Արել են այնպես, որ առանց «պադավատի» չմնան

Արել են այնպես, որ առանց «պադավատի» չմնան

Ազգային ժողովը երեկ ԱԺ նախագահի տեղակալներին ընտրելուց հետո անցավ ԱԺ հանձնաժողովների ձեւավորմանն ու դրանց նախագահների ընտրությանը։ Նախ հաստատվեց օրենսդրական փոփոխությունը, համաձայն որի՝ նախկին 9 հանձնաժողովի փոխարեն այժմ պետք է լինի 11-ը։ Փաստորեն, ոչ թե օպտիմալացնում են, այլ ավելացնում հանձնաժողովների թիվը, որը ենթադրում է ավելի շատ ծախսեր՝ հանձնաժողովների նախագահներին ու տեղակալներին ավելի բարձր աշխատավարձ, ծառայողական ավտոմեքենա՝ իր բենզինով, լրացուցիչ օգնականներ, փորձագետներ եւ այլն։ Պատգամավորները երեկ այս հարցին չէին կարողանում հիմնավոր պատասխան տալ, թե ինչու են նորից տարանջատվում, ասենք, մարդու իրավունքների հանձնաժողովը՝ պետաիրավականից, երբ դրանց միավորվելուց հետո էլ ոչ մի բան չէր փոխվել։

Մարդու իրավունքների հարցերով զբաղվող հանձնաժողովը նախկինում երբ առանձին էր, ամենապարապ հանձնաժողովներից էր, որտեղ շատ քիչ նախագծեր էին գալիս քննարկման։ Նույնն է նաեւ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի դեպքում, որի ղեկավարը Նաիրա Զոհրաբյանն էր։ Այս հանձնաժողովն էլ պարապ հանձնաժողով էր եւ ողջ տարվա ընթացքում կարող էր մի երկու նիստ հազիվ գումարել՝ ձեւական հարցերով, կիսատ-պռատ։ Եվ հաճախ էր այս հանձնաժողովի մնալ-չմնալու հարցը բարձրացվում։ Բայց այն դարձյալ մնում է՝ կրճատվելու փոխարեն։ Հիմա այն Զոհրաբյանի փոխարեն կգլխավորի վարչապետի նախկին խոսնակ Արման Եղոյանը, եւ շատ վիճելի է, թե ինչպես է կարողանալու Հայաստանը եվրաինտեգրել։ Այս հանձնաժողովների գոյությունն ավելի շատ լրացուցիչ հաճույքի էլեմենտներ էր ապահովում դրանց նախագահների եւ տեղակալների համար, որոնք օգտվում էին պեության տրամադրած «պադավատներից» եւ այն ծառայեցնում իրենց անձնական կարիքների համար՝ ոչ ավելին։ Վստահաբար, նույնն է լինելու նաեւ հիմա։

Ամենածանր՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն, արդեն առանց մարդու իրավունքների հարցերի է մնացել։ Այն կգլխավորի ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, ով երեկ դժվարություններ ուներ հարցերի զեկուցման եւ կանոնակարգ-օրենքին տիրապետելու տեսանկյունից։ Թեպետ իրենց խմբակցությունում, որպես իրավաբան, ամենապրոֆեսիոնալներից է համարվում։ Իսկ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը կգլխավորի Նաիրա Զոհրաբյանը։ Մյուս՝ ամենածանր ու աշխատատար հանձնաժողովի (արտաքին հարաբերությունների) նախագահ կլինի «Իմ քայլից» ընտրված պատգամավոր, ԱԳ նախկին փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը՝ զբաղեցնելով Արմեն Աշոտյանի տեղը։ Նա այս ամիսներին աշխատելով արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալ՝ արդեն հասցրել է բազմաթիվ կիքսեր թողնել եւ ի ցույց դնել արտաքին քաղաքականության հետ չառնչվելու իր «տաղանդը»։ Ռուբինյանի «կոմպետենտության» վերջին շտրիխն էլ եղավ Աշոտյանի հետ նրա բանավեճը նախընտրական շրջանում, որի մասին մինչեւ հիմա խոսում են ու քննարկում, թե ինչպես Աշոտյանը ջախջախեց Ռուբինյանին։ Եվ հիմա Ռուբինյանն այդպիսի «պրոֆեսիոնալիզմով» պետք է ղեկավարի ԱԺ ամենաբարդ հանձնաժողովներից մեկը։

Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն էլ կղեկավարի Նարեկ Զեյնալյանը, ով Երեւանի ավագանու անդամ է եղել եւ այնտեղ եւս զբաղվել է առողջապահական խնդիրներով։

Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը կգլխավորի հատուկ իր համար ձեւափոխված երկարաշունչ անվանումով՝ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը։ Հայրապետյանը, ով ամենաքննադատված ու չհաջողած նախարարներից էր այս ութ ամիսների ընթացքում, պետք է համակարգի ոչ միայն սփյուռքի, այլեւ գիտության, կրթության, երիտասարդության եւ սպորտի հարցերը։

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն էլ կղեկավարի դարձյալ «Իմ քայլից» Անդրանիկ Քոչարյանը, ում թեկնածությունը հայտնի էր ի սկզբանե եւ իշխանական թիմում չէր վիճարկվում։

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ կդառնա մի կարճ շրջան Կարեն Կարապետյանի կառավարությունում տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար աշխատած Վարազդատ Կարապետյանը, ում մասին եւս դրական են արտահայտվում՝ ելնելով նրա կոմպետենտությունից։

Պետաիրավականից հետո բարդությամբ ու պատասխանատվությամբ թերեւս երկրորդ ամենածանր՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոննն էլ վստահել են լրագրող Բաբկեն Թունյանին։ Չնայած ի սկզբանե նաեւ «Հայկական ժամանակի» տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանի անունն էր հնչում։

Նորաստեղծ տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն ընդդիմությունից է՝ ԲՀԿ-ից՝ ԱԺ նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանը, ով մասնագիտությամբ տնտեսագետ է։ Թվում էր, թե տնտեսական հարցերի հանձնաժողովը նրան կվստահեին՝ հաշվի առնելով նրա փորձառությունն ու այն հանգամանքը, որ նախկինում նաեւ այս հանձնաժողովի նախագահի տեղակալն է եղել, բայց իշխանական «Իմ քայլը» ֆրակցիան որոշել է բոլոր կարեւոր ու պատասխանատու հանձնաժողովներն իրեն վերցնել՝ նույնիսկ, եթե դրանք ղեկավարելու համար չունի կոմպետենտ թեկնածուներ։

«Լուսավոր Հայաստանին» էլ, ըստ Դոնթի բանաձեւի, բաժին է հասել ընդամենը մեկ հանձնաժողով, եւ դա ոչ պակաս բարդ ու պատասխանատու հանձնաժողով է՝ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը։ Այն կգլխավորի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը։

Այստեղ ուշագրավ է մեկ հանգամանք։ Տպավորություն է, որ այս հանձնաժողովների նախագահները, բացի քաղաքական որոշակի ամբիցիաներից, ընտրվել են, այսպես կոչված, «պադավատի» սկզբունքով։ Եթե ուշադրություն դարձնենք, հանձնաժողովների մեծ մասի նախագահներ են նշանակվել այնպիսի մարդիկ, որոնք մինչ այդ «պադավատով» պաշտոնյա են եղել, օրինակ՝ նախարար, փոխնախարար, աշխատակազմի ղեկավար, վարչապետի խոսնակ, ով եւս ծառայողական մեքենայով էր շրջում եւ այլն։ Այսինքն՝ որոշել են այնպես անել, որ նախկին հաճույքներից այս մարդիկ զրկված չմնան եւ նույնիսկ ԱԺ-ում էլի ունենան ընդունարանով ընդարձակ աշխատասենյակ, մեծ աշխատակազմ, օգնականներ եւ պետության հաշվին տրամադրվող ծառայողական ավտոմեքենա։