ՊԵԿ-ը ՀԴՄ չի տալիս, լուծում էլ չի առաջարկում, փոխարենը սպառնում է տուգանել

ՊԵԿ-ը ՀԴՄ չի տալիս, լուծում էլ չի առաջարկում, փոխարենը սպառնում է տուգանել

Տևական ժամանակ է՝ տնտեսվարողները բողոքում են, որ ՊԵԿ-ն իրենց չի տրամադրում հաշվիչ դրամարկղային մեքենաներ, և իրենք կանգնել են փաստի առաջ՝ չեն կարողանում գործունեություն իրականացնել։ ՊԵԿ-ն էլ նեղացած կեցվածք է դրսևորել ու լուծում չի առաջարկում։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասում է՝ պահանջում էինք ազատականացնել դաշտը, որ ՊԵԿ-ից բացի մասնավորն էլ ներմուծի, հիմա ազատականացրել են, թող ներմուծեն։ Իսկ ներմուծողներ չկան, այսքան ժամանակ միայն ՊԵԿ-ի համապատասխան ՊՈԱԿ-ն է դրանով զբաղվել, որի բերած խմբաքանակը սպառվել է, քանզի լավ չէին հաշվարկել, իսկ շուկայում էլ ընդամենը մեկ ներկրող է հայտնվել։  

Արդյունքում տնտեսվարողները չեն կարողանում ՀԴՄ ձեռք բերել, առավել ևս կառավարության ու անձամբ վարչապետի խոստացած գնով՝ 60 հազար դրամով՝ 160 հազարի փոխարեն։ ՊԵԿ-ն էլ ասում է՝ առանց ՀԴՄ-ի չի թույլատրվում աշխատել, հակառակ դեպքում կտուգանեն։

«Ազատականացման գործընթացը նախորդեց այն իրավիճակին, որ այսօր կա։ Եվ մենք բազմաթիվ քննարկումների արդյունքում գնացինք այն իրավական փոփոխություններին, որ ազատականացրինք ընդհանրապես ՀԴՄ-ի դաշտը։ Եվ, ցավոք սրտի, մեկ ընկերություն կա, որ արդեն հայտարարել է, որ ունենալու է որոշակի խմբաքանակ։ Մենք կուզեինք, որ լիներ ոչ թե մեկը, այլ լինեին 11-ը կամ 101-ը, և այդ գործընթացը լիներ ոչ թե հիմա, այլ լիներ, ասենք, 6 ամիս առաջ»,-ասաց Դավիթ Անանյանը։

Նրա խոսքով՝ իրենք ունեին քանակություն, որը սպառվել է, հիմա մրցույթ են հայտարարել, բայց մրցույթի հետ կապված որոշակի ճշգրտումներ կան։

«Եթե ազնվորեն ասեմ, մենք հակված չենք նոր խմբաքանակ ձեռք բերելու։ Համենայնդեպս, այսպես է դիրքորոշումը, եթե այս ընթացքում կլինեն գործարարներ, որոնք կլցնեն շուկան համապատասխան տեխնիկական հնարավորություն ունեցող ՀԴՄ-ներով, մենք կվերանայենք մեր գնում կատարելու ցանկությունը։ Բայց գնում կկատարենք այն ժամանակ, երբ բիզնեսը չարձագանքի ազատականացման մեր քաղաքականությանը։ Մենք ազատականացրել ենք, բայց բիզնեսը չի արձագանքել։ Մենք հիմա ունենք մոտ 10 հազար դիմումներ, որը մենք չենք կարողանում բավարարել։ Մենք ունենք սահմանափակ քանակություն, որը միմիայն տրամադրում ենք սահմանամերձ շրջանների տնտեսվարողներին»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Hraparak.am-ի հարցին՝ մեզ դիմում են տարբեր տնտեսվարողներ ու ասում են, որ ՀԴՄ չկա, չեն կարողանում աշխատել, հիմա եթե հարկային տեսուչը մտնի-տեսնի՝ առանց ՀԴՄ-ի են աշխատում, չե՞ն տուգանի, Անանյանն ասաց․ «Մենք այսօր, մինչև վերջերս, ապահովում էինք միայն այն դիմումները, որոնք որ նոր ստեղծված կազմակերպություններ էին, չունեին ՀԴՄ-ներ։ Այդ ՀԴՄ-ները միայն նրանց էինք տրամադրում, հիմա այս վերջին մոտավորապես տասը օրն է, որ մենք սպասարկում ենք միայն սահմանամերձ գոտիներում գործունեություն իրականացնողներին, քանի որ մենք պարտավոր ենք ընդհանրապես նրանց տրամադրել ՀԴՄ։ Եթե կազմակերպությունը չունի ՀԴՄ, ցավոք սրտի, չի կարող իրականացնել այդ գործունեությունը»։

