«Ստուգողական կրակոցը» Ստեփանակերտի՞ ուղղությամբ էր

«Ստուգողական կրակոցը» Ստեփանակերտի՞ ուղղությամբ էր

Regnum-ի մեկնաբանը, հղելով որոշ հայ փորձագետների, որոնք Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի երեկվա «գաղտնազերծումը» կապում են Արցախի նախագահական ընտրությունների հետ, ասում է. «Այդպես է դա, թե ոչ՝ դժվար է ասել: Հնարավոր է, իրադարձությունները համընկել են, իսկ գուցե՝ ոչ»: Ավելին պետք չէ ասել:

Սույն լրատվամիջոցն ունի Ռուսաստանի ԱԳՆ ոչ պաշտոնական խոսափողի, իսկ մեկնաբանը՝ ԼՂ հարցով ամենաիրազեկ փորձագետներից մեկի համարում: Եւ նրա ասածից հասկացվում է, որ արտգործնախարար Լավրովի բացախոսությունը պայմանավորված է Արցախի նախագահի ընտրությամբ Ռուսաստանի հետաքրքրվածությամբ: Իսկ եթե նկատի ունենանք, որ Լավրովը մեկնաբանություն արել է ադրբեջանական Trend գործակալության թղթակցի հարցադրմանն ի պատասխան, ապա, թերեւս, կարելի է ասել, որ Ստեփանակերտի ուղղությամբ «ստուգողական կրակոց» Մոսկվան արել է Բաքվի խնդրանքով: Պատասխանը չուշացավ. Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը հրապարակել է ԼՂ կարգավորման յոթ սկզբունքներ, որոնք դրվելու են նրա կառավարության արտաքին քաղաքականության հիմքում: Գուցե Ռուսաստանը հենց դա էլ ուզու՞մ էր լսել: Նույն մեկնաբանությամբ հեղինակն արձանագրում է, որ Եվրոպայի «նուրբ փորատակը» Բալկաններից տեղաշարժվել է արեւելք՝ Հարավային Կովկաս:1990-ականներին Ռուսաստանը տանուլ տվեց «բալկանյան ճակատամարտը»: Հարավսլավիան մասնատվեց, ՆԱՏՕ-ն Սերբիայից զենքի ուժով անջատեց Կոսովոն: Լեռնային Ղարաբաղն անկախություն հռչակել եւ Ադրբեջանի զինված ագրեսիան կասեցրել է առանց ուժային որեւէ կենտրոնի աջակցության: Տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռությունը պայմանավորված է Արցախի սուբյեկտությամբ: