Գործածության մեջ կդրվի Դուխով Առաջին աստիճանի շքանշանը․․․

Գործածության մեջ կդրվի   Դուխով Առաջին աստիճանի շքանշանը․․․

Նոր իշխանության պաշտոնյաների ֆեյսբուքյան էջերն եմ նայում ու մտածում՝ նույնիսկ Արցախյան պատերազմից հետո կենդանի մնացած մեր ազատամարտիկները  պատերազմական նման հուշեր չէին պատմում իրենց հերոսությունների մասին, նկարներն արար աշխարհով մեկ անում։ Մեր նոր պաշտոնավորները էս ի՜նչ հուշեր են պատմում, ի՜նչ նկարներ տեղադրում։ Հիմա հասկանու՞մ եք, թե  Սասուն Միքայելյանն ինչու էր ասում, որ հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը։ Կարևոր է նոր պաշտոնյաների արժևորման տեսանկյունից։  Այդքանից հետո համարձակվում, ասում եք՝ այսինչ պաշտոնյան  բանակ չի գնացել, չեք ամաչու՞մ։  

Ճանապարհ փակելը ռազմական ավելի մեծ «օպերացիա էր», քան թշնամուն ելման դիրք շպրտելը։ Իշխանավորների հերոսական հուշապատումներից ելնելով կարելի է նրանց հեղափոխական տարբեր աստիճանի շքանշաններով պարգևատրել։ Կախված այն բանից, թե քանի կիլոմետր են քայլել, քանի փողոց են փակել, քանի արագաչափ են սկոճել, քանի կարմիր գիծ են մաքրել, քանի  հիմնարկի աշխատանք են կաթվածահար արել՝ ըստ այդմ էլ կարելի է նրանց պարգևատրել Դուխով Առաջին աստիճանի, Դուխով Երկրորդ աստիճանի, Դուխով Երրորդ աստիճանի և վերջապես Դուխով մարտական շքանշաններով։ Ճիշտ է, նրանք տեղը տեղին պարգևատրվել են պաշտոններով , բայց ռազմական գործողություններին մասնակցելու համար չէր խանգարի, որ բարձր կոչումներ ստանային, որպեսզի հեղափոխությունը, որը արվել էր, ավելի կարևոր լինի, քան Արցախյան պատերազմը։

Չեմ կասկածում՝ եթե հեղափոխական այս տեմպերով շարժվենք՝ մոտ ժամանակներս գործածության մեջ կդրվի   Դուխով Առաջին աստիճանի մարտական շքանշանը․․․ Ոչ մի բան այլևս զարմանալի չէ։