Օրենքի դիկտատուրա պետք է տարածվի բոլորի վրա. Փաշինյանի հորքուրի տղու, իմ՝ հորողբոր տղու վրա. Աշոտ Աղաբաբյան 

Օրենքի դիկտատուրա պետք է տարածվի բոլորի վրա. Փաշինյանի հորքուրի տղու, իմ՝ հորողբոր տղու վրա. Աշոտ Աղաբաբյան 

Հարկային մարմինների կողմից ժամանակին մեծ տուգանքների արժանացած եւ այդ հողի վրա Հանրապետական կուսակցությանը «ֆունդամենտալ» կերպով քննադատող Աշոտ Աղաբաբյանը ժամանակին ՀՀԿ խորհրդից հեռացվեց եւ իշխանափոխությունը ջերմորեն ողջունեց։

Նա Օպերայի տարածքի սրճարանները մաքրելու հարցում հակասական մոտեցում ունի։ Ասում է, քաղաքային իշխանությունները ճիշտ են, եթե ամեն ինչ օրինական են անում։ Բայցև, ասում է, որ պետք է հաշվի առնել աշխատողների իրավունքները և այնպիսի քայլեր չանել, որ երկիրը վերածվի քաոսի։ «Ասում են՝ օրենքը սա է և վերջ։ Էդ օրենքը գրվել է նախկինների կողմից, իրենք են տվել այդ փողը, աշխատելու իրավունքը, հիմա նորերն եկել, ասում են՝ չէ, և իրենք էլ բնական է՝ պիտի ընդդիմանան»,-  ասաց Աշոտ Աղաբաբյանը։

Ի դեպ, նրան դիմել էինք՝ նկատի ունենալով, որ Աղաբաբյանին է պատկանում Օպերայի դիմացի մայթի վրա գտնվող ամենահայտնի սրճարաններից մեկը՝ «Կազիրյոկը»։ Աշոտ Աղաբաբյանը հերքում է, ասում է, որ «Կազիրյոկն» իրենը չէ, առհասարակ, որևէ սրճարան չունի։ 

«Կազիրյոկը ո՛չ իմն է, ո՛չ բարեկամինս, ո՛չ ընկերոջինս… «Կազիրյոկը» 100 տարվա «Կազիրյոկն» է․որտեղ ես ընդամենը օգտակար եմ եղել տիկին Հռիփսիմեին, ում ճանաչում եմ ուսանող ժամանակներից, երբ այնտեղ կոֆե էինք խմում, դա հին նոստալգիա էր: Ես ժամանակին օգնել եմ տիկին Հռիփսիմեին, իսկ այդ սրճարանը հիմա նրա թոռնուհու սեփականությունն է»,-մանրամասնում է <Հրազդան> տոնավաճառի սեփականատեր Աղաբաբյանը։

Երկիրը երկիր դարձնելու հարցում նա ընդամենը մեկ բան է կարևորում․ օրենքի դիկտատուրան։ «Սա ժողովրդին հա՛մ դաստիարակող է, հա՛մ էլ թույլ է տալիս օրենքի սահմաններում իր իրավունքները պաշտպանել, և էսօր Նիկոլ Փաշինյանի՝ մեր վարչապետի քայլերը տանում են մենակ դրան։ Իհարկե, դա չի բացառում, որ տարբեր ստրուկտուրաներում չեն կարող լինեն մարդիկ, որոնք օրենքը չպաշտպանեն, դեռ մի բան էլ ավելի շատ գողանան, քան նախկինները, բայց խնդիրն այն է, որ Փաշինյանը հենց դրանց մեջից էլ, ով որ սխալվել է՝ մաքրի, որովհետև, եթե քո կադրերն ինչ-որ սխալ բան են անում, դա քո հեղինակությունն է թուլացնում։ Օրենքի դիկտատուրան պետք է բոլորի վրա ազդի․իրա հորքուրի տղու, իմ հորոխպոր տղու, բոլորի վրա։ Իսկ դրանից առաջ էլ «մարդիկ մի հատ մեղքերի թողություն պիտի անեն, երդվեն, որ, այ մարդ, վերջ, էլ ինքներս մեզ չենք խաբելու, դրանից հետո ազնիվ, անկեղծ ապրեն»»,-ավելացրեց Աշոտ Աղաբաբյանը։ Ընտրովի արդադատության կամ մոտեցման որևէ կասկած չունի, ուղղակի ասում է, որ իր տեսակետով ճիշտն այսպես է։