Սերգեյ Դովլաթով․ Ոչ միայն Բրոդսկի
«Ոչ միայն Բրոդսկի» գիրքը` բաղկացած Սերգեյ Դովլաթովի մանրապատումներից եւ Մարիաննա Վոլկովայի հեղինակային լուսանկարներից, պատկերում է ռուսական մշակույթը դիմանկարներում եւ անեկդոտներում: Այս գրքում հեղինակներին հաջողվել է կարճ եւ սրամիտ պատմությունների շնորհիվ դիպուկ փոխանցել ոչ միայն բազում մշակութային գործիչների դիմանկարները, խառնվածքները, այլեւ սովետական ժամանակի հմայքը, աբսուրդը, թշվառությունը, ողբերգությունը, կոլորիտն ու կոմիզմը եւ դա անել թեթեւորեն, չծանրացնելով, չդրամատիզացնելով, այդ մշակութային գործիչներին ո՛չ վարկաբեկելով, ո՛չ էլ աստվածացնելով, այլ պատկերելով կենդանի մարդկանց՝ իրենց առավելություններով եւ թերություններով։
***
Այս գիրքը ծնվել է հետեւյալ հանգամանքներում։
Մարիաննա Վոլկովայի մոտ հյուրեր էին նստած: Այդ թվում՝ Դովլաթովը։ Մարիաննան հյուրերին իր գործերն էր ցույց տալիս։
- Սա Բարիշնիկովն է,- ասում էր նա,- Եվտուշենկոն, Ռոստրոպովիչը...
Ամեն անգամ Դովլաթովը միալար կրկնում էր․
- Նրա մասին զվարճալի պատմություն գիտեմ։
Եվ հանկարծ պարզվեց՝ պատրաստի գիրք է։ Ընկերները հարցնում էին․
- Ուրեմն՝ այնտեղ ասեկոսենե՞ր կլինեն։ Եվ բամբասանքնե՞ր։
- Այդ թվում՝ եւ բամբասանքներ։ Իսկ ի՞նչ։ Չէ՞ որ բամբասանքները բնութագրում են հերոսներին նույնքան լիարժեք, որքան նոտարացված փաստաթղթերը։ Հիշեք Դոստոեւսկու մասին բամբասանքները։ Մի՞թե դրանք կիրառելի են առ Տոլստոյը կամ հակառակը․․․
Մի խոսքով, գիրքը պատրաստ է։ Դրա էությունն ընկերների հատկանիշները պատկերելու ցանկությունն է։
Իսկ գուցե՝ քեզ պատկերելու ցանկությունը: Զուր չէր Մարիաննան ասում․
- Մարդիկ, որոնց մենք լուսանկարում ենք, նույնպես օբյեկտիվից զննում են մեզ։
Չէ՞ որ հիշողությունը, նրբագեղ արտահայտվելով, միակ գետն է, որ հոսում է ամառվա հոսանքին հակառակ։
Յուզ Ալեշկովսկի եւ Վլադիմիր Վոյնովիչ
Ալեշկովսկու ներկայությամբ ինչ-որ հին բոլշեւիկ պատմում էր․
- Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ էր։ Սպիտակներին ետ շպրտեցինք առ Դնեպր։ Ձիերին լծից արձակեցինք։ Որոշեցինք հանգստանալ։ Նստած եմ կրակի մոտ՝ սպա Վասյայի հետ։ Ասում եմ նրան. «Է՜հ, Վասյա, այ, սպիտակներին ջարդենք, սոցիալիզմ կառուցենք՝ մի քսան տարուց լավ կյանք կլինի։ Միայն թե ողջ մնանք…»:
Ալեշկովսկին նրա փոխարեն ավարտեց.
- Եվ քսան տարուց եղավ 37 թիվը։
Վոյնովիչը պատմում էր․
- Վեց տարի ապրում եմ Գերմանիայում։ Լեզուն բնավ չգիտեմ։ Ձուլվելն իմ տարիքում բարդ է։ Դե, պետք էլ չէ։ Եվ, այդուհանդերձ, հետզհետե հարմարվում եմ։ Ինչ-որ բան սկսում եմ ըմբռնել։ Եվ անգամ գերմաներենի հետ խնդիրները գնալով քչանում են... Մի անգամ, փողոցն անցնելիս, երազանքների գիրկն ընկա, ու քիչ էր մնում մեքենայի տակ ընկնեի։ Վարորդն իջեցրեց ապակին եւ գոռաց․ Du bist ein Idiot. Եվ ես,- ավարտեց Վոյնովիչը,- անսպասելիորեն հասկացա, թե ինչ էր էդ տիպն ուզում ասել։
Ալեքսանդր Գոդունով
Դեռ պատանի՝ Գոդունովը երկար մազ էր թողել։ Ողջ կյանքում նրան ստիպում էին դրանք կտրել։ Դպրոցում, Մեծ թատրոնում, հյուրախաղերից առաջ։
Նա վկայակոչում էր Մարքսին, Էնգելսին, Չերնիշեւսկուն։
Պաշտոնյաները բացականչում էին․
- Էդպես էլ կա, բայց դա վաղուց էր, արդեն նորաձեւ չէ։
Եվ սիգապանծ շոյում էին իրենց փայլուն ճաղատները։
Հետո Գոդունովը փախավ Արեւմուտք, որտեղ նրա գանգուրները բոլորը հավանեցին։ Անգամ ճաղատացող Բրոդսկին էր դրանք գոհունակությամբ նշում։
Նատալյա Գարբանեվսկայա եւ Անտատոլի Նայման
1968 թվի օգոստոսի 20-ին սովետական զորքերն օկուպացրին Չեխոսլովակիան։ Օգոստոսի 25-ին Մոսկվայում տեղի ունեցավ հայտնի բողոքի ցույցը, որին, մյուսների հետ, մասնակցում էր Գորբանեւսկայան՝ ծծկեր երեխայով ելել էր Կարմիր հրապարակ։
Ցույցի բոլոր մասնակիցները ձերբակալվեցին։ Գորբանեւսկայային, քանզի երեխայի հետ էր, խնայեցին։ Նրան որպես վկա ներգրավեցին։
Մի անգամ նրան հարցաքննության կանչեցին։ Ինչ-որ մեկը, մատնանշելով նրա մի տարեկան երեխային, հետաքրքրվեց․
- Սա նույնպե՞ս վկա է։
- Ոչ,- պատասխանեց Գորբանեւսկայան,- կասկածյալ։
Նայմանը միայն հիանալի բանաստեղծ չէր, նա Լենինգրադի ամենաթունոտ մարդն էր, նույնիսկ Ախմատովային էր կծու խոսքեր ասում։
Մի անգամ ես Նայմանին ներկայացրի Կենտրոնական Լիտո-ի (գրական խմբակ) ծանոթներիցս մեկին։ Նայմանը հարցրեց նրան․
- Դուք բանաստե՞ղծ եք։
Ընկերս արժանապատվորեն գլխով արեց։
Նայմանը շարունակեց․
- Երեք տող ընթերցեք․․․
Ռոման Յակոբսոն
Ռոման Յակոբսոնը շիլ էր: Ձեռքով ձախ աչքը փակելով՝ բղավում էր ծանոթներին.
- Աջին նայեք: Ձախի մասին մոռացեք: Աջս է գլխավորը: Իսկ ձախը՝ հենց այնպես, տուրք է ձեւականությանը...
Լավ է հիմար ձեւանալ՝ կանխավ ամբողջ բանասիրական դպրոց հիմնելով:
Յակոբսոնը զվարթ մարդ էր:
Թեպետ ոչ շատ բարի: Այդ է վկայում Նաբոկովի հետ կապված պատմությունը:
Նաբոկովը ձգտում էր Հովարդի պրոֆեսոր դառնալ: Գիտխորհրդի բոլոր անդամները կողմ էին: Միայն Յակոբսոնն էր դեմ: Բայց նա խորհրդի նախագահն էր: Նրա խոսքը վճռորոշ էր:
Վերջապես գործընկերներն ասացին.
- Պետք է հրավիրենք Նաբոկովին: Ախր, նա մեծ գրող է:
- Դե, եւ ի՞նչ,- զարմացավ Յակոբսոնը:- Փիղն էլ մեծ կենդանի է, հո չե՞նք առաջարկում նրան՝ կենդանաբանության ամբիոնը գլխավորել:
Նաում Կորժավին
Մի գրական կոնֆերանսի նախօրեին ինձ զգուշացրին․
- Գլխավորը՝ մի վիրավորեք Կորժավինին։
- Ինչո՞ւ պետք է նրան վիրավորեմ։
- Քանզի Կորժավինն ինքը ձեզ կվիրավորի։ Իսկ Դուք, Աստված չտա, բորբոքվեք եւ վիրավորեք նրան։ Մի արեք դա։
- Իսկ ինչո՞ւ Կորժավինն ինձ կվիրավորի։
- Քանզի նա բոլորին վիրավորում է, Դուք բացառություն չեք, ուստի մի արձագանքեք։ Կորժավինը խիստ դյուրազգաց է։
- Ես՝ նույնպես։
- Կորժավինը՝ առանձնահատուկ։ Մի նեղացրեք նրան։
Սկսվեց կոնֆերանսը։ Կորժավինի ելույթը չորս րոպե տեւեց։ Առաջին իսկ նախադասությամբ նա վիրավորեց ամերիկյան սլավոնագետներին՝ ասելով․
- Ես սլավոնագետների համար չեմ գրում, այլ՝ սովորական մարդկանց։
Հետո վիրավորեց ամբողջ Լենինգրադը՝ ասելով․
- Բրոդսկին տաղանդավոր բանաստեղծ է, թեկուզեւ՝ լենինգրադցի։
Հետո ինչ-որ կծու խոսքեր ասաց Ցվետկովին, Լիմոնովին եւ Սինյավսկուն: Դե՝ ինձ էլ, իհարկե, կպավ։ Չեմ ուզում հիշել՝ հենց ինչպես։ Մի խոսքով, ստացվում էր, որ գռփող եւ գործ կպցնող եմ։
Լավ է՝ Վոյնովիչը պաշտպան կանգնեց եւ ասաց․
- Թող Էմկան ներողություն խնդրի, միայն թե՝ հարկ եղածին պես։ Այլապես ես գիտեմ Էմմային, նա այսպես է ներողություն խնդրում․
- Կներեք, իհարկե, բայց դուք քաք եք։
Մստիսլավ Ռոստրոպովիչ
Ռոստրոպովիչը պատրաստվում էր հյուրախաղերով Շվեդիա մեկնել։ Ուզում էր, որ կինը հետը գնա։ Ղեկավարությունն առարկում էր։
Ռոստրոպովիչը սկսեց ատյաններով գնալ։ Ինչ-որ փուլում նրան խորհուրդ տվին․
- Զեկուցում գրեք․ «Նկատի առնելով ոչ լավ առողջությունս՝ խնդրում եմ, որ ինձ ուղեկցի կինս»։ Դրա ոգով մի բան։
Ռոստրոպովիչը թղթի կտոր վերցրեց եւ գրեց․ «Նկատի առնելով անբասիր առողջությունս՝ խնդրում եմ, որ ինձ ուղեկցի կինս»։
Եվ համոզչության համար ավելացրեց՝ Գալինա Վիշնեւսկայան։
Դա նույնիսկ սովետական չինովնիկների վրա ազդեց։
Միխայիլ Շեմյակին
Շեմյակինին գիտեի Լենինգրադից։ Մի տասը տարուց մենք հանդիպեցինք Ամերիկայում։ Շեմյակինն ասաց․
- Էս ի՜նչ բարձրահասակ եք։
Պատասխանեցի․
- Հաճույքով կփոխեմ հասակս Ձեր աշխատավարձի հետ․․․
Անցավ մի քանի շաբաթ, Շեմյակինը հայտնվեց ընկերական շրջապատում: Պատմում էր մեր հանդիպման մասին․
- Ես ասում եմ՝ էս ինչ բարձրահասակ եք, իսկ Դովլաթովն ասում է՝ հաճույքով փոխում եմ հասակս ձեր․․․․ (Շեմյակինը հապաղեց)․․․ տաղանդի հետ։
Մի խոսքով, բավական չէ, որ Շեմյակինը հիանալի արվեստագետ է, նաեւ տաղանդավոր խմբագիր է․․․
Մաքսիմ Շոստակովիչ
Ստալինիզմի մղձավանջն այն չէ, որ միլիոնավոր մարդիկ են մահացել, այլ այն, որ այլասերվել էր ողջ ազգը: Կանայք մատնում էին ամուսիններին, երեխաները նզովում էին ծնողներին:
Ռեպրեսիայի ենթարկված կոմինտերնական Պյատնիցկու որդին ասում էր.
- Մայրիկ, ինձ հրացան գնիր, ես կգնդակահարեմ ժողովրդի թշնամուն՝ հայրիկին․․․
Իսկ ո՞վ էր բացեիբաց ընդդիմանում ստալինիզմին: Ավաղ, ո՛չ Յակիրը, Տուխաչեւսկին, Եգորովը կամ Բլյուխերը: Բացեիբաց ընդդիմանում էր ստալինիզմին իննամյա Մաքսիմ Շոստակովիչը:
1948 թվականն էր, հրապարակված էր ԿԿ-ի հայտնի վճիռը: Շոստակովիչին վերջնականապես խարանել էին որպես ֆորմալիստ:
Նշենք, որ ժողովրդական զանգվածները, ընդ որում, ցնծում էին: Եվ, ինչպես միշտ, իրենց ցնծությունն արտահայտում էին խուլիգանությամբ: Պարզ ասած՝ կոտրում էին Շոստակովիչի այգու ապակիները։
Եվ այդժամ Մաքսիմ Շոստակովիչը պարսատիկ շինեց, ելավ ծառը եւ սկսեց կրակել մարքս-լենինյան էսթետիկայի վրա:
Գալինա Վիշնեւսկայա
50-ականներն էին, հայրս էստրադային ներկայացում էր պատրաստում․ «Կարճ եւ հստակ»: Մարզային ֆիլհարմոնիայի երկու արտիստուհու հրավիրեց։ Նրանց դերերը բավական համեստ էին՝ հետին պլանում ինչ-որ բան պարել, ըստ անհրաժեշտության՝ ինչ-որ բան երգել։
Գեղխորհրդին մի արտիստին հաստատեցին, մյուսին խոտանեցին։
Լենգոսէստրադայի գեղարվեստական ղեկավարը հորս ասաց․
- Խնդրեմ, մենք ձեր էդ Գալյային կմտցնենք հաստիքի մեջ՝ իբրեւ խոսակցական ժանրի դերասանուհի։ Փորձ արեք, թող նա խաղա ամենը, ինչ պետք է։ Բայց երգել․․․ Դե, հավատացեք ինձ որպես մասնագետի՝ նա չի երգի․․․
Թարգմանությունը` Գրիգոր Ֆերեշեթյանի
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ
Կարծիքներ