Եթե ուզում ես համագործակցել, պետք է նրանց հետ ընկերություն անես

Եթե ուզում ես համագործակցել, պետք է նրանց հետ ընկերություն անես

Հարցազրույց կոմպոզիտոր, դաշնակահար Դավիթ Բալասանյանի հետ


- Դավիթ, ըստ Ձեզ, կոմպոզիտորի մասնագիտությունն այսօր պահանջարկ ունի՞ Հայաստանում։ 

- Խորհրդային տարիներին եւ այսօր կոմպոզիտորն ասոցացվում է հայ մեծերի հետ՝ Բաբաջանյան, Խաչատրյան․․․, եւ կոմպոզիտոր լինելու համար, չգիտես ինչու, պետք է համապատասխանես այդ չափանիշներին։ Ասում եմ այն մարդկանց տեսանկյունից, որոնց կարող ենք հանդիպել, օրինակ, հասարակական տրանսպորտում, երբ այն հարցին, թե ինչով ես զբաղվում, ասես՝ կոմպոզիտոր ես, առաջինն իրենց մտքին կգա Խաչատրյանը, իսկ եթե ասես մարդկանց, ովքեր ճանաչել են Բաբաջանյանին, նրանք անպայման կշեղվեն քո անձից եւ կպատմեն, թե երբ կամ ինչ պայմաններում են հանդիպել նրան, խմել ու հաց կերել միասին։ Սովետական իշխանության օրոք կար պետական ագիտացիա, որի արդյունքում ամենահասարակ գյուղացին պարտավոր էր ներգրավվել մշակութային զանազան միջոցառումների մեջ, եւ ռադիոն, հեռուստատեսությունն այդ ագիտացիան անում էին լավագույնս։ Այդ է պատճառը, որ հասարակությունը միշտ գիտեր իր «հերոսներին», որոնցից շատերը մնում էին հզոր գրաքննության սրի տակ, իսկ հաճախ աքսորվում Սիբիր կամ սպանվում։ Հիմա այդ նույն հասարակությունն իներցիայով ու նոստալգիկ զգացողությամբ սպասում է նոր Խաչատրյանների՝ միեւնույն ժամանակ չցանկանալով ճանաչել իր ժամանակակիցներին։     

- Մեզանում տարածված է այն մտածողությունը, որ արվեստի մարդը չպետք է մտածի գումարի մասին. այսօր է՞լ է այդպես:  

- Հանրային հեռուստաընկերությամբ կար բավականին պոպուլյար մի հաղորդաշար, կոչվում էր «Ճանապարհորդ»։ Ինձ հետ կապվել էր այդ թիմից մեկը, ով ցանկություն հայտնեց նաեւ իմ երաժշտությունն այդ ֆիլմում օգտագործել՝ նշելով, որ չեմ վճարվելու, եւ միայն անունս կլինի տիտրերում․․․։ Ես անմիջապես պատկերացրի, թե այդ մանր տիտրերը որքան արագ են սահելու ֆիլմի վերջում, եւ, չունենալով որեւէ ֆինանսական հետաքրքրվածություն, հրաժարվեցի։ Մեզանում ոչ միայն կոմպոզիտորներն են թերագնահատված, կա արվեստագետների մի մեծ բանակ, որոնց աշխատանքը մենք շատ ցածր ենք գնահատում։ Ես տասը տարի աշխատել եմ ռեստորանում՝ որպես երաժիշտ, ուր աշխատավարձս, անտեսելով գնաճը, երբեք չի բարձրացել։ Եվ, ինչպես ուսուցիչս է ասում, մենք գնում ենք թանկարժեք հեռախոսներ, կենցաղային իրեր, բայց միշտ ուզում ենք խնայել երկու կարեւոր բանի վրա․ կրթության ու բժշկության։    

- Ֆիլմերի երաժշտությունից խոսեցիք եւ հիշեցրիք ինձ անհանգստացնող մի հարց։ Երեխաս խորհրդային տարիներին նկարահանված մուլտֆիլմերի սիրահար է, նրա միջոցով ինքս ինձ համար բացահայտել եմ, որ մուլտերի մեծ մասում կոմպոզիտորներն ու օպերատորները հայեր են։ Եվ կար ժամանակ, երբ համագործակցում էին գործող կոմպոզիտորի, նկարչի հետ։ Ինչո՞ւ այսօր չկա համագործակցություն ժամանակակից ստեղծագործողի հետ, եւ օգտագործվում են արդեն պատրաստի ձայնագրություններ կամ ձայնագրությունների համադրումներ։ 

