Վախեցած Ադրբեջան

Վախեցած Ադրբեջան

Հակառակորդի ռազմական գերատեսչությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին լայնածավալ զորավարժությունների շրջանակներում ուսումնա-մարտական առաջադրանք կատարելու համար տեղակայման  վայրեր են դուրս բերվել հակաօդային պաշտպանության համակարգեր, որպեսզի «ապահովեն բնակավայրերի, տարբեր նշանակության օբյեկտների եւ կենդանի ուժի պաշտպանությունը պայմանական թշնամու օդային հարձակումից»:

«Պայմանական թշնամի» ձեւակերպումն, ինչ խոսք, միայն դիվանագիտական այլասացություն է: Ադրբեջանում չեն թաքցնում, որ զորավարժություններն ուղղված են Արցախի եւ Հայաստանի դեմ եւ հետապնդում են հայկական պաշտպանությունը հնորավորինս մեծ խորությամբ հրթիռա-հրետանային հուժկու հարվածներով խոցելու նպատակ: Այս համատեքստում, որքանով թույլ են տալիս դիտարկումները, վերջին տարիներին առաջին անգամ է, որ Ադրբեջանը զորավարժություններին ներգրավում է նաեւ ՀՕՊ համակարգեր: Դա, անշուշտ, պայմանավորված է նրանով, որ հայկական կողմը ձեռք է բերել, փորձարկել եւ մարտական հերթապահության դրել Սու-30Մ արդիական կործանիչներ:

Ակնհայտ է, որ Ադրբեջանում հաշվարկել են հավանական պատերազմում հայկական օդուժի հնարավորությունները: Եւ արդեն իսկ մշակվում են օդային հարձակումներին հակազդելու տարբերակներ: Որքանո՞վ է ունակ ադրբեջանական ՀՕՊ-ը՝ կասեցնելու հայկական օդուժի պատասխան հարվածները՝ ռազմական ոլորտի մասնագետների իմանալիքն է: Փաստ է, որ Ադրբեջանը վախեցած է: Ընդսմին, ի տարբերություն անցած զորավարժությունների, այս վերջինը մամուլում լայնորեն չի լուսաբանվում: Հավանաբար, Բավում սպասված արձագանքի չեն արժանացել: Քաղաքագետ Էլխան Շահինօղլուն, մասնավորապես, դժգոհում է, որ համանախագահներն անուշադրության են մատնել անցկացվող զորավարժությունները: Դրանից նաեւ հետեւություն է արել, որ «ռազմական գործողությունների վերսկսումը չափազանց ռիսկային է, քանի որ միջազգային աջակցություն չի ունենա»: