Մարտի 1-ին գնացել էինք  գաղափարի համար

Մարտի 1-ին գնացել էինք  գաղափարի համար

Գոնե Hraparak.am-ի հետ զրուցած 2 քաղբանտարկյալներից որևէ դժգոություն չհայտնեց, որ, ի տարբերություն, Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների, կամ 2008-ի մարտի 1-2 ընկած ժամանակահատվածում բողոքի ցույցերը ցրելու հետեւանքով անձանց  առողջությանը պատճառված վնասի հատուցման հետ կապված,  Ալեն Սիմոնյան-Լենա Նազարյան համահեղինակությամբ օրենքի նախագծում որևէ խոսք չկա քաղբանտարկյալներին փոխհատուցում տալու մասին։ Հիշեցնենք, որ ինչ-ինչ դժգոհությունների մասին գրել էր մամուլը։

Այն ժամանակ դեռ  «Հայ ազգային կոնգրեսի» անդամ, ներկայումս «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Մասիս Այվազյանն ասաց․«Առաջին անգամ եմ լսում դրա մասին, և նման ո՛չ հանդիպում է եղել, ո՛չ քննարկում։ Իմ մասով կարող եմ ասել, որ իմ վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշում այն մասին, որ ինձ 15 օր ապօրինի կալանավորած են պահել՝ 2 ամիս ժամկետից հետո։ Իմ հայցը լսվել է, որոշում կայացվել է, ստացել եմ նաև փոխհատուցում՝ 15 օր ապօրինի կալանավորված լինելու համար։ Բայց դա չէ էականը, այլ այն, որ մենք գնացել էինք մեր գաղափարների համար»։

Նախկին քաղբանտարկյալ Հովհաննես Ղազարյանն էլ ասաց․ «Ես կուզենամ, որ առաջին հերթին նրանց փոխահատուցեն, բայց լավ կլիներ, որ էդ փոխհատուցումը մեզ էլ հասներ, բայց, եթե միայն ու առաջին հերթին նրանց փոխհատուցեն, որևէ դժգոհություն չի կարող լինել »։ 

Քանի որ, Ալեն Սիմոնյանի ու Լենա Նազարյանի նախագծով նախատեսվում է այդ իրադարձությունների ժամանակ միջին, ծանր և  առանձնապես ծանր վնասվածքներ ստացած անձանց փոխհատուցում, հնարավոր է, որ ինչ -ինչ դժգոհություն լինի ու այն բարձրաձայնված լինի հիմնավորմամբ, որ քաղբանտարկյալների հիմնական մասը կալանավայրեր տարվել են ծեծված-ջարդված-խոշտանգված վիճակում, և շատերը տարիներ կալանավայրերից դուրս գալուց հետո տարիներ շարունակ բուժումներ էին անցնում։ Ինչպես, օրինակ, Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը, ում  մեջքը վնասելու մասին  նախկին Գլխավոր դատախազը խոսում էր մարտիմեկյան իրադարձություններից մի քանի օր առաջ։ Ասյօր  Գագիկ Ջհանգիրյանը այս մասին չի ցանկանում խոսել։ Չհաջողվեց խոսել նաև նախկին քաղբանտարկյալեր Սասուն Միքայելյանի, Վարդան Մալխասյանի,  Արամ Մանուկյանի, Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի (վերջինս գտնվում է կոմայի մեջ) և շատ-շատերի հետ։ 

Հիշեցնենք, որ մարտիմեկյան դեպքերի ժամանակ Հայաստանն ունեցավ 145 քաղբանտարկյալ, որոնից ոմանք ժամանակին դիմել էին  ՄԻԵԴ ու ստացել փոխհատուցումներ։ Այս թվում՝ ներկայումս՝ Շվեդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան և համատեղությամբ  Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի լիազորությունների կատարող Ալեքսանդր Արզումանյանը, ՔԿՀ նախկին վարչության պետ Մուշեղ Սաղաթելյանը, (դատարանը  ճանաչել է դիմողի բոլոր իրավունքների խախտումները, մերժել  նախկին  յառավարության բոլոր փաստարկները) և դատարանի որոշմամբ՝ Հայաստանը Սաղաթելյանին պետք է վճարեր 15 600 եվրո վնասի փոխհատուցման եւ 5 հազար եվրո դատական ծախսերի դիմաց, սակայն այն ժամանակ , երբ հրապարակվեց  վճիռը, Մուշեղ Սաղաթելյանը արդեն մի քանի ամիս գտնվում էր և շարունակում է մնալ կոմայի մեջ։