր Թովմասյանին ու նրա կուսակցական անցյալը եւ հատկապես մեկ օր առաջվա նրա հարցազրույցը՝ մեկ անգամ էլ փաստելով, որ սկսված գործընթացը ոչ այնքան իրավական է, որքան՝ քաղաքական, եւ նախաձեռնության շարժառիթը Թովմասյանի թույլ տված կարգապահական խախտումները չեն, այլ նրա քաղաքական անցյալը, ՀՀԿ-ին երբեմնի պատկանելության փաստը, քավորսանիկական ու բարեկամական կապերը եւ այլն։ Ավելին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եզրափակիչ ելույթում բացահայտ խոստովանեց, որ Հրայր Թովմասյանին տեսնում են ընդդիմադիր առաջնորդի դերում, բայց ոչ ՍԴ նախագահի, քանզի նա կաշկանդված է իր քաղաքական հայացքներով։ Ուշագրավ է, որ հարցի քննարկումն անցավ առանց հարցուպատասխանի կամ գրեթե առանց դրա, քանզի հարցեր գրեթե չկային, բոլորն ասողներ էին դարձել։ Իմքայլականները ներկայացել էին մինչեւ ատամները զինված տեքստերով։ Ի դեպ, տպավորություն կար, որ դրանք մի կենտրոնից էին գրվել, ու բոլորն անխտիր ցիտում էին իրենց համար դասական դարձած Հրայր Թովմասյանին, ավելի կոնկրետ՝ նրա վերջին հարցազրույցից հատվածներ։

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ով հիրավի զբաղեցրել է Էդուարդ Շարմազանովի տեղը, գերազանցեց բոլորին՝ Թովմասյանին անգամ հռչակեց «սատանայի փաստաբան»․ «Դուք վստահություն չեք վայելում, որովհետեւ Սերժ Սարգսյանի համար Սահմանադրություն, Ընտրական օրենսգիրք եք գրել, որպեսզի նա կարողանա վերարտադրվել, տեսնի՝ ով ինչքան ձայն է բերում։ Հանրությունը չի վստահում եւ չի վստահելու Ձեր որոշումներին: Ասում եք՝ նա չկա, ով ինձ նշանակել է: Այո, նա չկա, Ձեզ նա չի նշանակել, Ձեզ ԱԺ-ն է նշանակում: Նա չկա, ու Դուք գնալու եք նրա հետեւից։ Սատանայի փաստաբան լինելը Ձեր միակ կարգավիճակն է եղել նախորդ իշխանության տարիներին: Դուք եղել եք նրանց պրոյեկտներն իրականացնողները: Իրավական ձեւակերպում տալու համար Ձեզ վարձահատույց են եղել»:

Բոլորը փորձում էին նմանվել Նիկոլ Փաշինյանին՝ հատկապես նրա նախկին խոսնակ Արման Եղոյանը, ով անգամ ժեստիկուլյացիան ու բառապաշարն էր յուրացրել։ «Տեսեք՝ ինչ է ասում պարոն Թովմասյանը․ ասում է՝ եթե խնդիրը վերաբերեր Հրայր Թովմասյանի լինել-չլինելուն, ապա ես վստահեցնում եմ, որ իմ կյանքի ուրախ օրերն ունեցել եմ այն ժամանակ, երբ պաշտոն չեմ զբաղեցրել, բայց գալիս է մի փուլ, որ դու հասկանում ես, որ սա կռիվ չէ Հրայր Թովմասյանի հետ, Հրայր Թովմասյանի լինել-չլինելու խնդիրը չէ ընդամենը, որովհետեւ, եթե դա այդպես լիներ, ապա, վստահեցնում եմ, վաղուց իմ պաշտոնը թողած կլինեի։ Ինձ համար սա սահմանագիծ է՝ մեր սահմանի՝ ինձ վստահված տարածքը»․ Հրայր Թովմասյանի խոսքի ամենաանկեղծ եւ գեղեցիկ հատվածը մեջբերեց Արման Եղոյանը։ «Հասանք… սահմանի որ կողմում են հայերը, որ կողում՝ ադրբեջանցիները: Իրենք հայերն են, սահմանի այս կողմում էլ, որտեղ մենք ենք, ադրբեջանցինե՞րն են: Էս ի՞նչ բառապաշար ա, էս ի՞նչ լեզու ա»,- բարկացավ Եղոյանը:

Գայանե Աբրահամյանն էլ հասկացել է, որ «Հրայր Թովմասյանն իր կուսակիցների փրկության վերջին բաստիոնն է ուզում պաշտպանել»։ «Հրայր Թովմասյանը պատասխանատու է իրեն ՍԴ աթոռին կարգած՝ մերժված խմբակի առաջ եւ կաշկանդված է այդ խմբակի դիրքորոշումներով»,- հայտարարեց Սարգիս Խանդանյանը:

Պատգամավորը հարց բարձրացրեց՝ մի՞թե Հրայր Թովմասյանը մոռացել է ՍԴ անդամ եւ ապա նախագահ դառնալու հանգամանքները. «2015թ. Սերժ Սարգսյանի հագով Սահմանադրություն գրած եւ որպես պարգեւատրում ՀՀԿ-ի կողմից ՍԴ գործուղված Հրայր Թովմասյանի գլխավոր ակնկալվող գործառույթը մի՞թե այդ նույն իշխանության քաղաքական որոշումները փաթեթավորելը չէր: Այս մարդը ստանձնել էր պետությանը դեպի վերջ տանող նավի նավապետի պաշտոնը»: Իրականում՝ այս իշխանությունը կարծես դեմ չէ Սերժ Սարգսյանի հագով կարված Սահմանադրությունը կրելուն, եւ անգամ թվում է, որ պետք է շնորհակալ լիներ Թովմասյանին՝ ակամայից այդպիսի նվեր իրենց մատուցելու համար։

Մեջբերելով Հրայր Թովմասյանի հարցազրույցից մի հատված՝ Սարգիս Խանդանյանն ասաց. «Իսկ ո՞վ է Հրայր Թովմասյանին վստահել այդ տարածքը՝ մերժված իշխանությունը: Ուստի զրո լեգիտիմությամբ իշխանության կողմից Հրայր Թովմասյանին այդ սահմանը վստահելը սաբոտաժ է, դիվերսիա է այդ տարածքի նկատմամբ»: Իշխանականները ձեռքի հետ էլ անցնում էին ԲՀԿ-ի վրայով, երեսով տալիս քվեարկությանը չմասնակցելու նրանց որոշումը։ «Չմասնակցելով այս որոշման կայացմանը՝ լռելյայն մասնակից եք դառնում ՍԴ-ում տեղ գտնող հակաիրավական գործընթացներին»,- նկատեց Խանդանյանը՝ չմանրամասնելով, թե որ գործընթացն է հակաիրավական։

Տեւական ժամեր իշխանականների թույն ու թարախով լի ելույթներից հետո Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց «զուսպ ու հավասարակշիռ» նախաձեռնության համար։ Հավասարակշռության մասով ձեռնպահ կմնանք կարծիք հայտնելուց, բայց զսպվածության հարցում չենք վիճի՝ իսկապես, իշխանականները կարողացան պահպանել զսպվածություն եւ բացահայտ չհայտարարել, որ երբեմնի ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանին մերժում են մի պատճառով, որ ՍԴ-ն հանձնեն Նիկոլ Փաշինյանի նախընտրած թեկնածուին։ Հարցի փակ քվեարկությունը կկայանա այսօր։ ԵԽԽՎ-ից մեր պատվիրակությունն արդեն ետ է եկել։