Ամբողջ Ղարաբաղն ազատագրված չէ

Ամբողջ Ղարաբաղն ազատագրված չէ

5-րդ ալիքին տված հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հակադարձելով լրագրողի նկատառմանը, թե իրեն մեղադրում են Մեղրին հանձնելու պատրաստակամության մեջ, ասում է, որ ինքը հող հանձնող չէ, հող գրավող է, իր օրոք ոչ միայն ամբողջ Ղարաբաղն է ազատագրվել, այլեւ յոթ շրջան, միացվել Ղարաբաղին, ստեղծվել է անվտանգության գոտի, եւ այդ տարածքներն այսօր Ղարաբաղի անվտանգության չափազանց կարեւոր եւ բաղկացուցիչ մասն են կազմում:

Իրականություն է, սակայն, որ նախկին ԼՂԻՄ տարածքն ամբողջովին ազատագրված չէ: Պատերազմի արդյունքում չի վերականգնվել նաեւ ԼՂՀ հռչակված պետական տարածքի ամբողջականությունը: Այսօր էլ, հրադադարի հաստատումից քառորդ դար անց, հակառակորդի վերահսկողության տակ են գտնվում Մարտակերտի եւ Մարտունու շրջանների որոշ տարածքներ, ինչպես նաեւ՝ ամբողջ Շահումյանի շրջանը:

Սա, թերեւս, պատերազմի առեղծվածն է՝ թե ինչու՞ հայկական ուժերը չվերականգնեցին ԼՂՀ տարածքային ամբողջականությունը, հակառակորդի վերահսկողության տակ թողնվեցին տարածքներ, որոնք այսօր վերածված են ռազմական հենակետերի եւ լուրջ սպառնալիք են Արցախի անվտանգությանը: Կարելի էր երկրորդ նախագահին հարցնել՝ դա ռազմական սխալ պլանավորմա՞ն հետեւանք է, թե՞՝ քաղաքական հաշվարկ: Ո՞րն է այս հարցին երկրորդ նախագահի պատասխանը: