Եթե նրանք «կաշառքով գնահատական դնողներ, գրագողներ, զինվորի հացը գողացողներ ու գործ սարքողներ» են, ուրեմն դու էլ «փողով հոդված տպող ես»

Եթե նրանք «կաշառքով գնահատական դնողներ, գրագողներ, զինվորի հացը գողացողներ ու գործ սարքողներ» են, ուրեմն դու էլ «փողով հոդված տպող ես»

Ամեն մի նոր հարցազրույց, որ Նիկոլ Փաշինյանը տալիս է իրավիճակը շտկելու, իր ճշմարտությունը հասարակությանը հասցնելու նպատակով, ավելի ու ավելի է բարդացնում դրությունը եւ ավելացնում իր հանդեպ բացասական վերաբերմունքը։ Գուցե ինքը, թիմակիցները, կինը մի որոշ ժամանակ լռեին, ավելի շատ կարեկցանք ու ըմբռնում առաջանար իրենց հանդեպ։ Բայց այս մարդիկ լռելու անընդունակ են, առավել եւս անընդունակ են ասել բաներ, որոնք ընկալելի կլինեին հանրային գիտակցության մեջ։ Որովհետեւ յուրաքանչյուր հարցազրույցում նա մի նոր թիրախ է գտնում, նոր չապացուցված մեղադրանքներ է շպրտում տարբեր անձանց հասցեին, ասում է վիճելի բաներ եւ վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը։ Եւ ամենակարեւորը՝  այնքան հակասական մտքեր է արտահայտում, այնքան կեղծ պնդումներ է անում, որ անգամ ամենաքիչ տեղեկացված մարդը կարող է նրան հակադրվել։ Երեկվա հարցազրույցի միայն քոմենթներին հետեւելիս կարելի էր տեսնել, թե մարդիկ ինչքան են հոգնել նրա հակասական, անհամոզիչ ու կեղծ պնդումներից։ 

Եւ հատկապես հոգնել են ժողովուրդ բառի շահարկումից։ Անընդհատ ժողովրդի անունից խոսող վարչապետը տարրական հարգանք չունի այդ ժողովրդի առանձին մասնիկների հանդեպ։ Նրա համար ժողովուրդը մի վերացական հասկացություն է ու չի հասկացվում, թե ովքեր են այդ ժողովուրդը՝ եթե դա իր հրաժարականը պահանջողները չեն, որոնք միայն փողոցում ակցիա անողները չեն, այլ հայտարարություններ անող, պատերազմից ու կորուստներից, ցավից ու վշտից իրենց կորցրած մարդիկ, որոնք կարծում են, որ մեզ ռեսթարտ է պետք, իսկ դա առանց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հնարավոր չէ։

Միայն մի հատված մեջբերենք երեկվա հարցազրույցից․

«Տեսեք, հրապարակում հավաքված ընդդիմության պահանջներին աջակցող ինչքա՞ն հայտարարություններ են եղել։ Ընդ որում՝ այդ հայտարարություններն արել են էլիտայի ներկայացուցիչներ, և այս պրոցեսը բացահայտել է էլիտայի ճգնաժամն իրականում: Այս պրոցեսը ցույց է տվել, որ Հայաստանում մինչև 2018 թվականը գոյություն ունեցած և դեռ շարունակաբար գոյություն ունեցող էլիտան, վերնախավը կապ չունի սեփական ժողովրդի հետ: Եվ իմ կարծիքով՝ դա ոչ թե էլիտա է, այլ պսևդոէլիտա, որն ունի կարգավիճակ, բայց չունի հեղինակություն։ Որովհետև, պատկերացրեք, այդքան մարդիկ, այդքան ինստիտուտներ հանդես են գալիս վարչապետի հրաժարականի պահանջով, ու մարդիկ դուրս չեն գալիս իրենց վերնախավի պահանջները պաշտպանելու: Դա ի՞նչ է նշանակում։ Նշանակում է առաջին հերթին այդ վերնախավի կամ հիմա արդեն պարզ է, պսևդովերնախավի նկատմամբ անվստահություն։ 

