Երկրորդ ճակատում կորոնավիրուսն է

Երկրորդ ճակատում կորոնավիրուսն է

Սեպտեմբերի 27-ից ի վեր դաժան ու՝ հայրենական պատերազմի արհավիրքի մեջ հայտնված Հայաստանն ու Արցախը ընդամենը տասն օրով մոռացան 2020 թվականի համամոլորակային մյուս արհավիրքի՝ կորոնավիրուսի համավարակի մասին, և, արդյունքը՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ ունենք կորոնավիրուսի 1058 նոր հաստատված դեպք՝ իրականացված 2877 թեստերից։ Այսինքն՝ թեստավորվածների մոտ 37 տոկոսը։ 

Համեմատության համար, հիշեցնենք, որ նման թվեր Հայաստանը չէր ունեցել անգամ հուլիսին, երբ հասցրեցինք դառնալ կորոնավիրուսի գծով Եվրոպայի չեմպիոն, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ իրավիճակը բնութագրեց որպես կորոնավիրուսային դժոխք։ 

Այս իրավիճակը արդեն արտահայտվում է հիվանդանոցային գերծանրաբեռնվածությամբ, այս մասին հայտնեց covid բուժող ամենամեծ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչում» մահճակալային «ծանրաբեռնվածությունը» հասնում է պիկին,այն վիճակին, ինչ հունիս-հուլիս ամիսներին էր։ Ծովինար Խաչատրյանը հայտնեց, որ մոտ 60 տեղանոց ռեանիմացիայում ազատ մահճակալ չունեն։ Ըստ որում, այստեղ միմիայն կորոնավիրուսային հիվանդներ են, չկան վիրավորներ, այլ քրոնիկ հիվանդներ։

Հիշեցնենք, որ բազմաթիվ վարակաբաններ ու համաճարակաբաններ արդեն ամռան կեսերին հիվանդացության տարբեր հաշվարկներ ներկայացնելով՝ կարծիք էին հայտնում, որ բնակչության մոտ պետք է որ արդեն ձևավորված լինի իմունային պատնեշ, հավաքական իմունիտետ,և օգոստոս-սեպտեմբերին հետզհետե պակասող թվերը նման լավատեսության պատրանք էին ստեղծում։ Բժիշկ պետք չէ լինել՝ իմանալու համար, որ իմունային պատնեշը նաև ենթադրում է հիվանդացության ծանր ձևերից դեպի միջին և թեթև ձևեր։ Այսինքն, որքան շատ մարդ է վարակվում, այնքան վարակը ձգտում է դեպի թեթև ձևերում իր գոյությունը պահպանելուն ու աստիճանաբար «մաշվում է»։

Եվ, հետևաբար, հարց, հնարավո՞ր է, որ հիվանդացության աճի հետ միասին նման միտում նկատվում է։ Բուժկենտրոնի խոսնակն ասաց, որ նշված ամիսներին, երբ հիվանդացությունը մոտ 7 տոկոս էր, նման հույսեր կային և հիվանդությունն էլ, այո, ավելի թեթև դրսևորումներ ուներ, բայց հիմա՝ ոչ։

«Շտապ օգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանն էլ  վկայում է՝ բազմաթիվ ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների են հանդիպել՝ «թոքաբորբերով, բարձր ջերմությամբ, ախտահարված թոքերով»։ Կանչերի թվով էլ վերադարձել են հուլիսին, երբ օրական 900-ից ավելի կանչեր էին ունենում։ Երեկ, օրինակ, եղել է 890 կանչ,նախորդ օրը՝ 757։

Հարցին, թե անձնակազմերը հերիքու՞մ են կորոնավիրուսային հիվանդներին տեղափոխելու համար, «Շտապ օգնության» տնօրենը հոգոց հանելով՝ ասաց՝ մենակ էդ ա՞։Ասաց, որ զինվորների տեղափոխելու կանչեր դեռ չեն ունեցել։ 

Հիվանդանոցային այս ծանր վիճակը, նորից վերդառնանք հունիս-հուլիսին, արտահայտվում էր նաև նրանով, որ մի շրջան օրական մոտ 200 հիվանդ տանը սպասում էր հոսպիտալացվելու իր հերթին։ Այս առումով է՞լ է նույն վիճակը։ «Պատահում է»,-ասաց Թագուհի Ստեփանյանը։

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ի պատասխան հարցի, թե քանի՞սն են տներում սպասում իրենց հերթին, միայն ասաց՝ ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը սպասարկվում են։ Այս պահին կորոնավիրուս հանրապետությունում բուժում է 13 բուժհիմնարկ։ Ինչ վերաբերում է թեստերին, նախատեսո՞ւմ են ավելացնել։ Ասաց՝ արվում է այնքան, որքան կարիք կա։

Ի՞նչ է այս երկրորդ ալիքը, բռնկումը, պահպանվելու՞ է, ինչու՞ չկա այդ իմունային պատնեշը․ հարցադրումներն ուղղում ենք ՁԻԱՀԻ կանխարգելման կենտրոնի նախկին համաճարակաբան Էդուարդ Հովյաննիսյանին։ Նա նշեց, որ երկու շաբաթից ավելի (պատերազմի սկսվելուց ի վեր) չի հետևել, չգիտի էլ։

«Դժվար է մեկնաբանել, սպասելի էր, որ օգոստոսի կեսերից բարձրանալու է, պետք էր նախապատաստել, թողել ենք ինքնաբերաբար իջել է, հետո էլ բարձրացել է իր հունով։Բայց եղավ պատերազմ և հիմա ունենք էն,ինչ ունենք։ Եվ հիվանդության, կանխարգելման ռեսուրս, արդեն ռազմական դրության պայմաններում  չեմ տեսնում»,-ասում է համաճարակաբանը։

Նա զերծ է մնում  նաև սցենարների վերլուծություններից, ասելով, որ չկա մեկնակետ։ Որպես մեկնակետ չի կարող ընդունել 1․5-2 ամսվա դադարի ժամանակ արձանագրված հիվանդացության 7 տոկոսը, քանի որ համաճարակաբանի խոսքով՝ այն ժամանակ նորմալ չվերլուծվեց՝ ինչի՞ հաշվին էր, ռեա՞լ էր այդ 7 տոկոսը։