Հայկական բանակն այնպիսի վիճակում չէ, ինչպիսին ներկայացնում են

Հայկական բանակն այնպիսի վիճակում չէ, ինչպիսին ներկայացնում են

Ցանկացած պատերազմից հետո պատերազմող կողմերի բանակները կրում են զգալի կորուստներ՝ մարդկային եւ զինտեխնիկայի: 44-օրյա պատերազմը նույնպես կորուստներ պատճառեց կողմերին. ոչ միայն հայկական, այլեւ ադրբեջանական բանակը կրեց ծանր կորուստներ: Պատերազմից հետո Ադրբեջանն անցավ իր բանակի վերականգնման գործին: Իսկ Հայաստանում փաշինյանական իշխանությունը զբաղված է բացառապես մանիպուլյացիաներով՝ արդարանալով, պատերազմի պարտության մեղքը բարդելով նախկինների, բանակի, արտաքին գործընկերների, գործարարների, մի խոսքով՝ բոլորի վրա: Մինչ Ալիեւն իր բանակը նոր բայրաքթարներով ու ԱԹՍ-ներով է համալրում, Փաշինյանը զարկ է տալիս կանեփի արտադրությանը: Փաշինյանը հասարակությունից վեց ամիս խնդրեց՝ երկիրը ոտքի հանելու համար:

Տրամաբանական կլիներ, որ նա առաջին հերթին զբաղվեր բանակի վերականգնմամբ, քանի որ, ակնհայտ է՝ պատերազմը դեռ չի ավարտվել: Դրան պետք է ուղղվեր երկրի պետբյուջեի զգալի մասը: Սակայն այդ առումով Փաշինյանը ոչինչ չարեց, բյուջեն շարունակում է մսխվել պաշտոնյաների պարգեւավճարների վրա, բանակը համալրելու փոխարեն ամեն ինչ անում է այն թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես թուլացնելու ուղղությամբ: Զինվորականների շրջանում մեծ դժգոհություններ կան այն տարածվող թեզի վրա, թե մեր բանակն այնքան է թուլացած, որ անգամ 200 հոգանոց դիվերսիոն խմբի ներթափանցումը հնարավոր չէ կանգնեցնել: Դրա համար էլ թշնամին մտնում է ու մեր տարածքից գերեվարում մեր զինվորներին, սպանում:

Բանակը ներսից լավ իմացող բարձրաստիճան զինվորականներից շատերը թեեւ չեն բարձրաձայնում եւ չեն ուզում հրապարակավ հանդես գալ, սակայն վստահեցնում են, որ հայկական բանակը դեռեւս ունի ռեսուրսներ, ունի հնարավորություն՝ գոնե սահմանային միջադեպերը հավուր պատշաճի լուծելու համար: Սակայն իրենց հրահանգված է թշնամուն ոչ մի դիմադրություն ցույց չտալ, չկրակել, չտրվել «սադրանքների»: Իսկ հասարակության մեջ դա մեկնաբանվում է՝ իբրեւ թե բավականաչափ ռեսուրս չունենք: Սա սխալ քարոզչություն է, որը տարածվում է բանակի նկատմամբ: Ըստ մեր աղբյուրի՝ բանակն ունի ռեսուրսներ, որոնք ճիշտ կառավարելու եւ ճիշտ համալրելու դեպքում կարելի է մեծացնել եւ շատ արագ այն բերել բարձր պատրաստվածության:

«Հրապարակի» զրուցակից զինվորականը վստահ է, որ երկրի իշխանությունը կարող է դրսում եւ Հայաստանում ապրող հայ մեծահարուստների օժանդակությամբ շատ արագ լուծել սպառազինության հարցը, իսկ օլիգարխները ոչ թե Աննա Հակոբյանի հիմնադրամներին մեծ գումարներ մուծեն, այլ՝ բանակին: Միակ խոչընդոտն այն է, որ այս իշխանությանն այլեւս ոչ ոք փող չի վստահի՝ տեսնելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի փողերի յուրացումը ՀՀ կառավարության կողմից։ 

Բանակի նկատմամբ այդ քարոզչությունն իշխանական շրջանակների կողմից տարվում է, որպեսզի արդարացնեն  իրենց կողմից նոր պայմանագրերի ստորագրումը, որոնց հիման վրա Ադրբեջանին տարածքներ են տրվելու նաեւ ՀՀ տարածքից: Մոտիվացիան այն է, թե տեսեք՝ բանակ չունենք, որ դիմադրենք, թշնամու մուտքը կասեցնենք, մենք էլ ստիպված գնում ենք թշնամու «խաթրով». մի քիչ՝ այստեղից, մի քիչ՝ այնտեղից տալիս ենք «փլատակ», «ամայի», «անմարդաբնակ» հողատարածքներ, որոնք «մերը չեն եղել»…