ՌԴ-ին ձեռնտու չէր, որ Փաշինյանը նման կապիտուլյացիոն քաղաքականություն վարեր

ՌԴ-ին ձեռնտու չէր, որ Փաշինյանը նման կապիտուլյացիոն քաղաքականություն վարեր

Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքեց Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածը՝ շեշտելով, որ Ռուսաստանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցը երբեք չի տարել զուտ 7 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու ուղղությամբ՝ անտեսելով կարգավիճակի հարցը: Փաշինյանի պաշտոնավարման 2․5 եւ ավելի տարիների ընթացքում մեկ անգամ չէ, որ ականատես ենք դարձել, թե ինչպես են տարբեր անհատներ, ուժեր, կառույցներ, մամուլը երկրի ներսում հերքել Փաշինյանի ասածները։ Հիմա պաշտոնական Մոսկվան Երեւանին մեղադրում է ստախոսության մեջ, իսկ Փաշինյանի թիմը լռում է։ Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը չբարեհաճեց մեկնաբանել Պոպովի արձագանքը, ասաց․ «Եթե  արձագանքելու անհրաժեշտություն լինի, կարձագանքեմ»։ Զրուցել ենք ռուս վերլուծաբան Մոդեստ Կոլերովի հետ։

- Ինչպե՞ս կմեկնաբանեք, որ ՌԴ արտգործնախարարությունը հերքեց պաշտոնական Երեւանին՝ հայտարարելով, որ Ռուսաստանը չի անտեսել ԼՂ կարգավիճակի հարցը։

- Այն, որ կարգավիճակի հարցը միշտ, մշտապես առնչվել է տարածքների հետ, գիտի ցանկացած մարդ, ով խելագար չէ ու ով քիչ թե շատ հետեւում է այս իրադարձություններին։ Սա այբուբեն է։ Հակառակը պնդել՝ կնշանակի լկտի սուտ ասել։ Եվ, իհարկե, ՌԴ ԱԳՆ-ն պարտավոր էր հերքել այդ լկտի եւ կոպիտ սուտը, ինչը եւ արեց։

- Սա ապտա՞կ էր Երեւանին։

- Ոչ, ապտակ չէ։ Եթե մարդը ստում է եւ ստում է, որ իբրեւ թե Ռուսաստանն ինչ-որ բան է արել, ապա Ռուսաստանը պարտավոր է հերքել այդ սուտը։ Փաշինյանն էր փորձում ապտակ հասցնել Ռուսաստանին։ Դա նրան չհաջողվեց։ 

- Մոսկվան հերքում է Փաշինյանին, չնայած տարածաշրջանում մեծամասշտաբ ծրագրերի մասին է հայտարարում, ու տպավորություն  է, որ աջակցում է Փաշինյանին։

- ՌԴ-ն աջակցում է ոչ թե անձնապես Փաշինյանին, այլ գործող նախագահին, թեեւ Հայաստանի իշխանության կառուցվածքով՝ նա ավելի կարեւոր է, քան ՀՀ նախագահը։ Եվ ամենակարեւորը՝ աջակցում է այն մարդուն, որը ստորագրեց եռակողմ համաձայնագիրը։ Եվ աջակցում է այն պատճառով, որպեսզի այդ համաձայնագիրն ի կատար ածվի։ Եթե կարծում եք, որ եթե հիմա Փաշինյանը հրաժարական տա, ու Պուտինը նրան էլի կշնորհավորի Նոր տարվա ու ծննդյան օրվա կապակցությամբ, ինչպես Քոչարյանի դեպքում, սխալվում եք․ չի լինի նման բան։ Ռուսաստանն աջակցում է եռակողմ համաձայնագիրը  ստորագրած կողմին, պաշտոնը, պետությունը, որը ներկայացնում է այդ վարչապետը։ Եվ առավել մեծ՝ պատմական կոնտեքստում աջակցում է հայ ժողովրդին, չնայած, ինչպես հայտնի է, Հայաստանում հայերն ավելի քիչ են, քան Ռուսաստանում։ Վերջ։ Ոչ մի անձնական բնույթի աջակցություն։

- Բանն այն է, որ սա մեզանում ընկալվում է որպես Ռուսաստանի աջակցություն Փաշինյանին, քանի որ վերջինս, հատկապես հիմա, անում է այն ամենը, ինչ ասում է Պուտինը։

- Անգամ գիտեմ, թե ովքեր կարող են այդպես մեկնաբանել։ Դուք քանի՞ տարի եք զբաղվում լրատվությամբ։ Երկար տարինե՞ր, լավ․․․ Եվ բոլոր այդ երկար տարիներին, իմ հիշողությամբ՝ առնվազն 20 տարի, Հայաստանի բոլոր, իրարից միանգամայն տարբեր առաջնորդներին մշտապես մեղադրանքներ են ուղղվել առ այն, որ նրանք Ռուսաստանի՝ ձայնի իրավունք չունեցող համր խամաճիկներն են, որ ՌԴ-ն թելադրում է, նրանք՝ անձայն կատարում։ Նման փիլիսոփայությունն արդեն ոչ թե ծիծաղելի է, այլ՝ զավեշտալի։ Փաշինյանն իր հետաքրքրություններն ունի, նա չարեց ամենակարեւորը․ այս աշնանը ցույց չտվեց արդյունավետ դիմադրություն։ Թե ինչու, թող հայ ժողովուրդն ինքը պարզի, բայց սա կողքից դիտողի համար ակնհայտ էր։ Դրա համար, չեմ կարծում, որ ՌԴ-ին ձեռնտու էր, որ Փաշինյանը նման կապիտուլյացիոն քաղաքականություն վարեր։ Ասեմ ավելին՝ եթե Ռուսաստանը չխառնվեր, արդեն շատ վաղուց հայկական Լեռնային Ղարաբաղ չէր լինի։ Որպես տարածքային միավոր՝ այն անհետացած կլիներ։ Եվ Դուք այդ մասին գիտեք։ Դե․․․ լավ, մի քիչ էլ կերկարեր պատերազմը․․․ մեկ-երկու շաբաթ, բայց արդյունքն ակնհայտ էր։ Դե, հայերը պարտիզանական ջոկատներ կազմած՝ կբարձրանային սարերը, բայց սա սկզբունքորեն որեւէ բան չէր փոխի։ Ահա եւ վերջ։

- Հունվարի 11-ին Պուտինն ու Ալիեւը Փաշինյանին առաջարկեցին տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակում, տնտեսական համագործակցություն․ նախկինում, Ձեր տեղեկությամբ, առաջարկվե՞լ էր հայկական կողմին՝ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին։ 

- Պատասխանն ակնհայտ է։ Ռուսաստանն այս թեմայով որեւէ բան չի կարող առաջարկել, որովհետեւ ՌԴ-ի, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկրների գործառույթներից է կողմերի միջեւ բանակցությունների մոդելավորումը։ ՌԴ-ն չպետք է որեւէ բան առաջարկի, փոխզիջումը պետք է փնտրեն հակամարտության կողմերը։ Ինչ վերաբերում է կոմունիկացիաների ապաշրջափակմանը ու կողմերին՝ տարածաշրջանային նախագծերում ընդգրկելու գաղափարին, ապա այս մասին Բաքուն՝ Ադրբեջանը, խոսում էր անընդմեջ։ Սրանում որեւէ նոր բան չկա, սա ադրբեջանական օրակարգ է։ Եվ այս ադբեջանական օրակարգի հետ էլ Փաշինյանը համաձայնեց։

- Այսինքն՝ Հայաստանին սա նաեւ տնտեսական առումո՞վ ոչինչ չի տալու։

- Ես չգիտեմ, չգիտեմ, թե որքան շուտ կաշխատի երկաթուղին։ Եթե այն աշխատի, ապա ՌԴ-ից, իհարկե, Հայաստանը կստանա իր բեռներն ու ապրանքները։ Պետք է հաշվել ինքնարժեքը, քանի որ հիմա այդ բեռները գալիս են Վրաստանով։ Փողով պետք է հաշվել, ու այստեղ որեւէ հեղափոխություն, իհարկե, չկա։ Եվ ես՝ որպես կողմնակի մարդ, կարող եմ ասել, որ Հայաստանն այս պահին այդ ճանապարհների բացման որեւէ հրատապ պահանջ չունի։ Եվ այն, որ Հայաստանն այդ բանակցություններին համաձայնեց ադրբեջանական օրակարգի հետ, սկանդալ է։ Ընդ որում, համաձայնեց՝ առանց այդ հարցը ռազմագերիների վերադարձով պայմանավորելու։  

- Դուք տեղեկություն ունե՞ք, կա՞ն բանավոր պայմանավորվածություններ, դա վախեցնող է։

- Բանավոր  պայմանավորվածությունների մասին գիտեն նրանք, ովքեր պայմանավորվում են։ Մենք՝ ես եւ Դուք, այդ մասին չենք կարող իմանալ։