Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից հետո հնարավո՞ր է գեյերի ամուսնություն

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից հետո հնարավո՞ր է գեյերի ամուսնություն

Բազմաչարչար Ստամբուլյան կոնվենցիայի թեման երեկվանից նորից փոթորկել է «հայու գենի» ջատագով հանրությանը։ Եվրոպացի գործընկերների այցը Հայաստան եւ կոնվենցիայի վերաբերյալ փակ հանդիպումը հայ երեսփոխանների հետ վաղ առավոտից ոտքի էր հանել ավանդական ընտանիքի պահապաններին։ Մինչ քննարկումը կսկսվեր, ԱԺ դարպասների դիմաց բողոքի ցույց էր կազմակերպել կոնվենցիայի վավերացման դեմ արդեն ամիսներ շարունակ ստորագրահավաք անող Վահագն Չախալյանի «Կամք» ՀԿ-ն։

Փակ հանդիպումն անցկացվում էր ԱԺ պետաիրավական, արտաքին հարաբերությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։ Հյուրերն էին՝ ԵԽ կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի անդամները, Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահը, ԵԽ Մարդու իրավունքների եւ գենդերային հարցերի գրասենյակի ղեկավարը եւ այլք։ Մենք պարզեցինք, որ քննարկումից դեռեւս մեկ օր առաջ «Իմ քայլում» հրատապ հավաք է կազմակերպվել եւ հատուկ հանձնարարություն տրվել, որ իշխանական պատգամավորները պետք է մաքսիմալ չեզոքություն պահեն եւ չդառնան կոնվենցիայի լոբբիստներ՝ հաշվի առնելով հանրության շրջանում կոնվենցիայի նկատմամբ հակասական ընկալումները։ Ըստ այդմ էլ քննարկման «վերահսկող» է նշանակվել Ռուբեն Ռուբինյանը, ում իշխանությունը պատվիրակել է եվրոպացի գործընկերներին հղել իրենց ողջ ասելիքը։ Բանն այն է, որ մինչեւ խորհրդարանի օրակարգ բերելը, կոնվենցիան պետք է անցնի Սահմանադրական դատարանով եւ ստանա ՍԴ-ի եզրակացությունը՝ համապատասխանո՞ւմ է այն Մայր օրենքին, թե՞ ոչ։ Ուստի մինչ այդ հարկավոր է պահել լռություն եւ չդառնալ ԼԳԲՏ-ականների ու գեյերի պաշտպանը։ Իսկ եթե, այնուամենայնիվ, կոնվենցիան հասնի խորհրդարան, ապա, ունենալով բացարձակ մեծամասնություն, կարելի է վավերացնել՝ առանց այն երկրպագության առարկա դարձնելու։

Ինչպես եւ պլանավորել են, իմքայլականներն աննախադեպ զուսպ են եղել քննարկմանը, այն աստիճան, որ կոնվենցիայի վավերացման ջատագով Մարիա Կարապետյանն անգամ հարց չի տվել, կարծիք չի հայտնել։ Փոխարենը ջախջախիչ գրոհ են ձեռնարկել ԲՀԿ-ականները, առաջամարտիկը եղել է Գեւորգ Պետրոսյանը։ Առաջին հարցը հնչեցրել է Նաիրա Զոհրաբյանը, ով տեղեկացրել է, որ ԱԺ մատույցներում հանրության զգալի հատված բողոքի ակցիա է կազմակերպել կոնվենցիայի վավերացման դեմ, եւ հենց նրանք էլ իրեն լիազորել են ուղղել հետեւյալ հարցը․ «Մենք ունենք Քրեական օրենսգիրք, ընտանիքում բռնությունը կանխարգելող օրենք, ինչո՞վ չի լուծում մեր օրենսդրությունը ձեր բարձրացրած մտահոգությունները, որ մտադրություն կա լրացուցիչ մեխանիզմների կիրառման»։ Զոհրաբյանը տեղեկացրել է նաեւ, որ ընտանեկան բռնության մասին օրենքից հետո ինքը պաշտոնական հարցմամբ պարզել է, որ ավելացել է կանանց թիվը, ովքեր օրենքով իրենց պաշտպանված չզգալով՝ դիմում են ոստիկանություն։ Այսինքն՝ օրենքը հրաշալի աշխատում է, ուստի ինչո՞ւ է պետք նոր գործիքաշար ավելացնել։ Հարցին պատասխան չեն ունեցել։

Գեւորգ Պետրոսյանն է շարունակել Զոհրաբյանի հնչեցրած միտքը ու փորձել ճշտել՝ ՀՀ օրենսդրության այդ ո՞ր նորմն է բացակայում ընտանեկան եւ ընդհանրապես բռնությունները պատժելու հարցում, որ դրա բացակայությունը կարող է լրացվել բացառապես կոնվենցիայով: Կա՞ արդյոք վիճակագրություն, գոնե մեկ դեպք Հայաստանում, որ ենթադրյալ բռնության ենթարկված կինը դիմել է ոստիկանություն, եւ քրեական գործի հարուցումը մերժվել է բռնության համար պատասխանատվության ենթարկելու նորմի բացակայության պատճառով․ դարձյալ պատասխան չի հնչել, ավելի ճիշտ՝ լղոզել են, թե բոլոր դեպքերում միջազգային կոնվենցիաները շատ ավելի գերակա փաստաթուղթ են, քան տվյալ երկրի օրենսդրությունը։

Իմքայլականները հիմնականում լռել են, միայն Ռուբեն Ռուբինյանն է վերջում հստակ բացատրություններ պահանջել՝ հարցնելով, թե այս փաստաթղթի ընդունումից հետո հնարավո՞ր է գեյերի ամուսնություն։ «Ասացին՝ ոչ»,- տեղեկացրեց մեր աղբյուրը։ Հնարավո՞ր է գեյերը ստանան որդեգրելու իրավունք՝ «ոչ», տրանսգենդերներն արտոնություններ կունենա՞ն՝ «ոչ»։ Այս հարցուպատասխանից հետո Ռուբինյանը, այդուհանդերձ, փոխանցել է, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է եւ ինքն է որոշելու՝ կոնվենցիան վավերացնե՞լ, թե՞ ոչ։
Նիստից հետո ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանն այլ մանրամասներ էլ ներկայացրեց․ «Ասել եմ՝ հիմա, ըստ Ձեզ, կոնվենցիայում սեռ ասելով նկատի ունեք տարբե՞ր սեռեր, թե՞ նույն սեռի մարդկանց։ Որեւէ ձայն չեղավ: Սա նշանակում է, որ երբ կոնվենցիան վավերացնենք, երկու համասեռամոլ գնալու են՝ իրենց սերը «սրբագործեն» ԶԱԳՍ-ում, իսկ եթե հանկարծ այդ մարմինը մերժի նրանց ամուսնության գրանցումը, վազելու են վարչական դատարան՝ ԶԱԳՍ-ի անգործությունը վիճարկելու պահանջով»: «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ վստահեցրեց, որ կոնվենցիայի նպատակն է պայքարել ընտանիքում կնոջ նկատմամբ բռնության դեմ, եւ այն որեւէ պետության չի պարտադրում եւ չի էլ պարտադրելու օրինականացնել մեկ սեռի ամուսնությունը կամ նրանց երեխա որդեգրելու հնարավորություն ընձեռել։ ««Զուգընկեր» բառի օգտագործումը նշանակում է այն դեպքերը, երբ մարդիկ առանց ամուսնությունը գրանցելու, այսինքն՝ կինը եւ տղամարդն ապրում են իրար հետ։ Եթե զուգընկերը մեկնաբանենք որպես բացառապես նույն սեռի ներկայացուցիչ, ապա՝ այո։ Բայց նման մոտեցում չկա»,- հավելեց Վլադիմիր Վարդանյանը։ Նա հիշեցրեց, որ Հայաստանը ԵԽ անդամ է. «Մենք չպետք է դասվենք այն պետությունների շարքին, որոնք վերածվում են պրոբլեմատիկ երկրների՝ այս կամ այն կազմակերպության համար։ Նախապես ասեմ, որ որպես օրինակ՝ Ադրբեջանը չի վավերացրել եւ չի էլ ստորագրել։ Չէի ուզի, որ որեւէ հարցում Ադրբեջանի հետ նույն շարքում լինեինք»։ Ի դեպ, «Լուսավոր Հայաստանից» որեւէ ներկայացուցիչ չէր մասնակցում քննարկմանը, Էդմոն Մարուքյանը փոխանցեց, որ Ջավախքում է, Անի Սամսոնյանը՝ Գյումրիում, Տարոն Սիմոնյանը՝ արտերկրյա գործուղման։

ՀԳ․ Վլադիմիր Վարդանյանին հարցրինք՝ եթե հանրությունից թաքցնելու բան չկա, ու կոնվենցիան էլ «բոբո» չէ, ինչո՞ւ էիք փակ քննարկում կազմակերպել։ Ասաց, թե աշխատանքային քննարկում է։ Բայց նման բազում քննարկումներ են անցկացնում, պնդեցինք, որ այդ հարցի շուրջ կա հանրային ընդվզում, սակայն Վարդանյանը մեզ մեղադրեց հարցն «էմոցիոնալ» ներկայացնելու եւ նման տրամադրություններ առաջացնելու համար։