Խնդիրը հանքահումքային կցորդ չդառնալն է

Խնդիրը հանքահումքային կցորդ չդառնալն է

Լիբանանյան ELARD կազմակերպությունը, որին ՀՀ կառավարությունը 400 հազար դոլար է վճարել «Լիդիան Արմենիա» ընկերության հանքի էկոլոգիական փորձաքննության համար, ընդհանուր առմամբ, դրական նախնական եզրակացություն է տրամադրել հանքը շահագործողի համար։ Ընդամենը 5 ոչ էական դիտողություն, որը պետք է շտկի ընկերությունը՝ հանքի վերագործարկումից առաջ։ Սրանից մի քանի օր հետո Հայաստանի բնապահպանական ճակատից մի խումբ բնապահպաններ կրկին դիմեցին ՀՀ քննչական կոմիտե՝ ELARD կազմակերպության փորձաքննության հետ կապված։ Նրանք պահանջում են, որ մեր պետության էկոլոգիական անվտանգությանը վերաբերող այս նախագծի փորձաքննության բոլոր արդյունքները հասանելի լինեն հանրությանը հաշվետվությունների անգլերեն և հայերեն տարբերակները պետք է անպայման ամբողջությամբ հրապարակվեն ՀՀ քննչական կոմիտեի կայքում։ Իսկ շահագրգիռ գիտական, մասնագիտական և հանրային շերտերին պետք է հնարավորություն և ժամանակ տրվի՝ վերլուծելու դրանց հավաստիությունը, գիտական հիմնավորվածությունն և լիարժեքությունը։

Հիշեցնենք, նաև, որ դեռ 2018 թվականի հուլիսին հարուցել էր քրեական գործ՝ Ամուլսարի ծրագրի նախագծի փորձաքննության ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։ «Լիդիան Արմենիա» ընկերությունը ևս սպասում էր եզրակացությանը և կառավարության քայլերին, մինչ այդ հայտարարություն տարածելով, որ ՀՀ կառավարությանը տեղեկացրել է, թե ընկերությունը պատասխանատվություն չի կրում բնապահպանական որևէ խնդրի համար, որն առաջացել է այդ տարածքում: Շատ պարզ տեքստով ասվում էր, որ ՀՀ կառավարությունը դրսևորում է անգործություն և ինքն է բնապահպանական հնարավոր աղետի ռիսկեր ստեղծում։

Նշենք, որ աշխատանքները չվերսկսելու դեպքում, «Լիդիանը», ինչպես և խոստացել էր, դիմելու է միջազգային արբիտրաժային դատարան, որտեղ էլ շատ փորձագետների ու իրավաբանների գնահատմամբ հաղթելու է։ ԱԺ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն օրինակ ժամանակին զգուշացնում էր կառավարությանը, որ այդ դեպքում «Լիդիանը» ՀՀ բյուջեի 50 տոկոսի չափով հատուցում կստանա։ Ի դեպ, հարկատուների հաշվին: Ամեն դեպքում, ժամանակին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այս առնչությամբ հայտարարել էր․ «Մենք այդ ժամկետներում՝ մինչ մայիսի վերջ, բոլոր պատասխանները կունենանք: Եթե այդ պատասխանները լինեն հօգուտ «Լիդիան»-ի, ապա նա դատարան դիմելու նպատակ էլ չի ունենա: Եթե լինեն հակառակ ընկերության տված շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փաստաթղթին, կարծում եմ, իմաստ չի ունենա դատարան դիմելը»։

Տիգրան Ավինյանը՝ ավելացրել էր, որ ռիսկեր չլինելու պարագայում ծրագրի իրականացման հետ կապված հետագա խոչընդոտներ հազիվ թե լինեն: Ի վերջո, ի՞նչ է լինելու և ինչպե՞ս պետք է լինի, այս կենսական հարցի շուրջ ո՞ր կողմի փաստարկներն ու հարցադրումներն են ավելի գերակա։ Hraparak.am-ն այս հարցի շուրջ զրուցել է ԵՊՀ Էկոլոգիական իրավունք գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Աիդա Իսկոյանի հետ։ «Մենք պետք է զարգացման համար ռեսուրս ունենանք, միակ ռեսուրսը, որը մեզ կարող է օգնել, ընդերքն ու օգտակար հանածոներն են։ Ամբողջ խնդիրին այն է, որ մենք դա ճիշտ օգտագործենք։ Պետք է այս փորձաքննություննից հետո մի պարզ կլոր սեղան հրավիրեն, էս կողմ ասի, մյուս կողմն առարկի, վիճեն, բայց էդպես չի լինում, որ ասեն՝ իրենք սխալ են, մենք՝ ճիշտ։ Եվ դա պետք է լինի շատ թափանիցիկ։ Սա շատ նուրբ հարց է»։ Աիդա Իսկոյանը նկատեց, որ ի վերջո, բազում փորձաքննություններ են իրականացվել, ԵՊՀ-ում էլ բոլոր կողմերի կարծիքներին ծանոթացել են, դիտել են նրանց պատրաստած ֆիլմը, հարցեր են տվել, ստացել պատասխաններ։

Դասախոսը նշեց, որ այս իրավիճակը, երբ մի կողմ իր ասածն ասել է, մի կողմ քաշվել, մյուս կողմն էլ՝ իրենը ու էլի մի կողմ քաշվել, չի կարող շարունակվել։ Աիդա Իսկոյանն այս կապակցությամբ վկայակոչեց անգամ Օրհուսի կոնվենցիան, որն ասում է, որ հասարակությունը մասնակցում է որոշման ընդունմանը․ եթե ունի այլ կարծիք, այն ներկայացնում է պետությանը, պայմանով, որ հիմնավորի, թե ինչու համաձայն չէ։ «Հիմ-նա-որ-ի»,-ընդգծեց Աիդա Իսկոյանը։ Որպես ամփոփում նա նշում է, սա պետք է հիմնավորվի կամ հերքվի մասնագիտորեն, ոչ թե ճանապարհ փակելով։ «Ո՞վ չի ուզում մաքուր օդ ու ջուր։ Ամբողջ աշխարհում երկրները դրանով են ապրում, անում են փորձաքննություն, ամենաժամանակից տեխնիակական սարքավորումներ են տեղադրում, որ այն, ինչ դուրս է գալիս, նվազագույն վնաս պատճառի շրջակա միջավայրին»,- ասաց պրոֆեսորը։

Այլ բան, որ ըստ Աիդա Իսկոյանի՝ սրանից հետո Հայաստանը լինի վերջնական արտադրանքի տերը, այլ ոչ Եվրոպայի հանքահումքային կցորդը՝ այնտեղ սոսկ հանքանյութ ուղարկելով։ Այնպես որ, Աիդա Իսկոյանի կարծիքը համընկնում է բնաահպան Ինգա Զարաֆյանի նկարահանած ֆիլմի այն ծերունու կարծիքի հետ, ում հարցնում են՝ « Հայրի՛կ, ուզո՞ւմ ես, որ անտառը լինի»։ Նա էլ ասում է՝ «ես ուզում եմ անտառը, բայց ուզում եմ նաև աշխատել։ Ուզում եմ տանից դուրս գալ, գնալ աշխռտանքի ու տուն գալ»։