- Համագործակցության վերաբերյալ վերջերս հարց տվեցի ռեժիսոր Ռուբեն Բաբայանին, խմբավար Սոնա Հովհաննիսյանին, ովքեր ուղիղ կապի միջոցով պատասխանում էին ունկնդիրների հարցերին․ զրույցի թեման «Թատրոն եւ երաժշտություն»-ն էր։ Հարցրեցի՝ ինչո՞ւ են հայազգի թատերական ռեժիսորները խուսափում այդ կապից, խուսափում մեր օրերում հայ հեղինակի կողմից գրվող արդի երաժշտությունից։ Որպես կանոն, ներկայացումներում օգտագործվում են ձայնագրություններ համացանցից՝ երբեմն առանց պահպանելու դրանց հեղինակային իրավունքները, իսկ կապը հայ հեղինակի հետ այդպես էլ չի կայանում, հատուկենտ բացառություններով, իհարկե։ Պատճառը, ըստ իս, թատրոնների ֆինանսների սղությունն է կամ երաժշտության հեղինակին գումար վճարելու ցանկության բացակայությունը։ Ու երկուսից ստացա գրեթե նույն պատասխանը, որ եթե ուզում ես համագործակցել, պետք է ռեժիսորների հետ ընկերություն անես ու ինքդ լինես նախաձեռնող։ 

- Կարծում եմ՝ սա բոլոր ժամանակներին բնորոշ երեւույթ է։ Ձեր կողմից՝ մի քանի հարցազրույցներում, նշված Ֆելինին կամ Բերտոլուչին գրեթե միշտ աշխատում էին նույն թիմով։ Ամեն մեկն ուներ իր սիրելի օպերատորը, կոմպոզիտորը, սցենարիստը, եւ նույնիսկ դերասանական թիմն էր անընդհատ կրկնվում։ Ուղղակի այսօր գուցե կրթական մակարդակը, գեղագիտական մոտեցումներն են շատ զիջում։

- Իհարկե, Ֆելինին, Բերգմանը, Տարկովսկին ու շատ-շատերը հաճախ էին աշխատում նույն մարդկանց հետ, նույն թիմով։ Սա արդարացված է, երբ խոսքը գնում է հեղինակային արվեստի մասին, որտեղ կինոն մշակույթ է։ Բայց մենք հաճախ մշակույթը բիզնեսի տեսանկյունից ենք դիտում։ Մեզ ավելի շատ հետաքրքրում է, թե քանի տոմս կվաճառվի, ու ինչից որքան եկամուտ կունենանք։ Դա է պատճառը, որ պետական աջակցությունն արվեստի ՊՈԱԿ-ներին, ստեղծագործական միություններին հասցված է մինիմումի կամ ընդհանրապես բացակայում է։ Վառ օրինակ․երբ բացվեցին ռեստորաններն ու սրճարանները, առանց այդ էլ քիչ հաճախելի թանգարաններն ու թատրոնները մնացին փակ։ Այնինչ կարելի է Գերմանիայի օրինակով, ապահովելով սոցիալական հեռավորությունը, կահավորել համերգասրահները՝ պարետի նորմերին համապատասխան, եւ դրանով իսկ որոշակիորեն լուծել այս օրերին գործազուրկ բազմաթիվ արվեստագետների հացուջրի հարցը։ Այսօր մեր կրթական մակարդակը շատ ցածր է, որի արդյունքում անգամ միմյանց չենք հանդուրժում, շատ ենք մանրացել, ու շատ դեպքերում դա մեր փողոցային, բանակային բիրտ բարքերով է պայմանավորված։ 

