100-ից ավելի ֆիլմեր՝ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոնում

100-ից ավելի ֆիլմեր՝ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոնում

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 24-29-ը: Բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում: Արարողությանը կմասնակցեն նաեւ փառատոնի հատուկ հյուրերը: Ֆիլմեր կցուցադրվեն նաեւ այլ տարածքներում:

Այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 350 լիամետրաժ եւ կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրներից, որոնցից ընտրված 100-ից ավելին կմրցեն փառատոնի հինգ հիմնական անվանակարգում: Մասնավորապես, ներկայացված են լայնամետրաժ եւ կարճամետրաժ ֆիլմեր ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից եւ այլ երկրներից:

Արտերկրի ու Հայաստանի պրոֆեսիոնալ մասնագետներից կազմված ժյուրին կդիտարկի դրանք եւ փառատոնի ավարտին մրցանակներ կհանձնի տարբեր անվանակարգերում:

Փառատոնի շրջանակում կիրականացվի հատուկ ծրագիր՝ նվիրված նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովի 95-րդ եւ հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանի 90-րդ հոբելյաններին:

Փառատոնի շրջանակներում, ինչպեսեւ նախորդ տարիներին, կանցկացվեն վարպետության դասեր, սեմինարներ: Այս տարի վարպետության դասեր կանցկացնեն «Մատանիների տիրակալը» ֆիլմի վիզուալ էֆեկտների պատասխանատու Ռոջեր Կուպելյանը (ԱՄՆ), «Սիրով, Վինսենթ» ֆիլմի ռեժիսոր Հյու Վելշմանը (Լեհաստան), European Animation Awards-ի գործադիր տնօրեն, հայտնի պրոդյուսեր Ժան Պոլ Քոմինը (Ֆրանսիա), ոլորտի մասնագետներ՝ պրոդյուսեր Ռոն Դայնսը (Ֆրանսիա), պրոդյուսեր, պատկերապատման գրքի հեղինակ, սցենարիստ, ռեժիսոր Կորյուն Ապրիկյանը (Ֆրանսիա), նկարիչ, պատկերապատումների հեղինակ Դեն Գոլդմանը (ԱՄՆ), գեղանկարիչ եւ անիմացիոն ֆիլմի գեղարվեստական ղեկավար Գեւորգ Մուրադը (ԱՄՆ), ռեժիսոր-անիմատոր Նատալյա Միրզոյանը (Ռուսաստան), ռեժիսոր Արուպ Դեւիվիդին (Հնդկաստան), անիմատոր, իլյուստրատոր Զորիկա Գետան (Գերմանիա) եւ պրոդյուսեր Ալան Գրանջերարդը (Ֆրանսիա)։ 

«ՌեԱնիմանիա» փառատոնի այս տարվա բոլոր տպագիր նյութերում, այդ թվում՝ պաստառին, կա կարմիր, կլոր խորհրդանիշ: Փառատոնն այն զետեղել է ի հիշատակ Kyoto Animation ընկերության շենքի հրկիզման, որը տեղի է ունեցել այս տարվա հուլիսի 18-ին: 41-ամյա անհայտ տղամարդը բենզին է լցրել գրասենյակի ներսում եւ աշխատակիցների վրա, ինչի հետեւանքով զոհվել է 35 մարդ: