Եկեղեցի՛ն պիտի կանգներ ժողովրդի կողքին, որի թիկունքը բաց էր․․․
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը գտնում է, որ Երկրորդ և Երրորդ նախագահները պետք է հեռանան, որովհետև Բագրատ Սրբազանի անհաջողության պատճառն իրենք են։ Առաջին հայացքից վտանգավոր միտք չի թվում։ Մարդ է՝ մտածում է պայքարը հաղթական ավարտին հասցնելու համար։ Բայց տեսեք ե՞րբ է այդ հայտարարությունն անում։ Երբ Բագրատ Սրբազանը կարողացավ ժողովրդի միասնության, ուժի շնորհիվ մտնել Հ1։ Երբ պատկերացնեք այդ պահը, կհասկանաք, որ նա նման հայտարարություն է անում այն բանից հետո, երբ տեսնում է, որ ժողովուրդը միասնության, միաբանության նշույլներ է ցուցաբերում և ոգևորվել ու սպասում է կիրակի օրվա հանրահավաքին։ Մենք վեց տարի զարմանում ենք, որ իշխանության բերվածը հանրությանը սև ու սպիտակի է բաժանել, բայց այսօր ականատես ենք, թե ինչպես է արքեպիսկոպոսը պառակտման, մերժման կոչ անում։ Սերժ Սարգսյանը միայն Սերժ Սարգսյանը չէ, նայեք, ինչ զանգված է հավաքվում նրա շուրջ, Ռոբերտ Քոչարյանը միայն Ռոբերտ Քոչարյանը չէ, նայեք այն զանգվածին, որ նրա շուրջն են։ Նույնը կարող եմ ասել Լևոն Տեր Պետրոսյանի և մյուս քաղաքական գործիչների մասին։ Մերժե՞նք ազատագրական պայքարում նրանց ներդրումը։ Հիշեցնեմ 2023 թվականի Աջապահյանի արված հայտարարությունը․ «Նախկինները հրեշտակ չէին, բայց հրեշ էլ չէին. այս մեկը, կարծեք թե, վերածվում է հրեշի»։
Մենք պատերազմ ենք հաղթել մեր միասնությամբ, համախմբվածությամբ։ Ժողովուրդ, իշխանություն, եկեղեցի։ Այսօր իշխանությունը մեզ դեմ է գործում, ժողովուրդը ո՞նց կարելի է մասնատել։ Ինչի՞ համար է կատարվում այս պառակտումը․ սա պիտի բացատրել։
Ի՞նչ է ստացվում։ Նիկոլ է ուզում հեռացնել՝ քաղաքական դաշտը և հանրությանը պառակտելով։ Բագրատ Սրբազանի պայքարը ազատագրական պայքար է։ Մենք երկիր ենք կորցնում։ Ազատագրական պայքարի ժամանակ հաղթանակած նախագահներին միայն հակառակորդը կարող է մեկուսացնել, ինչպես և անում է։ Սա աթոռի կռիվ չէ, սա մեր ինքնությունը, պետականությունը պահելու պայքար է և եկեղեցին պիտի կանգներ ժողովրդի կողքին, որի թիկունքը բաց է։ Երբ Բագրատ Սրբազանն ասում էր, որ եթե անգամ մենակ մնամ, պայքարելու եմ, այսօր դրա խորքային իմաստը հասկանում եմ։ Եկեղեցի՛ն պիտի կանգներ ժողովրդի կողքին․․․Եկեղեցի՛ն պիտի կանգներ Սրբազանի կողքին և նրա թիկունքը բաց չթողներ։ Հոգեբանության մեջ այսպիսի թակարդ կա, երբ մարդ իրենից դուրս անընդհատ մեղավորներ է փնտրում։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այդ թակարդի մեջ է։ Եթե եկեղեցու մի անդամի կանչով այդքան մարդ է համախմբվում, ինչու՞ չհնչեց եկեղեցու զանգերը։ Սա Նիկոլին հեռացնելու պայքարը չէ, մեր պետականությունը փրկելու պայքար է, որ պայմանավորված է մեկ անձի իշխանությամբ։ Եկեղեցին համախմբման կոչ պիտի անի, ինչը անում է Բագրատ Սրբազանը և կարծում եմ կիրակի հանրահավաքը չի տուժի նման դրսևորումներից։
Կարծիքներ