1941-ից 2020

1941-ից 2020

Արցունքները սառել են հայերի աչքերում, այլեւս ուժ չի մնացել լսելու նոր զոհերի մասին։ Համացանցը հեղեղված է նրանց նկարներով, նրանց մասին պատմություններով, նրանց ուղղված հարգանքի ու սիրո, ափսոսանքի ու վշտի խոսքերով։ Քայլեք Երեւանի փողոցներում՝ ժպտացող մարդ չկա, բոլորը մտահոգ են ու տխուր, անգամ երեխաներն են անաղմուկ դարձել ու խաղաղվել։ Վստահ եմ՝ այս օրերին հանցագործություններ էլ չեն կատարվում երկրում, բացի քովիդից՝ մյուս հիվանդություններն են նահանջել։ Ռազմական դրության ժամանակ ոչ միայն պետությունն ու պետական ռեսուրսներն են մոբիլիզացվում, հասարակությունն էլ է ձգվում եւ հասունանում։ Այսպես, հավանաբար, եղել է Հայրենական մեծ պատերազմում, երբ 600 հազար հայ է մասնակցել, որոնցից 314 հազարը զոհվել է կամ անհետ կորել, 100-ից ավելի հերոս ենք ունեցել, 80 հազարը տարբեր մեդալներով ու շքանշաններով է պարգեւատրվել։ Պատերազմից հետո մենք 150 հայ գեներալ ենք ունեցել։ Այսինքն, նոր սերնդի հերոսականությունն արտառոց չէ, այն գալիս է պատմության խորքերից եւ մեր գեների մեջ է նստած։ Մեր պապերն ու հայրերն իրենց կյանքը չեն խնայել մի մեծ երկրի համար, որը կարող էին նաեւ իրենց հայրենիքը չհամարել։ Բայց եթե ստալինյան սովետում մարդու կյանքը գրոշի արժեք ուներ, եւ 20 միլիոն զոհն այդ երկրի բնույթի ու էության իրական արտահայտությունն էր, ապա այժմ՝ 21-րդ դարում, մենք չենք կարող մեր երիտասարդների կյանքը շռայլել, նրանց ոսոխին մատաղ անել ու հանգիստ ապրել։ Նրանց հոգիները լույսի մեջ են լինելու, բայց մեր հոգիներն այլեւս երբեք խաղաղություն չեն գտնի այս կորստի ցավից։ Մենք պիտի ամեն ինչ անենք, որ վաղն ինքներս մեզ չմեղադրենք վճռական պահին լռելու, մահվան ալիքը չկանգնեցնելու, մեր լուսավոր զավակներին չփրկելու համար։