Իշխանությունը հերթական անգամ որոշել է վարորդների գրպանը մտնել

Իշխանությունը հերթական անգամ որոշել է վարորդների գրպանը մտնել

Երեկվանից վարորդների շրջանում դժգոհության մեծ ալիք է բարձրացել: Բանն այն է, որ ՊԵԿ-ը հորդորել է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ՝ չթողնելով վերջին օրերին: Հյուսիսային մաքսատուն-վարչությունում դեկտեմբերի 5-ից սկսվել է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ՀՀ ժամանակավոր ներմուծված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների գործընթացը: Մեր աչքից չվրիպեց, որ ՊԵԿ-ի հաղորդագրության մեկնաբանություններ բաժնում վարորդները նշել էին իրենց դժգոհության կոնկրետ պատճառները: Օգտատերերից մեկը գրել էր, որ իր 7000 ԱՄՆ դոլար արժողությամբ ավտոմեքենայի համար ավելի քան 15 հազար դոլար մաքսազերծման գումար են պահանջում՝ այն էլ շտապ: Օգտատերը հարցնում էր՝ որտեղի՞ց իրեն այդքան գումար և վերջապես ինչի՞ համար պետք է ավտոմեքենայի արժեքի կրկնակին դեռ մի բան էլ ավել վճարի:

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային ասում է. «ՊԵԿ-ի հայտարարությունը նշանակում է, որ կա տասը հազար ավտոմեքենա և չեն ցանկանում, որ այդ տասը հազարն էլ գան նույն օրն ասեն՝ մաքսազերծեք մեր մեքենաները: Խոսքը վրացական համարանիշերով մեքենաների մասին է: Քանի որ մեր պետությունն այլևս չի թույլատրում վրացական համարներով մեքենաները մեկ տարուց ավելի շահագործվեն՝ առանց մաքսային վճարների, առաջացել է նման դժգոհություն», - նշում է Քեյանը:

Այսինքն՝ այսպես ավելի՞ շատ են վարորդները գումար վճարում, քան առաջ, հետաքրքրվեցինք մենք, մեր զրուցակիցը շեշտեց. «Նախկինում մաքսային վճարի ապահովագրություն էին անում, հիմա պետք է մաքսային վճարի չափով դեպոզիտ թողնվի, որն ավելի մեծ գումար է, քան ապահովագրության գումարը, որն ընդամենը մաքսային վճարի 4 տոկոսն էր կազմում, հիմա որպեսզի մեծ խնդիրներ չառաջանան վարորդների համար, պետությունն ասում է կսուբսիդավորենք՝ մինչև հինգ տարեկան մեքենաները 70 տոկոսի չափով, հինգ տարեկանից ավելի մեքենաները՝ 40 տոկոսով» - , նշեց նա:

Հարցին՝ դրակա՞ն որոշում է սա, թե՞ հերթական անգամ պետությունը կեղեքում է քաղաքացիներին, Տիգրան Քեյանն ասաց. «Նայած թե որ կողմից ենք նայում: Դե ինչ իմանանք, կարող է այդ ավտոմեքենաների մեծ մասը բիզնես անողներն են շահագործում: Չենք կարող ասել, թե նրանք ովքեր են իրականում», - խոսքը եզրափակեց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը: