Զսպե՛ք Ձեր եվրոպական «իրավունքը»

Զսպե՛ք Ձեր եվրոպական «իրավունքը»

Տարօրինակ բան է․ պատերազմի այս ծանր օրերին, որ հերոսական ու նաեւ ողբերգական շնչով են լեցուն, երբ բոլորիս կյանքն է հունից դուրս ընկած, ու թվում է՝ անդառնալիորեն, 14 կուսակցությունների կոչը՝ միասնական օպերատիվ կառավարման շտաբ ստեղծելու վերաբերյալ, անամոք կերպով գրգռել է ոչ միայն քաղաքական գործիչների, պատգամավորների, զանազան մակարդակի իշխանիկների, նախկին քաղգործիչների, այլեւ, որքան էլ տարօրինակ է եւ անսպասելի, մարդու ազատ արտահայտվելու իրավունքը պաշտպանելուն կոչված ինչ-որ հասարակական կառույցների ղեկավարների նյարդերն ու երեւակայությունը։ 

Մասնավորապես նկատի ունեմ ինչ-որ «Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահ Լուսինե Հակոբյանին։ Անհայտ է՝ իր ղեկավարած միավորման անո՞ւնն է իրավունք վերապահել սույն հանրային գործչին (որ նաեւ փաստաբան է) հանրային հարթակում անելու հայտարարություն, որը ոչ միայն կոռեկտ չէ, այլեւ իր բնույթով քողարկված մեղադրանք է՝ ուղղված հիշատակված կուսակցություններին։ Իսկ մեղադրանքը, ոչ ավելի, ոչ պակաս՝ հայրենադավությունն է։ «Իսկ չի՞ լինի էն տասներեք կուսակցությունների պատկերացրած շտաբի ապագա անդամներին մարդասիրական հրադադարի շրջանակներում արտահանձնենք պրծնենք սրանց դարդից»,- գրել է Լ․ Հակոբյանը իր կողմից համարյա հաստատված «մեղադրանքի» «բարձունքից»։ Թե չէ ինչո՛ւ պիտի տիկինն առաջարկեր 13 կուսակցություններին «արտահանձնել» թշնամուն։ Տիկինը փաստաբան է եւ լավ գիտի՝ «արտահանձնում» են ո՛ւմ։ 

Սակայն ազատ խոսքի այս ջատագովը, երբ իրեն կոշտ արձագանքում է ակնարկված «դավադիր» կուսակցության հայտնի գործիչը (Բագրատ Եսայան), Ֆեյսբուքի իր էջում վերադառնում է իր իսկ հրահրած թեմային եւ մոռացած, որ թեմայի նյութն իր անհարգալից-մեղադրական խոսքն է 13 կուսակցությունների կոչի առթիվ, կենտրոնանում է Եսայանի ֆեյսբուքյան արձագանքի սոսկ այն հատվածի վրա, որտեղ նշվում է, թե ինքը ինչ-որ դրամաշնորհներով ընտանիք է պահում։ Զարմանալի է, որ փաստաբան տիկինը չի տարբերում գլխավորը երկրորդականից եւ երկար-բարակ խոսում է իր ընտանեկան բյուջեի մաքրամաքուր վիճակից՝ մոռանալով, որ արտահայտվելու իրավունքից անթույլատրելի ազատությամբ օգտվելով՝ ինքն ամբաստանե՛լ է ՀՅԴ-ին եւ եւս 12 կուսակցության, դեռ ավելին՝ նրանց բնորոշել որպես «անդառնալիորեն փչացած եւ չվերամշակվող աղբ»։ 

Ա՛յ քեզ բան, ո՞ւր ենք հասել, ո՞ւր ենք գնում։ Ոնց որ՝ ո՛չ Եվրոպա, չէ՞, տիկի՛ն, այն էլ՝ «իրավունքի Եվրոպա»։ Իսկապես, Ձեզ ո՞վ է իրավունք տվել լինել այդքան անհարգալից եւ մեծախոս այն կուսակցությունների հանդեպ, որոնցից առնվազն վերը նշվածի անդամ Դուք չէիք կարող դառնալ մի պարզ պատճառով․ Ձեզ պարզապես չէին ընդունի այդ կուսակցության շարքերը՝ հիմնավոր պատճառներով։ Եվ փոխանակ անհամ կերպով չքմեղանալու (մինչդեռ եվրոպական «արժեքներով» դաստիարակությունը պիտի հուշեր՝ ներողություն խնդրելու), Դուք շարունակում եք բանակռիվը՝ փաստաբանական պարզունակ հնարքով այդ կռվում երկրորդականը դարձնելով գլխավոր՝ հօգուտ Ձեզ։

Մինչդեռ լավ կլինի գոնե այսուհետ զսպած պահեք արտահայտվելու Ձեր եվրոպական «իրավունքը»։ «Իրավունք», որից մեր ժողովուրդն այլեւս կուշտ է։