Համակարգչի առաջ հոգնում են թե աշակերտները, թե ուսուցիչները

Համակարգչի առաջ հոգնում են թե աշակերտները, թե ուսուցիչները

Այս օրերին առցանց հանդիպումները նույնացվում են հեռավար ուսուցման հետ, ինչը, սակայն, ավելի լայն հասկացություն է, «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ իրավիճակի պայմաններում» հեռավար քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը: Նա նկատում է, որ նախորդ տարվանից սկսել էին փորձնական հեռավար ուսուցման ծրագիր 2 մարզային դպրոցների հետ, մեթոդաբանությունը ուղղված էր նրան, որ կարողանան ուսուցչին փոխարինել եւ ապահովել առարկաների դասավանդումը երեխաների համար: Պողոսյանն ասում է` այս օրերին շատ են բարձրաձայնում, որ չկա միասնական հարթակ, որտեղ թե ուսուցիչները, թե աշակերտները կազմակերպեն ուսուցումը, բայց հաշվի առնելով, որ ոչ բոլորն ունեն նույն տեխնիկական հնարավորություններն ու հմտությունները, որոշեցին ազատ թողնել մարդկանց այդ հարցում, որպեսզի յուրաքանչյուրն ընտրի այն միջոցը, որը համապատասխանում է իր կարողություններին: 

Հաճախ ուսուցիչներն իրենց առարկայի միայն տեւողությունն են կրճատում եւ նույն ձեւով օնլյան դասն անցկացնում, արդյունքում համակարգչի առաջ հոգնում են թե աշակերտները, թե ուսուցիչները: Ըստ նրա, պետք է համակցել համաժամանակյա օնլյան մեթոդը տեխնիկան այլ մեթոդների հետ, մասնավորապես, ուսուցիչը պետք է կարողանա պլանավորել ոչ միայն օրվա դասը, այլ` շաբաթական պրոցեսը. «Հեռավար ուսուցման համար սա շատ կարեւոր է, պլանավորել շաբաթվա կտրվածքով` տալով որոշակի հղումներ նաեւ այլ ռեսուրսներից, հանձնարարություններ շաբաթվա համար, որից հետո անդրադառնալ նրանց հարցերին, տալ բացատրություններ եւ փակել թեման: Այս ձեւով կունենանք մի քանի արդյունավետություն` ժամանակի եւ կապի միջոցների խնայողություն, ֆիզիկական ծանրաբեռվածության թուլացում, եւ թե երեխաները, թե ուսուցիչները քիչ ժամանակ կանցկացնեն համակարգչի առաջ»:
Թե միաժամանակ որքանո՞վ են ներգրավված այս պրոցեսի մեջ թե աշակերտները, թե ուսուցիչները, Պողոսյանն առաջարկում է, որպես մոնիթորինգի գործիք օգտագործել էլեկտրոնային միասնական մատյանը, որտեղ արդեն ներգրավվել է 32 հազար ուսուցիչ, ինչը ուսուցչական կազմի մոտ 80 տոկոսն է եւ 354 հազար աշակերտ, որը աշակերտների 90 տոկոսից ավելին է: