Փոխնախարար Արաքսյա Սվաջյանն իր ընկերուհիներին պաշտոնների է նշանակում
Հունիսի 23-ին ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ է նշանակվել ոմն Թամարա Սարգսյան:
Հիշեցնենք, որ մենք մայիսի 4-ին գրել էինք, որ Հանրակրթության վարչության պետի պաշտոնի համար բաց մրցույթ է հայտարարվել․ «Մրցույթին մասնակցելու ցանկություն էր հայտնել 22 հոգի, որոնցից 20-ի թեկնածությունն էր հաստատվել (որեւէ մեկը նախարարության աշխատակից չէ, բոլորը դրսից են եղել), մյուս 2-ն ինչ-ինչ չափանիշների չեն համապատասխանել։ Ինչպես փոխանցեցին ԿԳՄՍՆ-ից, 20 դիմումատուից ընդամենը 4-ն է ներկայացել գրավոր քննությանը, որից միայն մեկն է հաղթահարել թեստավորման փուլը եւ ներկայացել հարցազրույցի բանավոր փուլին, սակայն հաղթող չի ճանաչվել»։ Նախարարությունից չէին բացահայտել 2-րդ փուլ անցած թեկնածուի ինքնությունը, միայն ասել էին․ «Պետական կառավարման համակարգում տարբեր մրցույթների մասնակցած անձ է»:
Եվ քանի որ հաղթողին չեն նշանակել, հետագայում կրկին մրցույթ հայտարարվեց, եւ, ինչպես տեսնում ենք, հունիսի 23-ին արդեն հաղթող է ճանաչվել Թամարա Սարգսյանը եւ նշանակվել այս կարեւոր մասնագիտական վարչության պետ։ Հարց է ծագում՝ ո՞վ է նորանշանակ պետը։
Մամուլում գրվեց, որ վերջինս ԿԳՄՍ փոխնախարար՝ կրթության ոլորտը ղեկավարող Արաքսյա Սվաջյանի մտերիմն է։ Վերջինս էլ փոխնախարարի պաշտոնին նշանակվել է Ժաննա Անդրեասյանի հետ մտերմության շնորհիվ, եւ հիմա, փաստորեն, ինքն է իր մտերիմներին տարբեր պաշտոնների նշանակում։ Մինչեւ Թամարա Սարգսյանի նշանակումը ճարպիկ փոխնախարարը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն էր նշանակել իր մյուս ընկերուհուն՝ Լիլիթ Մնացականյանին, թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության տնօրեն էլ՝ ընկերոջը՝ Գոռ Մսրիկյանին։
Մենք փորձեցինք հասկանալ, թե ով է նորանշանակ պաշտոնյան, ինչ կրթություն եւ աշխատանքային փորձ ունի: ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվեցինք, թե ով է Սարգսյանը, ինչ կապ ունի կրթության ոլորտի հետ, ինչ կարգով են տեղի ունեցել հանրակրթության վարչության պետի պաշտոնի երկրորդ մրցույթը եւ պետի ընտրությունը, քանի հոգի էր դիմել այդ պաշտոնի համար: ԿԳՄՍՆ-ից մեզ ասացին, որ Թամարա Սարգսյանն այդ պաշտոնում հրամանագրվելու է հունիսի 29-ին, դեռ նրա կենսագրական տվյալները նախարարությանը հասանելի չեն։ «Նա դեռեւս իր կենսագրությունը չի ներկայացրել մեզ, սակայն կարող ենք ասել, որ դպրոցում հոգեբան է աշխատել: Մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան է: Նա ուղղակի մրցույթին մասնակցելու համար ներկայացրել է իր մասնագիտական ստաժը: Այդ պաշտոնի համար դիմել էր 31 հոգի, որից 17-ին է նախարարությունը թույլ տվել մասնակցել մրցույթին, սակայն թեստավորմանը ներկայացել էր 8 հոգի, որից միայն երկուսն են կարողացել հաղթահարել թեստավորման փուլը: Հարցազրույցի փուլին մասնակցել են հենց այդ երկուսը, կարողացել է հաղթահարել Թամարա Սարգսյանը»,- նշեց ԿԳՄՍ նախարարության Անձնակազմի կառավարման վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը:
Իսկ Թամարա Սարգսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ նա ավարտել է Մանկավարժական համալսարանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի շախմատի կրթության հանձնաժողովի նախագահն է։ Մշտադիտարկող եւ վերապատրաստող է եղել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում։ Այսինքն՝ նրանք ընկերների մի խումբ են, որոնց Սվաջյանը փորձում է տարբեր պաշտոնների նշանակել։
Այս մարդիկ մոռանում են, որ Հանրակրթության վարչությունն այս նախարարության ամենաառանցքային եւ ամենաբարդ վարչություններից է, եւ գոնե այստեղ պատահական մարդիկ չպետք է նշանակվեն, այլ պետք է նշանակվեն դպրոցը շատ լավ իմացող եւ փորձառու մասնագետներ, որովհետեւ ծանր աշխատանք է, եւ ձախողվելու հավանականությունը շատ մեծ է։
Ընդ որում, ակնհայտորեն դրսից մեծ թվով ցանկացողներ են եղել, եւ նկատելի է, որ փոխնախարար Սվաջյանը բավականին ջանք է թափել, որպեսզի դիմողների մեծ մասը չհասնի մրցույթի երկրորդ փուլին, առաջին մրցույթի միակ հաղթողն էլ բանավոր հարցազրույցից կտրվի, որպեսզի իր ընկերուհին մասնակցի երկրորդ մրցույթին եւ «հաղթի»։ Հետաքրքիր է՝ իսկ նորանշանակ պետն առաջին մրցույթին մասնակցե՞լ է՝ ԿԳՄՍՆ-ն գաղտնի է պահում մրցույթի հավակնորդների անունները, բայց մենք վստահ ենք, որ նա առաջին մրցույթին էլ է մասնակցել եւ չի հասել երկրորդ փուլ, դա է պատճառը, որ նոր մրցույթ է հայտարարվել։
Կարծիքներ