Սևերի և սպիտակների բաժանումն սպառնալիք է ազգային անվտանգությանը

Սևերի և սպիտակների բաժանումն սպառնալիք է ազգային անվտանգությանը

Մայիսի 19-ի live-ի ընթացքում վարչապետի պահվածքը մտահոգիչ էր, մասնավորապես, նա երկու ուղերձ հղեց․ 1-ինը՝ սպիտակներին, որոնք հավատում են իրեն, նրանց վարչապետը սիրում եւ խոնարհվում է, իսկ 2-րդը՝ սեւերին, որոնք վարչապետին հունից հանել են, եւ այսուհետ, այսպես կոչված, բացահայտումներին որեւէ հերքում չի պատրաստվում տալ։

Պետք է ընդունենք, որ կան հասարակության այլ շերտեր եւս, որոնք ո՛չ սպիտակ են եւ ո՛չ էլ սեւ, այդ շերտերը, ի հաշիվ սպիտակների, էական ընդլայնվում են, եւ նրանք իրավունք ունեն հասկանալ, թե ինչ «փաստեր» են ներկայացնում նախկինները, մասնավորապես, 1-ին պետական օլիգարխ Միքայել Մինասյանը, օրինակ՝ մաքսանենգ ծխախոտի խոշոր «բիզնես» ծրագրի հետեւում ովքեր են կանգնած։ Վարչապետը, վստահ եմ, չկա դրա մեջ, բայց այլ ազդեցիկ անձանց, իշխանավորներին բացառել հնարավոր չէ, առավել եւս, եթե այն կապվում է նախկինների հետ։ Բոլոր դեպքերում՝ ամբողջ պատասխանատվությունը մնում է վարչապետի վրա, հատկապես, երբ նախկինները կարողանում են այդ ծավալի մաքսանենգ գործարքներ իրականացնել «հեղափոխական» իշխանության քթի տակ։ Երկու դեպքում էլ իշխանությունների համար տխուր է, եթե մաքսանենգության հեղինակն իրենց միջից է, ինչը խայտառակություն է, եւ իշխանությունները պարտավոր են բացատրություններ տալ, հետեւություններ անել․ հատկապես 2-րդ եւ 3-րդ ինքնաթիռի առկայությունը նշանակում է, որ կա կոռուպցիոն ձեւավորված համակարգ, իսկ եթե նախկիններն են, շատ ավելի վատ, որ նրանք շարունակում են կոռուպցիոն թալանը։ Հարցեր են առաջանում նաեւ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռ․ Մաշադյանի մաֆիոզ գործունեության մասին՝ մամուլի հրապարակումների վերաբերյալ։ Հավաստի՞ է Աննա Հակոբյանի այն պնդումը, որ մինչեւ իշխանափոխությունը չի առնչվել Մաշադյանի հետ, վերջինս կխուսափեր նույնիսկ բարեւելուց, որովհետեւ արդյունքում կարող էր վտանգել իր կարիերան։ Մաշադյանը նախկին համակարգում առանցքային դեմք է եղել եւ, դատելով մամուլի հրապարակումներից, խոշոր ձկներից է, հիմա ցանկացած մտածող մարդու մոտ հարց է առաջանում ՊԵԿ-ում ԽԲԾ սկզբունքով նրա ձեւավորած կադրային բազայի մասին եւ հատկապես նրա 23-ամյա որդուն, օրենքը շրջանցելով, Երեւանի ռազմական դատախազ նշանակելու հիմնավորումները։ Վարչապետը բազմիցս է հայտարարում, որ եթե մեզ չեք ուզում, ապա բերեք նախկիններին․ առիթ ունեցել եմ արձագանքել, որ երկրի համար շատ վտանգավոր հեռանկար է, ինչը, բնականաբար, չպետք է թույլ տրվի, առավել եւս, եթե նույնիսկ այն թավիշի նախապես փոխհամաձայնեցված հանգրվանն է։ 

2018թ․ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցածն առնվազն 25 տարվա անարդարությունների, քրեաօլիգարխիկ համակարգի թալանի ու սանձարձակությունների, վերջապես՝ 2016թ․ ապրիլյան քառօրյայից հետո նաեւ ազգային անվտանգության հարցում ի հայտ եկած սխալների դեմ ժողովրդի պոռթկումն էր։ Տեղին է նաեւ լսել պարետ Տ․ Ավինյանի եւ առողջապահության նախարար Ա․ Թորոսյանի հիմնավոր բացատրությունները, թե ինչու հարեւան Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների եւ մահերի թիվը տասնապատիկ պակաս է, քան մեզ մոտ։ 

Ցանկացած ՀՀ քաղաքացի, մասնավորապես նրանք, որոնք տասնամյակներ են պայքարել նախորդ մարդակեր ռեժիմի դեմ, մտահոգ են, պարտավոր են պաշտպանել հեղափոխությունը, ինչը, ցավոք, իշխանություններն օրեցօր անխնա մաշում են, որի հետեւանքով սանձարձակորեն ակտիվացել են նախկինները։
 Առայժմ՝ այսքանը։

Պետրոս ՄԱԿԵՅԱՆ