Ցանկալին՝ որպես իրականություն

Ցանկալին՝ որպես իրականություն

Իրականությունից կտրվելը հենց այսպես է լինում։ Նախ, երկրի առաջին դեմքը համարում է, որ իր եւ իր ղեկավարած քաղաքական ուժի ռեյտինգն անասելի բարձր է, եւ եթե հենց այսօր ընտրություն լինի, իրենք «կխփեն այնքան, ինչքան ուզեն»։ Հետո սկսում է կարծել, որ երկրում բոլորը սկսել են շատ լավ ապրել՝ եթե ինքը լավ է ապրում, ապա ինչո՞ւ պետք է ուրիշները վատ ապրեն։ Իսկ երբ խնդրում են ցուցանիշներ նշել՝ սոցիալական վիճակի բարելավման մասին վկայող, հայտարարում է, որ հիփոթեքից օգտվողների քանակն է աճել, եւ տաքսիստները լիցենզիայի համար վճարելիք 12 հազար դրամից են ազատվել, իսկ դա մեծ հավելում է ընտանեկան բյուջեին։ Սերժ Սարգսյանն էլ էր ժամանակին հայտարարում՝ եթե վատ ենք ապրում, ապա ռեստորանների մոտ ինչո՞ւ է այդքան շատ մեքենա կայանված՝ վատ ապրող ազգն այդքան ռեստորան կգնա՞։ Իսկ ՀՀԿ-ն ամենաազդեցիկ քաղաքական ուժն է, եւ դեպի իշխանություն տանող բոլոր ճանապարհներն առաջիկա տարիներին անցնելու են Մելիք-Ադամյան փողոցով։ Այսինքն՝ մի էլ փորձեք իշխանության գալ, կարող եք հավակնել միայն ընդդիմության 5-7 տոկոսին, այն էլ՝ մեր ընդունած Սահմանադրության շնորհիվ։

Նախկին իշխանություններին էլ էր թվում, որ իրենց քննադատող հոդվածները՝ բոլորը, առանց բացառության, «պատվիրված» են թշնամիների կողմից, իսկ երկրի վիճակը երբեք այսքան կայուն ու տնտեսության զարգացման հեռանկարներն էլ երբեք այդչափ լուսավոր չեն եղել։ Եվ այս ուրախ կյանքը մեզ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն են տվել։ Իսկ ցանկացած ձախողման, հետընթացի, տնտեսական անկման մասին խոսողներն «աբիժնիկներ» են՝ ձախողակ քաղաքական գործիչներ եւ փողոցում աղմուկ անող ՀԿ-ներ։ Այս ամենը մենք տեսել ենք՝ ե՛ւ իշխանության՝ իրականությունից կտրվելը, ե՛ւ սեփական ցանկություններն իրականության տեղ դնելը։