Որովհետև, տեսեք, ինչ-որ մեկը հայտարարություն է անում, ասում են՝ սա այն մարդիկ են - ինձ համար շատ ցավալի է, բայց պետք է ասեմ- կաշառքով գնահատական դնողնե՞րն են, լավ, պարզ է։ Բոլորի մասին չէ խոսքը, ընդ որում, փառք Աստծո, ոչ բոլորն են այդ դիրքորոշումներով հանդես եկել։ Սա նրանք են, որ գրագողությամբ թեկնածուական ու դոկտորական են պաշտպանել՝ լավ, պարզ է, իրենք են։ Սա բենթլի քշողներն են հայտարարություն անում՝ պարզ է, իրենց էլ գիտենք: Իրենք այն մարդիկ են, որ քիչ չէ՝ բենթլի են քշում այն պայմաններում, երբ երկրում տեղի են ունենում հայտնի իրադարձություններ, մի բան էլ այնպես են անում, որ իրենց բենթլիների համար հարկ չվճարեն, և դրա արդյունքում զինվորի և բանակի վրա ծախսվող գումարները չլինեն պատշաճ մակարդակի: Բանակի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն են հայտարարություն անում, սրանք նրանք են - ես մարդկանց արձագանքն եմ ասում - ովքեր զինվորի հացը գողացել են և իրենց համար դղյակներ և բարեկեցություն են կառուցել: ԱԱԾ նախկին գնդապետներն են հայտարարություն անում կամ բարձրաստիճան պաշտոնյաները՝ դա նրանք են, որ 25 կամ 30 տարի  մարդկանց գլխին գործ են սարքել»:

Հիմա փորձենք այս հատվածում Նիկոլ Փաշինյանի առաջադրած հռետորական հարցերին հերթով պատասխանել։ 

Մարդն այդպես էլ չի հասկացել, որ ժողովուրդ հասկացությունը կազմված է եւ իրենց ձայն տվող հավքարարից, եւ դասախոսից, եւ գիտնականից, եւ բիզնեսմենից, իր ասած էլիտայից, որին ինքը քամահրանքով «պսեւդոէլիտա» կոչում։ Մինչդեռ իրական էլիտան հենց այն խավն է, որը չի վախենում իշխանությանը քննադատելուց եւ տարանջատվում է ցածր իրավագիտակցություն ունեցող զանգվածից հենց դրանով․ որ տեսնում է վարչապետի պաշտոնը զբաղեցնողի սխալները, ստերը, կեղծիքը, մանիպուլյացիաները։ Հենց իրական էլիտան է, որ չի վախենում հետապնդումներից, աշխատանքը կորցնելուց, ֆեյսբուքյան քֆուրչիների ու իշխանակն ֆեյքերի հարձակումներից։ Այնպես որ պսեւդոէլիտան իր իմացած իշխանամետ մտավորականներն են, որոնք միշտ տաքուկ տեղավորվում են իշխանական կերակրատածտի շուրջ։ Եւ փառք աստծո, որ մեզանում կա մտավորականների մի հսկա շերտ, որը պատերազմից հետո սթափվեց եւ հայրենիքի շահն ու պետության գաղափարը վեր դասեց ամեն ինչից։ Ի դեպ, յուրաքանչյուր հասարակության հենց նման էլիտան է առաջնորդում, օրակարգ թելադրում, մտքի ու որակի հեղափոխություններ իրականացնում։ 

Երկրորդ․ Էլիտային, մտածող մարդկանց ժողովրդին հակադրելը, հասարակությանը իրեն համակրող անգիտակիցների եւ իրեն մերժող գիտակիցների ճամբարների բաժանելն ամենաչար գործն է, որ երկու տարուց ավելի իրականացրել է Նիկոլ Փաշինյանը «հաջողությամբ»։ Եւ մեր հանրային այս հակամարտությունը, թշնամանքն ու ատելությունը հենց նման եղանակով է նա սերմանել։ Եւ սա է մեր պարտության ու անկման հիմնական պատճառը, որն այդպես էլ չհասկացավ Փաշինյանը, չնայած սկսել է խոսել «հանրային համերաշխության» մասին՝ չգիտակցելով, թե ինքն ինչպես է ոչնչացնում այդ համերաշխությունը՝ իր յուրաքանչյուր լայվով ու հարցազրույցով։
Երրորդ․ Եւ այս հարցազրույցի ամենազազրելի մասը, որտեղ իբրեւ թե բնութագրում է իր հրաժարականը պահանջողներին․ «կաշառքով գնահատական դնողներ, գրագողությամբ թեկնածուական ու դոկտորական պաշտպանողներ, բենթլի քշողներ, զինվորի հացը գողացողներ,  25 կամ 30 տարի մարդկանց գլխին գործ սարքող ԱԱԾ-ականներ»։

Նախ, ցանկացած մասնագիտական խմբի մեջ էլ կան, կարող են լինել հանցագործներ։ Այնպես, ինչպես լրագրության մեջ եւ պատահական չէ, որ շատերը հենց իրեն՝ նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանին անվանում են «փողով հոդված տպող, ռեկետ ու շանտաժ անող»։ Եթե դու կարծում ես, որ կա մի խավ, որը մաքրամաքուր վարկանիշ ունի, սխալվում ես։ Իսկ նման տեքստ ասելով վարկաբեկում ու վիրավորում ես մի ամբողջ համքարության։ Բացի այդ՝ քո պաշտոնավարման երկուսուկես տարվա ընթացքում չկարողացար ոչ մի կաշառքով գնահատականի, գրագողությամբ թեկնածուականի, զինվորի հացը գողացողի կամ գործ սարքող քննիչի հայտնաբերել։ Առավել եւս՝ երբեք ԱԱԾ-ն այսքան կոպիտ քաղաքական չի եղել իշխանությունների ձեռքին, որքան հիմա է։ Այսինքն՝ այս մեղադրանքը «վնգստացող դատավորներ» շարքից է․ մի կողմից կարծես թե մեջը ճշմարտության հատիկ կա, բայց մյուս կողմից՝ կոնկրետ փաստ չկա։ Հրապարակախոսություն է, փիառ ու պոպուլիզմ, մանիպուլյացիա ու կռուտիտ։ Ինչպես ողջ հարցազրույցը։
Իսկ ինչ վերաբերում է՝ էլիտայի «ճգնաժամին»՝ երբ «այդքան մարդիկ, այդքան ինստիտուտներ հանդես են գալիս վարչապետի հրաժարականի պահանջով, ու մարդիկ դուրս չեն գալիս իրենց վերնախավի պահանջները պաշտպանելու»:

Ապա դրա պատասխանն էլ կա՝ մեր էլիտան փողոցներում թրծված, ակցիաների ու փողոց փակելու փորձ չունեցող էլիտա է, որն աշխատում է դասասենյակներում ու լաբորատորիաներում, վիրահատարաններում ու աշխատասենյակներում։ Նրանց համար դժվար է փողոցը գրավելու գործում անմրցելի ՔՊ-ականների ու սորոսականներրի հետ մրցելը։ Եւ առհասարակ՝ մեր էլիտան երբեւէ փողոցային պայքարում չի հաղթել իշխանություններին։ Նրա զենքը միտքն է, կիրթ ու գրագետ վերլուծությունը, տրամաբանությունն ու առողջ դատողությունը։ Եւ մի բան էլ՝ էլիտաները երբեք կազմակերպվածությամբ աչքի չեն ընկնում։ Նրանց շատ ներկայացուցիչներ անգամ ապաքաղաքական են ու ապակուսակցական։