Գլխավոր դատախազը Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար դիմել է ԱԺ նախագահին

Գլխավոր դատախազը Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար դիմել է ԱԺ նախագահին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, 2023 թվականի հունվարի 23-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Ա. Չ-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր: Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ա. Չ-ն, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործով, որպես փորձագետ ընդգրկված լինելով Ա. Ս-ին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, 2017 թվականի փետրվարի 8-ին ստորագրել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը:

ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մենք գրել էինք՝  Աննա Վարդապետյանը հնարավոր է մտնի ԱԺ` պատգամավորներ Արմեն Չարչյանին եւ Սեյրան Օհանյանին անձեռնմխելիութունից զրկելու հարցով։ Մեր աղբյուրը հաղորդել էր, որ դատախազությունը որոշել է Չարչյանին սպեկուլյատիվ եւ հանրային նուրբ լարերի վրա խաղացող մեղադրանք առաջադրել` «Սասնա ծռերին» հաց տարած Արթուր Սարգսյանի մահվան հետ կապված։

Հաց բերողը 2016 թ. դեկտեմբերի 30-ին կալանքից ազատվեց միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ, որն արձանագրեց, որ նրա առողջական վիճակը համատեղելի չէ կալանքի հետ, սակայն այդ որոշումից 1 օր անց քննիչը կրկնակի փորձաքննություն նշանակեց: Երկրորդ հանձնաժողովի կազմում էր նաեւ բժիշկ Չարչյանը։ Հանձնաժողովի տված եզրակացությունից հետո Հաց բերողին կրկին կալանավորեցին. նոր եզրակացությամբ՝ նրա առողջական վիճակն անհամատեղելի չէր համարվել կալանքի հետ: Սակայն բանն այն է, որ  բժշկական հանձնաժողովը փաստաթղթերի հիման վրա էր եզրակացություն տվել` Արթուր Սարգսյանը բժշկական հետազոտություն չէր անցել, քանի որ չէր ներկայացվել հանձնաժողովին: Ավելին՝ Արմեն Չարչյանը եզրակացության մեջ կամ դրանից զատ հատուկ շեշտել էր, որ եթե Արթուր Սարգսյանին կարողանային զննել, գուցե իրենց եզրակացությունն այլ լիներ։