Ինչո՞ւ է դանդաղել Վանաձոր-Ալավերդի ճանապարհի շինարարությունը

Ինչո՞ւ է դանդաղել Վանաձոր-Ալավերդի ճանապարհի շինարարությունը

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Բագրատաշեն) ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, որ մեկնարկել էին դեռ նախորդ իշխանությունների օրոք՝ Եվրոպական ներդրումային բանկի ծրագրով, այս պահին գրեթե կանգնել են կամ առնվազն դանդաղել։ Մինչ այս պահն ամբողջովին հիմնանորոգել են Վանաձոր-Թումանյան հատվածն ու կանգնել։ Թումանյանից Ալավերդի ու դրանից էլ այն կողմ ճանապարհի վրա աշխատանքը տուրիստական այս սեզոնին կանգնել է, առաջ չի գնում։ Աշխատող տեխնիկա գրեթե գոյություն չունի՝ մեկ-երկու տրակտոր հազիվ լինեն, այն էլ կիսատ-պռատ հողային աշխատանքներ են կատարում։

Ճանապարհաշինարարության դանդաղումն ու ճանապարհների կիսաքանդ վիճակն էապես ազդել է տուրիստական հոսքերի վրա դեպի Լոռու մարզ, մասնավորապես՝ Օձուն, Սանահին, Հաղպատ եւ ոչ միայն։ Մեզ ասացին, որ ճանապարհների պատճառով տուրիստական ընկերություններն իրենց ցանկից հանել են Լոռին՝ նախընտրելով ավելի շատ Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Տավուշը, բնականաբար՝ ոչ Նիկոլ Փաշինյանի «խաթեր համար»։ Կառավարությունը հենց այս տարածքում է ակտիվ ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնում։ Այս օրերին Դիլիջան-Իջեւան ճանապարհահատվածն է նորոգվում, որի վերաբերյալ լուսանկարները մեծ էնտուզիազմով տարածում են նոր իշխանության ֆանատ-ստատուսագիրները։

Նրանք, բնականաբար, չեն նկատում այն, որ նույն Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածն էլ նախորդների շնորհքն էր, եւ որ նոր իշխանությունների «շնորհքն» է նաեւ այն, որ մեկնարկած աշխատանքներն այսօր կիսատ են մնացել, գրեթե կանգ են առել, ինչպես կիսատ է մնացել հյուսիս-հարավի շինարարությունը։ Ընդ որում, եթե Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհահատվածը հիմնանորոգվում է, այսինքն՝ ամբողջովին ճանապարհի հին շերտը քանդվում է ու նորովի եւ կապիտալ նորոգման ենթարկվում, ապա Դիլիջան-Իջեւան հատվածը միջին նորոգման է ենթարկվում, որը, կարելի է ասել, կոսմետիկ նորոգում է եւ կարող է մեկ-երկու տարի անց դարձյալ քանդվել։ Հիմնանորոգվում են միայն Իջեւան քաղաքի փողոցները։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հիմա ավելի շատ գնում է քանակի հետեւից, որ տարեվերջին «հեղափոխական» արդյունք ցույց տան, թե որքան մեծ ծավալի աշխատանք են արել։ Մինչդեռ այդ աշխատանքի արդյունքը մեկ տարի անց կարող է ի չիք դառնալ որակի բացակայության պատճառով։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից չհերքեցին, որ Վանաձոր-Ալավերդի հատվածում շինաշխատանքները դանդաղել են։

«Հիմնանորոգման ենթակա 91 կմ-ից 38 կմ-ն վերանորոգվել է, ավարտը նախատեսվում է 2020թ․ դեկտեմբերին։ Շինաշխատանքների դանդաղումը պայմանավորված է որոշակի կոմունիկացիաների ի հայտ գալով, որոնք նախագծային փաստաթղթերում առկա չեն եղել»,- ասացին մեզ նախարարությունից։
Ամբողջովին հիմնանորոգված է Վանաձոր-Թումանյան հատվածը՝ 38,45 կմ, որն իրականացվել է Եվրոպական ներդրումային բանկի եւ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Եվրոպական ներդրումային բանկի մասնաբաժինը 51մլն եվրո է, ՀՀ կառավարությանը՝ 10,2 մլն եվրո։

Մինչ այժմ ծախսվել է 32.5 մլն եվրոն։ Երկրորդ հատվածը՝ Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ, կազմում է 51,74 կմ։ Այս հատվածի ֆինանսավորումն էլ Ասիական զարգացման բանկի եւ ՀՀ կառավարություն կողմից է՝ համապատասխանաբար 44,04 մլն եվրո եւ 10․14 մլն եվրո մասնաբաժնով։ Առհասարակ, ֆինանսավորման սկզբունքը հետեւյալն է՝ միջազգային բանկերը համաձայնում են ֆինանսավորել, եթե գումարի 20 տոկոսն իր վրա է վերցնում տվյալ երկրի կառավարությունը։

«Երկրորդ փուլի շինաշխատանքները մեկնարկել են 2018թ․ մայիսի 29-ին։ Ըստ պայմանագրի՝ շինաշխատանքների ավարտը նախատեսված է 2020թ․ նոյեմբերին։ Ըստ էության, ոչ մի ուշացում չկա։ Ամեն ինչը ընթանում է նախապես պլանավորված գրաֆիկով»,-կարծում են նախարարությունից։