Ինչո՞ւ են նրանք վատ նախկին, սրանք՝ լավ նախկին

Ինչո՞ւ են նրանք վատ նախկին, սրանք՝ լավ նախկին

Դերասան Տիգրան Ներսիսյանից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է պատճառը, որ ընտրություններին 50 տոկոսից էլ պակաս մասնակցություն եղավ՝ մարդիկ հիասթափվա՞ծ էին, չկողմնորոշվա՞ծ, թե՞ կան այլ պատճառներ եւս․ «Պատճառները շատ են եւ հասունացել էին ժամանակի ընթացքում։ Ամեն ինչ չափ ու սահման ունի, այդ թվում համբերությունը, հավատը, այսօր մեր հասարակության մեջ դա է խաթարվել եւ մարդկանց մեղադրել, որ չեն մասնակցել ընտրություններին՝ արդար չէ, որովհետեւ չի կարելի մարդկանց օգտագործել, հիասթափեցնել անընդհատ»։ 

Դերասանի կարծիքով, խնդիրն ամենեւին իշխանության ստացած 54 տոկոս ձայները չեն, որովհետեւ․ «դա կարող էր լինել նաեւ 44 կամ 67 տոկոս, այստեղ տոկոսի հարցը չէ, եւ այդ իմաստով «սպասումներս» արդարացան։ Մեր հայրենիքում առաջին հերթին պետք է փոխվի համակարգը, մտածողությունը, որպեսզի փոխվի նաեւ ընտրությունների որակն ու արդյունքը։ Իսկ դեմոկրատիա, ժողովրդավարություն բառերն անընդհատ շահարկող մարդիկ հենց առաջինն են խախտում ազատ, թափանցիկ ընտրության սկզբունքները։ Սա մեր երկրի արատներից մեկն է, որը պետք է փոխվի, որպեսզի նա, ով իշխանության է չկարողանա իր սեւ գործը անել՝ մանիպուլյացիաների, վարչական ռեսուրսի, կաշառքի, հոսանքազրկումների միջոցով։ Եթե դու որոշել ես անօրինական կերպով հավաքել եւս «իքս» ձայն՝ դա կարող ես անել, մնում է քեզ թույլ տաս դա անել։ Հենց սա է կատարվել»,- ասում է Տ․ Ներսիսյանն ու նկատում՝ թեպետ գնացել է ընտրության, բայց բազմիցս բարձրաձայնել է, որ ընտրություններ չպետք է լինեին եւ դրան գնալն արդեն իսկ սխալ էր։ 

«Որ այդքան ասում են՝ ապագա կա, կա ապագա, միթե՞ պարզ չէ, որ ամեն ինչ շարունակվելու է եւ ապագա այսպես թե այնպես լինելու է, բայց ինչպիսի՞ ապագա է լինելու, որովհետեւ ամեն ինչում էլ ապագա կա, անգամ ամենահալածվածը, ճորտն ու ցեղասպանության ենթարկվածը ապագա ունեն, բայց ինչպիսի՞ ապագա․ մեկը՝ վանդակի մեջ, մյուսը՝ գերեզմանում։ Սա հենց խոսակցական մանիպուլյացիաներն են՝ քարկտիկը։ Այլեւս պետք չի վերնագրերի, լոգոների խաղեր տալ, պետք է ուղղակի հստակ ասել ինչպիսի՞ ապագայի ենք ձգտում։ Ավելին՝ ոչ մի զարմանալու բան չկա, որ օրինակ Շուռնուխի գյուղացու թիկունքին երբ մեկը խփում է՝ շուռ է գալիս ու ասում՝ վայ Աստված ջան, լավ է ադրբեջանցի է, ես կարծեցի նախկիններն են․․․Ստացվում է, այդ մարդը չի գիտակցում իր ապրածը, իր հայրենիքը, ով է իր թշնամին։ Որ վատ նախկիններ կային ու վատ ներկաներ կան՝ պարզ է բոլորիս, անուններ չտամ, բայց ինչո՞ւ են նրանք վատ նախկին, սրանք՝ լավ նախկին, գուցե լավ կողմնորոշվելու հա՞րց է, որ իրենց վրայի պիտակներն ու լոգոները փոխում են։ Ի դեպ, կարող է Մաշտոցի պողոտայում ծնված մարդը նույն կերպ մտածի եւ չգիտակցի, թե իր թշնամին ով է, հայրենիքն ինչ է եւ Շուռնուխում ինչ է կատարվում»։ 

Մեկ ամսից ավել է թշնամու զինուժը ՀՀ տարածքում է, ինչը դերասանին զայրացնում է եւ զարմացնում․ «Նորմա՞լ է, որ մի ամսից ավել ադրբեջանցիները մեր հողի վրա են ու խրամատ են փորում, լավ ադրբեջանցի չեն, հոլանդացի են կամ անգլիացի՝ դա նորմա՞լ է, օտար մարդը ի՞նչ գործ ունի մեր հողի վրա։ Հիմա որ մտնենք մեր տուն եւ տեսնենք՝ ինչ որ մեկը ճաշ է եփում՝ դուք ինչպե՞ս կվերաբերվեք նրան։ Նորմա՞լ է, որ նրանք մեր հողում են, իսկ մենք սալյուտ ենք խփում, ուրախանում ենք, ընտրություն ենք անում, իսկ նրանք այնտեղ խրամատ են փորում, հոտ են գողանում, հովիվ են ծեծում, սա չի՞ նշանակում, որ հասարակության հետ մի բան է կատարում, Շեքսպիրյան հերոսն ասում է՝ բան է փտել Դանեմարքայում, ես էլ ասում եմ՝ բան է փտել Հայաստանում, գտեք, չի կարող այլեւս այսպես շարունակվել, այս ի՞նչ հոտ է ընկել այս երկրում։ Գուցե նստենք հասկանանք ո՞վ է մեղավոր այս ամենի համար։ Ամեն փոքր բանի համար ոստիկանությունը մարդ է բռնում, հիշո՞ւմ եք մի քանի տարի առաջ սուպերմարկետում մի տղայի բռնեցին, որ խաչապուրի էր գողացել, ու քանի ոստիկան էր նրա ձեռքերը ոլորած տանում կարծես մեծ հանցագործի էին բռնել։ Իսկ հիմա ի՞նչ է կատարվում, ո՞վ է սրա մեղավորն ու պատասխանատուն, այդ մարդուն չե՞նք ուզում գտնել, թե՞ միայն խաչապուրի գողացողին ենք բռնում հաջող կերպով։ Նորից եմ կրկնում բան է փտել Հայաստանում, որի հաշվարկը ես կսկսեի անկախության առաջին օրվանից»։