Խաչատուր Սուքիասյանը և մենք

Խաչատուր Սուքիասյանը և մենք

Խաչատուր Սուքիասյանը, չնայած օլիգարխ լինելուն, շատ խելացի մարդ է: Նրանից կարելի է սովորել: Երբ ես ԱԺ էի լուսաբանում, Խաչատուր Սուքիասյանն էլի պատգամավոր էր: Այն ժամանակներից գիտեմ իրեն: Մի անգամ, հիշում եմ, սաստիկ բանավեճ ծավալվեց իր և երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանի միջև: Սիգարետ ներկրողի ու տեղական արտադրողի ջրերը նույն հունով չէին գնում ակցիզների համահարթեցման պատճառով: Ներկրողը, պարզ է, «Ֆիլիպ Մորիսի» այն ժամանակվա հայկական արքա Խաչատուր Սուքիասյանն էր, արտադրողը՝ Հրանտ Վարդանյանը: Վերջինիս մտահոգում էր հայկական «Չիբուխ» սիգարետի ապագան, որը մշուշոտվել էր՝ «Մալբորոյի» հետ նույն ակցիզով հարկվելու հեռանկարից: Մե քննարկում, մե հիմնավորումներ, մե հակադարձումներ, մե իրար թունդ խոսքեր ասել: Նիստերից մեկի ավարտին, սակայն, Խաչատուր Սուքիասյանը Հրանտ Վարդանյանին թևանցուկ արած դուրս եկավ դահլիճից, իսկ երբ վերադարձան՝ արդեն ախպերներ էին: Թե ինչպես լուծվեց այդ հարցը, արդեն չեմ հիշում, բայց Սուքիասյանն այդ օրվանից տպավորվեց իմ մեջ որպես խելացի և լուրջ մարդ: Մեկ էլ նրա մի արտահայտությունն եմ հիշում, որ արեց լրագրողների ներկայությամբ: Ասաց՝ սա ի՞նչ բան է, բանկերը պարապ են, իսկ ժողովրդի գրպանում «Կամազ»-ներով փող է պտտվում՝ աննպատակ ու անօգուտ: Ժամանակն է անցնելու վճարման բանկային համակարգին, քարտերին: Իրենց մոտ հայտնված լրացուցիչ փողով բանկերը կարող են վարկեր տրամադրել, փողը կսկսի փող բերել… Սուքիասյանը ճիշտ էր:

Իհարկե, ցավալի է խելացի մարդուն ՔՊ խմբակցության պատգամավորի պաշտոնում տեսնելը, բայց, ինչ արած, կյանքն է ստիպել Սուքիասյանին: Թեեւ չկա չարիք առանց բարիքի: Էլի Սուքիասյանը Նիկոլի էկոնոմիկայի նախարարին շառաչուն ապտակ հասցրեց, որ սա ամեն անգամ էշ-էշ բաներ չխոսի, հիմարություններ դուրս չտա: Սուքիասյանը, վստահ եմ, դա արեց թիմի շահերից ելնելով, բայց, քանի որ թիմը թիմ չէ, սխալ ընկալեց այդ ապտակն ու Սուքիասյանին գցեց «սև ցուցակ»: Նիկոլը, հավանաբար, հասկացավ, որ իր էկոնոմիկայի նախարարին ապտակ հասցնողը մի օր էլ իրեն կհասցնի: Ինքն էլ կառավարության նիստերին է, չէ՞, էշ-էշ բաներ դուրս տալիս: Եվ, ինչպես ռուսը կասեր, процесс пошел: Սուքիասյանին ինչ-որ պահանջներ են դեմ տվել վերջինիս կողմից տնօրինվող գույքի ձեռքբերման հետ կապված՝ օրինակա՞ն է այդ գույքը, թե՞ ոնց: Չեմ վիճում, Սուքիասյանի համար դա գուցե անսպասելի է եղել, բայց և համաձայն չեմ այն ֆեյսբուքահայերի հետ, որոնք պնդում են, թե սա հերթական շոուն է, որով Նիկոլը փորձում է ուշադրություն շեղել: Ես կասեի՝ Նիկոլը փորձում է կանխել Սուքիասյանին, որպեսզի վերջինս ոտնձգություն չկատարի տնտեսագիտության և պետության կառավարման ոլորտներին վերաբերող իր «հանճարեղ» մտքերի ու գործերի նկատմամբ:
Լևոն Տեր-Պետրոսյանն, օրինակ, քի՞չ է քննադատել Նիկոլ Փաշինյանին: Աշխարհի տակ էլ խոսք ու պիտակ չմնաց, որ չկպցներ նրան, ընդհուպ անվանեց ազգակործան պատուհաս, իսկ Մուսինյանի շուրթերով էլ հայտարարեց, որ Նիկոլը քաղաքականությունից ոչինչ չի հասկանում: Բա եթե Նիկոլի գափարական հայրերն անձամբ են փնովում Նիկոլին, չե՞ն կարող, ուրիշի, ասենք՝ Խաչատուր Սուքիասյանի բերանով էլ դատապարտել Նիկոլի «տնտեսագիտությունը»: Այնպես որ իրավիճակն ամենապարզերից չէ ու պետք է մի փոքր համբերել՝ տեսնելու, թե էլի ինչեր տեղի կունենան:

Խելացի լինելուց զատ Խաչատուր Սուքիասյանը նաև ազդեցիկ մարդ է: Նրա ազդեցությունը տարածվում է անգամ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի վրա: Ի դեպ՝ խոսակցություններ կան, որ Վահագն Խաչատուրյանն ավելի շատ Սուքիասյանի, քան Փաշինյանի մոտ է նախագահ աշխատում, և դրանք անհիմն խոսակցություններ չեն: Խորհրդային Միության տարիներին Սուքիասյանները բոլորիս նման աղքատ չեն եղել և Սիլաչիում հայտնի գերդաստան էին դեռ էն ժամանակներում: Հայաստանի վերանկախացումից հետո վերելքի նոր հնարավորություններ բացվեցին Սուքիասյան եղբայրների համար, և նրանք, կարելի է ասել, ըստ արժանվույնս գնահատեցին Սովետի փլուզումը: ԼՏՊ-ի սեփականաշնորհման քաղաքականությունը թույլ էր տալիս ամեն ինչ, իսկ յուրայինների համար ուղղակի ոչինչ չէր խնայում: Աբովյան փողոցում գտնվող գրախանութի երկհարկանի շենքն ի՞նչ էր, որ Խաչատուր Սուքիասյանին չտային հարմար գնով: Ստորագրողն էլ ո՞վ էր՝ այն ժամանակվա քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Թե հիմա Խաչատուր Սուքիասյանը բան-ման էր կոխել սրա գրպանը, համոզել էր, կամ ԼՏՊ-ի բարձունքից էին ասել` չգիտեմ, բայց գրախանութի շենքը շատ հարմար գնով հայտնվեց Սուքիասյանի «հուսալի ձեռքերում»: Այս դեպքից շատ տարիներ անց գրեթե մոռացված Վահագն Խաչատրյանը մեկ էլ հոպ հայտնվեց նախ Բարձր տեխնոլոգիաների, ապա ՀՀ նախագահի աթոռին: Շատ քիչ մարդիկ կան, որոնց կյանքում կարող են այսպիսի փոփոխություններ լինել, և Վահագնը, հավանաբար դրանցից մեկն էր: Լավ բախտն, իհարկե, լավ բան է, բայց նույնիսկ լավ բախտը չի կարող բացվել, եթե կողքից «բզող» չլինի: Չգիտեմ ինչու, բայց ինձ թվում է, որ Խաչատուր Սուքիասյանն է եղել «բզողը»: Այլապես ինչո՞ւ պետք է Վահագն Խաչատրյանը դառնար Վահագն Խաչատուրյան: Ազգանվան փոփոխությունը կարող է կապ ունի Խաչատուր Սուքիասյանի արած լավության հե՞տ: