Նուբարաշենի հոգեբուժարանի հիվանդը մահացել է «Էրեբունի» ԲԿ-ում

Նուբարաշենի հոգեբուժարանի հիվանդը մահացել է «Էրեբունի» ԲԿ-ում

«Էրեբունի» բժշկական կենտրնում Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի՝ Նուբարաշենի հոգեբուժարանի 82-ամյա հիվանդ է մահացել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հիվանդը, որը պահվել է հատուկ հսկողության բաժանմունքում, կամ որ ավելի հայտնի՝ դատապարտյալների բաժանմունքում, մահացել է սննդի թունավորումից։

Կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ թե սննդի թունավորումից է մահացել, այլ ինսուլտից, նախկինում էլ բազմիցս հիվանդի համար շտապ օգնություն է հրավիրվել․

«Ոչ թե թունավորումից է մահացել, այլ ինքը երկար ժամանակ սրտանոթային խորը խնդիրներ ունեցող անձնավորություն է, և մահվան պատճառը ճնշման անկումն է եղել, ինչին հետևել է ինսուլտը, ինսուլտից է մահացել։ Այո, մենք երեկ իրեն տեղափոխել ենք «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք, շտապ օգնություն ենք հրավիրել, և մահվան պատճառը ինսուլտն է եղել։ Նախկինում էլ հաճախ իր համար շտապ օգնություն է կանչվել»,- ասաց տնօրենը։

Խաչատրյանի խոսքով՝ 82-ամյա հիվանդը ճանաչվել է անմեղսունակ, վերջին շրջանում հատուկ հսկողության բաժանմունքից տեղափոխվել է ընդհանուր հսկողության բաժանմունք, բացի հոգեկան առողջության խնդիրներից նաև ֆիզիկապես է հիվանդ եղել։ Խաչատրյանին հարցրինք, թե դեպքից հետո առողջապահության տեսչական մարմինը կամ սննդի տեսչական մարմինը փորձաքննություն անցկացրե՞լ են․

«Մենք հաղորդում ենք դեպքի մասին, այդ հաղորդմանը հետևում են կանոնակարգում նախատեսված հետազոտությունները, բայց դեռևս ոչ առաղջապահության, և ոչ էլ սննդի անվտանգության տեսչական մարմինների հետազոտությունները դեռևս չի սկսվել։ Մեզ մոտ միշտ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից են գալիս, և այս անգամ էլ եկել են, որպեսզի հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել։ Այդ հիվանդը շուրջ 7 տարի է, ինչ մեզ մոտ է գտնվել, և ինքը ոչ թե դատապարտյալ է, այլ հարկադիր բուժման հիվանդ է եղել, քանի որ անմեղսունակ է ճանաչվել, երկար տարիներ մեզ մոտ մնացել է մեր հատուկ հսկողության բաժնում, բայց վերջերս ընդհանուր հսկողության բաժնում էր։ Նա, միևնույն է, ծանր հիվանդ էր՝ թե՛ հոգեկան առողջության առումով, թե՛ ֆիզիկապես բավականին ծանր հիվանդ էր»։ 

«Էրեբունի» ԲԿ- ից մեզ ասացին, որ հիվանդը երեկ շնչառական խնդիրներով տեղափոխվել է վերակենդանացման բաժին, որտեղ և մահացել է, իսկ մահվան պատճառը ԲԿ-ի լրատվության բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը չասաց՝ ասելով, որ իրավունք չունի այդ տեղեկությունը ասելու։

Մենք փորձեցինք նաև կապ հաստատել առողջապահության տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։