40.000 դրամ՝ փողոցային առևտրի թույլտվության համար․ Արթիկի համայնքապետարանի նորամուծությունը

40.000 դրամ՝ փողոցային առևտրի թույլտվության համար․ Արթիկի համայնքապետարանի նորամուծությունը

Մինչ հանրային հեռուստաընկերության եթերում «պայքարում են» փողոցային առևտրի դեմ, Հայաստանի որոշ քաղաքներում փողոցային առևտուրը ոչ միայն չի արգելվում, այլ անգամ խրախուսվում է: Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, մեր տեղեկություններով, համայնքապետարանի աշխատակիցները տնտեսվարողներից 40.000 դրամ են գանձել եւ թույլատրել մինչև դեկտեմբերի 31 ներառյալ փողոցներում և մայթերին միրգ և բանջարեղեն վաճառել:

Լուրի իսկությունը փորձեցինք ճշտել Արթիկ խոշորացված համայնքի մամուլի քարտուղար Սևակ Պետոյանից, ով մեզ ուղղորդեց կապվել Արթիկի համայնքապետարանի առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արտակ Գրիգորյանի հետ: Արթիկի համայնքապետարանի առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արտակ Գրիգորյանը Hraparak.am-ի այն հարցին, թե Արթիկի համայնքապետարանը տնտեսվարողներին արտոնե՞լ է փողոցներում առտուր անել, պատասխանեց. «Նայած ինչ, նայած ում, նայած ինչի վաճառք, ցավդ տանիմ, ոչ բոլորին, տրվել է թույլատրելի մասով՝ խաղալիքներ»: Մեր ճշտող հարցին՝ մրգերի և բանջարեղենի վաճառքի համար թույլտվություն տրվե՞լ է, Գրիգորյանը պատասխանեց. «Սննդամթերքին չի տրվել, թույլատվություն տրվել է միայն օրենքով սահմանված ապրանքներին»:

Բայց քաղաքացին պնդում է, որ մայթերին վաճառում են միրգ և բանջարեղեն, Գրիգորյանը այլ պատասխան տվեց. «Հանրապետությունում որտե՞ղ չեն վաճառում, տարբեր տեղերում էլ վաճառում են, մարդիկ իրանց ծառի միրգը կարող են դնել տան դիմաց և վաճառել, ինչի՝ Երևանում չեն վաճառու՞մ»:

Մեր այն հարցին, որ մեր տեղեկություններով, այդ արտոնությունները տնտեսվարողները ստացել են 40 հազար դրամի դիմաց, Արտակ Գրիգորյանը պատասխանեց. «Նայած որը, նայած քանի քառակուսի է։ Որը թույլատրելի է՝ թույլտվություն է տրվել, վճարը տարել՝ վճարել են, մենակ միրգ չէ, ասենք՝ դրել սոկ են վաճառում, մարդիկ միրգ ունեն, դա էլ են դրել ծախում են, միրգ վաճառողները «վաբշե» սոկ էլ են ծախում, դրել են՝ ծախում են»:

Մեզ դիմած քաղաքացին տեղեկացրել է, որ այդ 40 հազար դրամը առձեռն է գանձվում համայնքապետարանի աշխատակիցների կողմից, փորձեցինք նաև դա ճշտել առևտրի և սպասարկումների բաժնի պետից, նա բորբոքվելով պատասխանեց. «Ճիշտն ասած, կարող էի ես ձեզ չպատասխանեի, առձեռն հասկացողություն չկա, գնացել բանկերում են վճարել, 40.000 դրամ վճարողների չեկերն էլ են մոտները, վճարներն էլ բանկերով անցել են, ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ բոլորը բանկերով վճարված գումարներ են, ի՞նչ առձեռնի մասին է խոսքը: Միրգ վաճառողները մեր մոտ, ովքեր մեծ քանակով են վաճառում, երկու կամ երեք հոգին են, մնացածը գյուղերից բերել՝ վաճառում են»: