Չի ակնկալվում, որ Թրամփը ներում շնորհի Ասանժին. ի՞նչ կանի Բայդենը

Չի ակնկալվում, որ Թրամփը ներում շնորհի Ասանժին. ի՞նչ կանի Բայդենը

Չի ակնկալվում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, Հանրապետական Դոնալդ Թրամփը ներում շնորհի «Վիքիլիքս» կայքի հիմնադիր, մեդիափորձագետ, լրագրող Ջուլիան Ասանժին։

Հաղորդել է ամերիկյան «Ֆոքս Նյուզ» հեռուստաընկերությունը։

«Չնայած Վիքիլիքսի ագրեսիվ արշավին` փորձելու ներում ապահովել իր հիմնադիր Ջուլիան Ասանժի համար, չի ակնկալվում, որ նախագահը նրան ներում շնորհի»,- գրել է հեռուստաընկերության կայքը:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը պնդում է, որ Ասանժին պետք է դատապարտել 18 մեղադրանքով, որ առաջադրվել է Դեմոկրատական նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից 2010 թվականին։ Մեղադրանքներն առաջադրվել են պետական համակարգիչները «կոտրելու» և «Լրտեսության մասին» օրենքը խախտելու համար: Մեղադրանքները նախատեսում են առավելագույնը 175 տարվա ազատազրկում։

Հունվարի 15-ին բրիտանական «Դեյլի Մեյլ» թերթի հրապարակած հարցազրույցի համաձայն՝ ամերիկյան «Փլեյբոյ» ամսագրի նախկին աստղ, դերասանուհի, մանեկենուհի Պամելա Անդերսոնն ասել էր, որ ցանկանում է 11-ժամյա դեմ առ դեմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ` Ասանժին նախագահական ներում շնորհելու նպատակով:

Նշենք, որ ի պատասխան ամերիկյան կողմի մեղադրանքների «Վիքիլիքսի» հիմնադրի կողմնակիցները պնդում են, որ Ասանժը որևէ հանցագործություն չի կատարել՝ ամերիկյան գաղտնի փաստաթղթերը և տեղեկությունները հրապարակելով, ընդհակառակը բացահայտել է Միացյալ Նահանգների պաշտոնյաների և զինվորականների հանցագործությունները։

Լրագրողի դեմ հարուցված գործը վերաբերում է WikiLeaks-ի՝ 2010 և 2011 թվականների Աֆղանստանի և Իրաքի պատերազմների, ինչպես նաև դիվանագիտական հաղորդագրությունների վերաբերյալ հարյուր հազարավոր արտահոսված փաստաթղթերի հրապարակմանը։

Միացյալ Նահանգները դիմել է Միացյալ Թագավորությանն արտահանձնել Ասանժին, որը կալանքի տակ է Լոնդոնի բանտում։ 

Հունվարի 4-ին դատարանը մերժել էր նրա արտահանձնումը՝ պատճառաբանելով, թե լրագրողի հոգեկան վիճակն այնպիսին է, որ հայտնվելով ամերիկյան բանտում՝ կարող է ինքնասպանություն գործել։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը բողոքարկել է որոշումը։ 

2010 թվականի ապրիլի 5-ին «Վիքիլիքսը» տեսանյութ և հոդված էր հրապարակել, համաձայն որոնց՝ 2007-ի հուլիսի 12-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի Նոր Բաղդադ վարչական շրջանի Ալ-Ամին Ալ-Թանիյա թաղամասում ԱՄՆ երկու ԱՀ-64 Ապաչե ուղղաթիռների խումբը ավիահարվածներ է հասցնում Իրաքի պատերազմին հաջորդած ապստամբության ընթացքում: 2010 թ. ապրիլի 5-ին հարձակումները ստացան համաշխարհային լուսաբանում։ WikiLeaks-ի վերնագրած «Զուգահեռ սպանություն» ("Collateral Murder") տեսանյութում երևում է, թե ինչպես է ԱՄՆ օդուժի անձնակազմը կրակում մի խումբ քաղաքացիական անձանց, որոնց թվում՝ «Ռոյթերս» լրատվական գործակալության երկու թղթակցի՝ Սաիդ Շամաղին ու Նամիր Նուր-Էլդինին: Սպանվածների թիվը, լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, տատանվում է 12-ից մինչև 18-ից ավելի, այդ թվում՝ լրագրողները: Օդուժի հարվածների հետևանքով 2 երեխա էր վիրավորվել։

Սա դարձավ հրապարակումներից մեկը, որը լայն ճանաչում բերեց «Վիքիլիքսին»։ Սրան հաջորդեցին այլ սկանդալային հրապարակումներ։

Ըստ որոշ տեղեկությունների՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի կողմից Ասանժին ներում շնորհելու հնարավորությունները քիչ են, սակայն չի բացառվում։ 2010 թվականի դեկտեմբերի 19-ին ամերիկյան «Ազգային հեռարձակող ընկերություն» հեռուստացանցին տված հարցազրույցում ԱՄՆ այն ժամանակվա փոխնախագահ Բայդենը նրան անվանել էր «բարձր տեխնոլոգիական ահաբեկիչ» ("high-tech terrorist")։ Բացի այդ, 2016 թվականին կայքը հրապարակել էր այդ ժամանակ ԱՄՆ պետական քարտուղար ու նախագահական ընտրություններում Թրամփի մրցակից, Դեմոկրատական Հիլարի Քլինթոնին առընչվող էլեկտրոնային հաղորդագրություններ, որոնցով բացահայտվել էին մեծ թվով դիվանագիտական գաղտնիքներ։

Նշենք նաեւ, որ Ֆրանսիայի Հանրապետության ազգային ժողովի մեծամասնություն կազմող «Առա՛ջ, Հանրապետությո՛ւն» խմբակցության պատգամավոր Սերեն Մոբորնը դիմել է Ֆրանսիայի Արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետիին, թե ինչ է մտածում Ասանժին բժշկական օգնություն ցուցաբերելու և լրագրողի համար համապատասխան բուժման համար վճարելու, ինչպես նաև հանրապետությունում նրան քաղաքական ապաստան տրամադրելու հեռանկարի մասին: Դյուպոն-Մորետին ժամանակին եղել է «Վիքիլիքսի» հիմնադրի փաստաբանը։ Ասանժին քաղաքական ապաստան տրամադրելու պատրաստակամություն էր հայտնել նաև Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը՝ այդ մասին հայտարարելով հունվարի 4-ի մամուլի ասուլիսի ժամանակ։