ZAZ-ից մինչեւ Led Zeppelin Symphonic բացառիկ նախագիծ

ZAZ-ից մինչեւ Led Zeppelin Symphonic բացառիկ նախագիծ

ՀԱՅԱ փառատոնը ներկայացնում է  ֆրանսիացի հայտնի եւ սիրված փոփ երգչուհի ZAZ-ի առաջին մենահամերգը Հայաստանում։ Երկար սպասված մենահամերգը տեղի կունենա հունիսի 25-ին՝ Երեւանի «Հրազդան» մարզադաշտում: 

Համերգային երեկոյի բացումը կանեն «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինը եւ երիտասարդ տաղանդաշատ հայ երաժիշտ Պարգը։ Համերգի հրավիրյալ հյուրերից է դուդուկահար Կամո Սեյրանյանը, ով հանդես կգա ZAZ-ի հետ համատեղ կատարմամբ: 
ՀԱՅԱ փառատոնի անվանի հյուրն է նաեւ աշխարհահռչակ ռեփ երաժիշտ 50 Cent-ը, ում համերգը տեղի կունենա հուլիսի 1-ին: 

Մեկ այլ՝ Led Zeppelin Symphonic բացառիկ նախագիծը տեղի կունենա հուլիսի 9-ին: Լեգենդար խմբի երաժշտությունը կատարելու են երեք ֆենոմենալ երգիչներ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի եւ սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Ընդհանուր առմամբ, ներկայացված է 25 երգ, որոնց թվում են ամենահայտնի հիթերը՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven: Նախագիծը ստեղծվել է լեգենդար խմբի անդամների աջակցությամբ, ովքեր ներկա են եղել ծրագրի ցնցող հաջողություն գրանցած պրեմիերային՝ Լոնդոնում:

Ինչ վերաբերում է փառատոնին, ապա ՀԱՅԱ-ն նոր նախագիծ է, որի առաքելությունն է՝ Հայաստանում ստեղծել համերգային գործունեության նոր ձեւաչափ եւ ստանդարտներ: Այն նախատեսված է տասնյակ հազարավոր հանդիսատես ունեցող լայնածավալ միջոցառումների համար: Ողջ տարածաշրջանում ՀԱՅԱ փառատոնը տարբեր երաժշտական ժանրերի՝ աշխարհի թիվ մեկ արտիստների հետ հանդիպման վայր է: Այն նոր էջ է բացում Հայաստանի զբոսաշրջության ոլորտի համար եւ ստեղծում տնտեսական զարգացման նոր խթաններ: Փառատոնի համերգները վայելելու է 30-50 հազար հանդիսատես: 

ՀԱՅԱ փառատոնի հիմնադիրն է «Երեւանյան հեռանկարներ» 23-րդ միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը, իսկ ստեղծագործական թիմը բաղկացած է Հայաստանի լավագույն մասնագետներից եւ միջազգային փորձագետներից: