Արդյոք Փաշինյանին հաջողվե՞լ է խաբել հոլանդացի գործարարներին 

Արդյոք Փաշինյանին հաջողվե՞լ է խաբել հոլանդացի գործարարներին 

Երբեւէ լսած կամ տեսած կա՞ք, որ որեւէ երկրի ղեկավար` նախագահ կամ վարչապետ, գա Հայաստան, հավաքի տեղի գործարարներին եւ նրանց համոզի՝ գալ իր ղեկավարած երկիր, ներդրումներ անել: Դժվար թե նման դեպքի հանդիպած լինեք, քանի որ իրեն հարգող որեւէ երկրի ղեկավար նման անիմաստ ու անպտուղ զբաղմունքով իր ժամանակը չի սպանի: Որովհետեւ եթե որեւէ մեկն ուզում է ներդրում անել որեւէ երկրում, նա ունի նման որոշում կայացնելու համար ավելի հիմնավոր պատճառներ, քան այդ երկրի վարչապետի խոսքն է: Բայց Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է Նիդերլանդների գործարարներից մի քանիսին ու սկսել բացատրել, որ նրանք կարող են գալ Հայաստան, ներդրումներ անել: Ավելին, նա ասել է, որ պատրաստ է քննարկել նրանց ծրագրերը եւ նույնիսկ օժանդակել դրանց: 

Նիդերլանդների Թագավորությունը ԵՄ երկրների մեջ երկրորդն է Հայաստանի հետ ունեցած ապրանքաշրջանառության ծավալով: Հայաստանը 2018 թվականին Նիդերլանդներ է արտահանել 132 միլիոն դոլարի եւ ներմուծել մոտ 56 միլիոն դոլարի ապրանք եւ ծառայություն, 2021 թվականին այս հարաբերակցությունը եղել է 191 միլիոնի արտահանում եւ 37 միլիոնի ներմուծում: Հայաստանը Նիդերլանդներ հիմնականում արտահանում է գունավոր մետաղների` պղնձի, մոլիբդենի խտանյութ, եւ գումարային այս տատանումը կապված է գունավոր մետաղների միջազգային գների բարձրացման հետ, ինչն էլ, մեծ հաշվով, համաշխարհային շուկայում շարունակվող ինֆլյացիայի արդյունք է: Իսկ ներմուծման նվազումը պայմանավորված է մեր շուկայի առանձնահատկություններով` աղքատության ավելացում եւ սպառման նվազում: 

Այսպիսով Նիդերլանդների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ սահմանափակվում է մեր երկրից հանքահումքային արդյունաբերության արտադրանք ներմուծելով: Մեր սահմանափակ ու աղքատ շուկան որեւէ հեռանկար չի ստեղծում ներմուծման ծավալներն ավելացնելու համար: 
Ինչ վերաբերում է Նիդերլանդների գործարարների կողմից ներդրումներ անելու հեռանկարին․ ինչպե՞ս կարելի է գնալ որեւէ եվրոպական երկիր եւ այնտեղի գործարարներին առաջարկել ներդրում անել մի երկրում, որը գտնվում է ամենօրյա պատերազմի մեջ, որի տարածքի մի մասն օկուպացված է, հարեւան երկիրն անընդհատ տարածքային պահանջներ է ներկայացնում քո երկրի տարբեր հատվածների եւ անգամ մայրաքաղաքի նկատմամբ, իսկ երկրի իշխանությունը բավարար կամք եւ վճռականություն չունի պաշտպանելու իր երկրի տարածքային ամբողջականությունը: Ինչպե՞ս կարելի է ներդրում անել մի երկրում, որտեղ չկա ներքաղաքական կայունություն. երկրի իշխանությունը չի վայելում իր քաղաքացիների աջակցությունը եւ վստահությունը, ինչի ապացույցն անցած տարեվերջի ՏԻՄ ընտրություններում երկրի խոշոր քաղաքներում իշխանության կրած խայտառակ պարտությունն էր: 

Նիդերլանդներում գործարարների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը խոսել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական ինստիտուտների զարգացման եւ արդյունավետ բարեփոխումների մասին: Ո՞ր ինստիտուտների մասին է խոսքը. ՏԻՄ ընտրված ղեկավարների մասսայական կալանավորումների ու բռնաճնշումների՞, թե՞ խաղաղ ցուցարարների դեմ վարձու պրովոկատորներին հանելու, սադրելու եւ կալանավորելու ինստիտուտի մասին: Արդյոք Փաշինյանը Նիդերլանդների գործարարներին պատմե՞լ է, որ երբ Հայաստանում որեւէ համայնքում իշխանության համար ոչ ընդունելի թեկնածու է հաղթում ընտրություններում, նրա նկատմամբ միանգամից քրեական գործ է հարուցվում, եւ նա կալանավորվում է: Կամ՝ արդյոք պատմե՞լ է այն մասին, որ երբ Հայաստանում որեւէ դատավոր իր կամքի դեմ կամ իր իշխանության որեւէ ներկայացուցիչի համար տհաճ վճիռ է կայացնում, ինքը կոչ է անում իր ենթակա պետական պաշտոնյաներին ու իր կուսակցական ակտիվին՝ շրջափակել դատարանների շենքերը եւ բռնություն կիրառել դատավորների նկատմամբ՝ արգելելով նրանց մտնել իրենց աշխատասենյակ:
Թերեւս Փաշինյանը եւ իր կառավարության անդամները մտածել են, որ Հայաստանն այնքան հեռու ու կտրված է Նիդերլանդներից, որ հոլանդացի գործարարները դժվար թե իմանան բոլոր այս նրբությունները եւ կհավատան իր ազնիվ խոսքին, իրենց փողերն առած՝ կվազեն Հայաստան: Թե՞ մտածում է, որ հոլանդացի գործարարները չեն շփվում իրենց երկիր փախած Հայաստանի քաղաքացիների հետ, ովքեր նրանց կարող էին պատմել Հայաստանում տիրող աղքատության, անարդարության եւ պաշտոնյաների ամենաթողության մասին:

Իրականությունը, իհարկե, ավելի պարզ է. Փաշինյանը շատ լավ էլ գիտի, որ ոչ մի նիդերլանդացի, եվրոպացի եւ նույնիսկ չինացի ներդրող էլ չի գա Հայաստան, մեր երկրում ներդրում չի անի, որովհետեւ նրանք գիտեն, որ Հայաստանում վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը, եւ գիտեն, թե ինչպիսի խայտառակ իրավիճակ է այդ մարդու կողմից կառավարվող երկրում: Ուղղակի Փաշինյանը երկօրյա այցով գնացել է Նիդերլանդներ, նա այնտեղ անելիք չունի եւ քանի որ որեւէ արդյունավետ զբաղմունք չունի, որոշել է իր պատվիրակության անդամների հետ ժամանակ անցկացնել նիդերլանդացի մի քանի գործարարի հետ գյալաջի անելով: Այսքան բան:

Ավետիս Բաբաջանյան