Ալիևը «կաշառու՞մ» է․ Ադրբեջանում ԶԼՄ-ներն այլևս հարկեր չեն վճարի

Ալիևը «կաշառու՞մ» է․ Ադրբեջանում ԶԼՄ-ներն այլևս հարկեր չեն վճարի

Ադրբեջանում ԶԼՄ-ները ազատված են շահութահարկից, եկամտահարկից և պարզեցված հարկից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համապատասխան փոփոխություններ է կատարել Հարկային օրենսգրքում, նշում են տեղական լրատվամիջոցները։

Փոփոխությունների համաձայն՝ զանգվածային տեղեկատվության հրապարակմամբ և (կամ) տարածմամբ զբաղվող լրատվամիջոցների, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ստացած եկամուտներն ազատվում են վերոնշյալ հարկերից՝ բացառությամբ լրագրողների։

Հարկերից ազատվելն, ի թիվս այլ բաների, տարածվում է նաև գովազդից ստացվող եկամուտների, ինչպես նաև համապատասխան պետական ​​հիմնարկի կողմից լրատվամիջոցներին տրամադրվող նյութական օգնության վրա։ Միաժամանակ, ավելացված արժեքի հարկից ազատված է նաև լրատվամիջոցների կողմից արտադրված մեդիա արտադրանքի ներկայացումը։

Հաշվի առնելով, որ Ադրբեջանում մամուլի ազատություն գրեթե չկա և ամբողջ մեդիառեսուրսը, չնչին բացառությամբ, լծված է ալիևյան վարչակազմի քարոզին, կարելի է կռահել, որ իշխանահաճո ԶԼՄ-ները յուրատեսակ բոնուս-արտոնություն են ստանում երկրի իշխանություններից, այդ թվում՝ հակահայկական քարոզչության համար։