- Դավիթ, այսօր Հայաստանում «արվեստի ազատ գործիչ» հասկացության պատկերացում եւ կիրառություն կա՞։ Արդյոք արվեստում freelancer երեւույթը ե՞ւս կա։ Սա արվեստագետի կողմից ընտրված՝ այս տիրույթում լինելու ձե՞ւն է, թե՞, քանի որ արվեստի հանդեպ չկա համապատասխան վերաբերմունք, եւ մարդիկ հայտնվում են արվեստի ազատ գործչի կարգավիճակում ՝ չունենալով այլընտրանք, ավելի շատ այդ բառի տակ պատսպարվելու միջոց։

- Կարծում եմ՝ բոլոր արվեստագետներն էլ ազատ են, պետությունն առանձնապես բան չի անում ազատ արվեստագետի համար, բայց չի էլ վերահսկում։ Կան, իհարկե, բացառություններ, օրինակ՝ երբ քո լեզուն կարճ է, որովհետեւ ունես վերադաս, ով այս կամ այն քաղաքական թիմի կողմնակիցն է։ Բայց ես համաձայն եմ Ձեզ հետ, որ, չունենալով այլընտրանք, արվեստագետները մեր օրերում այդ բառի տակ երբեմն պատսպարվում են, որովհետեւ շատերն ընդհանրապես զրկվել են աշխատանքից։ Ինձ թվում է՝ արվեստագետը, որն ի սկզբանե ձգտում է ազատության՝ ինքնարտահայտման արվեստի միջոցով, ավելի շատ հակված է լինել արվեստի ազատ գործիչ։ Հատկապես երիտասարդները կարողացել են freelance-ի շնորհիվ ինքնադրսեւորվել, ու դա տվյալ արվեստագետի այդ վիրտուալ հարթակներում անցկացրած աշխատանքի շնորհիվ է, այլապես Հայաստանում ամեն ինչ վերջնականապես կճահճանար։ Բայց դրա համար արվեստագետը պետք է լինի գերակտիվ, հաճախ՝ ի հաշիվ անձնական կյանքի։ Ավելի երիտասարդներն ավելի ճկուն են, ու նրանք շատ ավելի ազատ են տիրապետում թվային աշխարհին։ Կա նաեւ մեկ այլ հասկացություն՝ Soft skills, ճկուն հմտություններ, երբ դու, լինելով մի մասնագիտության տեր, կարողանում ես ադապտացվել իրավիճակին եւ հմտություններդ օգտագործել մեկ այլ ոլորտում, որն առաջին հայացքից քեզ հետ որեւէ առնչություն չունի, բայց որի շնորհիվ հմտություններդ հեշտորեն համադրում ես ու երբեմն համադրում չհամադրելին։ Ամեն դեպքում, կատարելապես ազատ արվեստագետ գոյություն չունի։ 

- Պե՞տք է արդյոք պետությունն աջակից լինի արվեստի ազատ ներկայացուցիչներին՝ մարդկանց, ովքեր ներկայացնում են ազգային դիմագիծ։ Այսօր աշխարհում եւ Հայաստանում՝ կորոնավիրուսով պայմանավորված, ազատ ստեղծագործողները ֆինանսապես ամենախոցելիներից են։ Տարբեր սերունդներ տարբեր կերպ են արձագանքում ստեղծված իրավիճակին, երիտասարդները միավորումների ստեղծման առաջարկ են անում, ավելի ավագ սերունդն արվեստի օրենքի հաստատում է ենթադրում։ Ո՞րն է այս խնդրի Ձեր լուծումը։

- Ինձ համար երկու տարբերակներն էլ ընդունելի են, լավ կլինի երկուսն իրար հետ համադրելը։ Համախմբող կառույց է պետք, որն իր արվեստագետներին կճանաչի անունառանուն ու նմանօրինակ իրավիճակներում սատար կկանգնի, ինչպես արեց Գերմանիայի կանցլերը։ Արվեստագետներին երբեք չի հաջողվել համախմբվել, ու այդ համախմբող ուժը կարող է դառնալ պետությունը։ Այդ դեպքում արվեստագետը ոչ թե կխոսի անձնական խնդիրներից ու չգնահատված լինելուց, այլ բոլորը գլոբալ արվեստի շուրջ քննարկումներ կծավալեն, կլինեն գործնական քայլեր՝ միտված ապագային։ Մենք հաճախ որոշում ենք ու չենք անում, պետք է որոշել ու անել։ Երիտասարդները նոր ձեւերով են փորձում լուծել այս խնդիրները։ Նրանցից շատերը դեմ են հին տեսակի ստեղծագործական միություններին եւ ուզում են լինել նոր, ավելի ճկուն, ակտուալ, համագործակցության համար բաց միավորումներ։ Ստեղծագործական միություններում, ինչպես միշտ, տխուր վիճակ է, կարելի է ասել՝ նրանք դանդաղ մեռնում են։ Պետությունն անտարբեր է միությունների հանդեպ եւ ոչ մի բանով չի պատրաստվում աջակցել, որովհետեւ մշակույթի հանդեպ էլ է միշտ անտարբեր եղել եւ ինչ-որ բան արել է, որովհետեւ չէր կարող չանել։ Այս օրերին միություններն անճարությունից դիմում են միության անդամներին, որպեսզի նրանց աջակցությամբ հնարավոր լինի պետական տուրքերն ու կոմունալ ծախսերը փակել։ Մի խոսքով, մեզ պետք են միություններ, որտեղ երիտասարդներին անվճար կտրամադրվեն տարածքներ՝ ամենախելառ էքսպերիմենտներն իրագործելու համար, ուր կգործի սրճարան, կլինեն գործող գրադարան, ձայնադարան, ձայնագրման ստուդիան կլինի ավելի հասանելի, բայց քանի որ երիտասարդները, ինչպես միշտ, մղված են ետին պլան, դեռ երկար տարիներ ոչինչ չի փոխվելու։ Ու հարց է ծագում՝ ո՞վ է գործը շարունակելու եւ ո՞վ է այս ամենը ժառանգելու։

- Արվեստի մարդուն աջակցելու մշակույթն աշխարհում վաղուց ձեւավորված երեւույթ է՝ Մեդիչիներից մինչեւ Ցուկերբերգ։ Ի՞նչ կամ ինչպե՞ս պետք է անել, որ ֆինանսապես ապահով խավն օգտակար լինի արվեստագետին, ունենա միտում՝ աջակցելու արվեստի ոլորտին, կրի այդ գիտակցումը: Պետական ուղղորդո՞ւմ պետք է լինի, մեդիադա՞շտը պետք է փոխվի, ի՞նչ կարեւոր օղակներ պետք է օգտագործել, որ մեր մտածողությունը խորովածից վերածվի հոգեւոր սննդի։ 

- Չեմ կարծում, որ մեծահարուստներն օրուգիշեր մտածում են, թե ինչ լավ բան անեն արվեստի համար։ Պետությունը մեծահարուստներին պետք է առաջարկի մի այնպիսի շահավետ տարբերակ, որի արդյունքում կշահի նաեւ մեր մշակույթը։ Սակայն պետության համար ավելի շատ հարկ գանձելն ավելի նախընտրելի է, որովհետեւ մշակույթը պետության համար երբեք չի եղել գերակա շահ։

Վերջերս եղա Արտաշատի եկեղեցիներից մեկում, որի շրջակայքը խոտածածկ է, ցանկացանք պառկել խոտերին, եւ իսկույն մեզ մոտեցավ մի մարդ ու ասաց՝ չի կարելի։ Հարցրի՝ ինչո՞ւ, ասաց՝ չգիտեմ․․․։ Հայաստանում «չի կարելի»-ները շատ են, դրանից ընկճվածություն է առաջանում, կարծես դու քո երկրի տերը չես, ուր գնում ես, կաշկանդված ես, ոչինչ քոնը չէ։ Օրինակ՝ Սիրահարների այգու գազոնը քոնը չէ, չես կարող վրայով քայլել։ Եղածը խոտ է, բայց դա էլ է անհասանելի։ Չես կարողանում վայելել քո հայրենիքը, քաղաքը, որ գնալով ավելի քիչ ես սիրում։ Երեւանն ինձ այլեւս հոգեկան ներդաշնակություն չի տալիս։ Ավելի շատ էներգիա է ինձնից պահանջում, որպեսզի դիմակայեմ, պաշտպանվեմ այս կամ այն երեւույթի դրսեւորումներից։


Զրուցեց Սոնա ՎԵՐԴՅԱՆԸ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