Անգամ սատանայի հետ դաշինք կնքելով

Անգամ սատանայի հետ դաշինք կնքելով

Ինչպե՞ս ստացվեց, որ մենք Արցախ պաշտող, Արցախի համար մեր կյանքը չխանյող հանրությունից հանկարծ վերածվեցինք Արցախն ու արցախցիներին չսիրող, մերժող հանրության։ Չէ որ 1988 թիվ է եղել, 1992-94 թվերի, ապա 2016 ու 2020-ի պատերազմներ են եղել, որոնց ժամանակ հայաստանցիները խելակորույս նետվել են Արցախը պաշտպանելու եւ ոչ մեկի մտքով անգամ չի անցել ասելու, որ դա այլ երկիր է՝ Հայաստան չէ, ինչու պետք է ես կամ զավակս մեկնի այն պաշտպանելու։ Չէ որ 1998-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարական է եղել, որը հիմնականում կապված էր Արցախի հարցի լուծման կոմպրոմիսային առաջարկի հետ եւ հասարակությունն անգամ այդ կոմպրոմիսին համաձայն չեղավ՝ ներքուստ համաձայն լինելով նորանոր զրկանքներ կրել, բայց մեզ համար ստորացուցիչ որեւէ համաձայնության չգնալ եւ անպայման Արցախը պահել։

Չէ որ տասնամյակներ շարունակ մենք դատափետել ենք բոլոր նրանց, ովքեր արցախցի-հայաստանցի սեպ են խրել եւ թեկուզ որեւէ ակնարկով տարանջատել մեր հայրենիքի երկու հատվածները։ Չէ որ 2019 թվականի օգոստոսի 5-ին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր․ «Արցախը Հայաստան է եւ վերջ», մենք հրճվանքի մեջ էինք։
Չէ որ տարիներ շարունակ մենք հաճույքով մեկնում էինք Արցախ, արցախցիներին էինք ընդունում Հայաստանում, մասնակցում էինք Հայաստան համահայկական հիմնադրամի մարաթոններին, որի հանգանակած գումարներով Արցախում տարբեր ծրագրեր էին իրականացվում։ Եւ ոչ մեկի մտքով չէր անցնում Լոռին ու Արարատը, Տավուշն ու Սյունիքը հակադրել Արցախին։ Արցախն, իրոք, Հայաստան էր բոլոր հայերի համար եւ դա անվիճարկելի իրողություն էր։

Ինչպե՞ս ստացվեց, որ խոցված ու վիրավոր Արցախն այլեւս մեզ համար սիրելի չէ, թանկ չէ։ Այնքան սիրելի չէ, որ Հայաստանում ապրող հայ կինը կարող է ծաղրել Աղավնոյից ու Բերձորից տարհանվող բնակիչներին եւ առանց ամաչելու գրել․ «Բա պրաշչալնի ժինգյալով տորթ չեք թխո՞ւմ»։ Կամ մեկ ուրիշը կարող է սրտնեղել ու Հայաստանում ապրող ղարաբաղցիներին մատնացույց անել Հայաստանի «դուռը»՝ գնացեք Արցախ։ Կամ բժշկի մասնագիտությամբ մեկը կարող է հարցազրույց տալ եւ ասել․ «Բերձոր ու Աղավնո դատարկելով, Հայաստանի Հանրապետությունը «երաշխիքներ» է ստանում, որ այլևս երբեք նոր ռոբերտքոչարյաններ Արցախից չեն գա ՀՀ նախագահություն անելու»։
Այս մարդիկ չեն գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչ է տեղի ունենում։ Չեն հասկանում, որ Արցախը մեր պաշտպանական զրահն էր, մեր աքիլեսյան գարշապարը, մեր հավաքական ուժի եւ կամքի դրսեւորման ապացույցն՝ ուղղված մեր թշնամիներին ու արտաքին աշխարհին։ Երբ այն չկա, վիրավոր է ու անպաշտպան, մենք բոլորս ենք անպաշտպան ու խոցելի։

2020-ից հետո, թվում է, պետք է յուրաքանչյուր հայ մարդ հասկացած լիներ, որ եթե Հայաստանն ու Արցախն անխոցելի եւ անառիկ դարձնելու համար հարկավոր է դաշինք կնքել անգամ սատանայի հետ, պետք է գնալ նաեւ դրան։