Իսկ ի՞նչ անեն, մարդիկ խանութ են բացել, ուզում են բիզնես անել, հարկ վճարել, բայց չեն կարողանում։

- Ե՞վ։

Ես էլ Ձեզ եմ հարցնում՝ և՞, ի՞նչ անեն այդ մարդիկ։

- Էն, ինչ որ կառավարությունը պիտի աներ, արել էր, եթե ոլորտի ազատականացման ջատագովները չեն բերել ժամանակին ՀԴՄ-ներ ու այդ գործունեությունը չեն իրականացրել, կառավարությունը կարող է մաքսիմում մեկ գնում էլ հայտարարել ու բերել։

Փաստորեն, միայնակ եք թողնում տնտեսվարողին, պարոն Անանյան։

- Դուք ազնիվ չեք և սխալ հայտարարություն եք անում, որովհետև Դուք չեք տիրապետում իրականությանը։

Ինձ դիմում են տնտեսվարողները, ասում են՝ չեն տալիս ՀԴՄ։

- Չունենք, դրա համար չենք տալիս։ Թող գնան ձեռք բերեն շուկայից։

- Շուկայից որտեղի՞ց ձեռք բերեն, եթե շուկայում էլ չկա։

- Ով որ ազատականացման ջատագով էր և ասում էր՝ մենք ունենք, թող բերեին անեին։ 

Հիմա իրենք ի՞նչ մեղք ունեն։

- Ո՞վ ունի մեղք, պետությո՞ւնն ունի մեղք։

Սովորական տնտեսվարողը, իմ և Ձեզ նման պոտենցիալ տնտեսվարողն ի՞նչ մեղք ունի, որ ինչ-որ մարդիկ հայտարարություններ են արել։

- Ինչ-որ մարդիկ չեն, դրանք մարդիկ էին, որոնք որ ցանկություն ունեին այդ ոլորտում գործունեություն իրականացնել։ Մենք ունեինք մոտավորապես որոշակի պաշար ՀԴՄ-ների, մեզ թվում էր՝ էդ պաշարը կհերիքի մեզ, որ մենք այս ժամանակաշրջանի պահանջները բավարարենք, մինչև որ բիզնեսն էս ազդակները ստանալով՝ ապահովի համապատասխան խմբաքանակով։ Հիմա մեր պաշարներն ավելի շուտ են սպառվել, բիզնեսն էլ մեր սպասածից չի արձագանքել։ Այո, իրավիճակ ա, որը լավ իրավիճակ չի, բայց էս իրավիճակը մենք պետք ա հաղթահարենք։

- Հիմա ովքեր չունեն ՀԴՄ, ի՞նչ են անելու։

- Ով որ հսկիչ դրամարկղային մեքենա չունի և իրականացնելու է գործարք, այո, իրենք տուգանվելու են։

- Փակուղու առջև եք կանգնեցրել տնտեսվարողներին։

- Փակուղու առաջ չենք կանգնեցրել, իրավիճակ է, կա օրենսդրական պահանջ, որ ՀԴՄ լինի, և կար հանրային պահանջ, որ պետք է ՀԴՄ-ն ազատականացվի, ազատականացրել ենք։

- Հիմա Դուք ինչո՞ւ արագ գնում չեք հայտարարում։ Նաև ասացիք, որ հակված չեք, ինչո՞ւ։

- Հակված չեմ, որովհետև, այ, էդ բիզնեսմենը, որը հայտարարել ա, որ ես բերելու եմ 9 հազար հատ խմբաքանակ, եթե ես գնում կատարեմ, կխաթարեմ իր բիզնեսը։

- Պարոն Անանյան, Դուք պատասխանատու անձ եք և պատասխանատվություն եք կրում տվյալ ոլորտի շահառուների առջև, բայց հիմա լուծում չեք առաջարկում։

- Մենք լուծում առաջարկել ենք հանրությանը, բայց հանրությունը պատշաճ չի արձագանքում։

- Կարծես նեղացած լինեք հանրությունից։

- Չէ, նեղացած բան չկա, բացարձակ։