Դատական համակարգում խառն են

Դատական համակարգում խառն են

Բարձրագույն դատական խորհուրդը չի շտապում արձագանքել դատավորների ընդհանուր ժողովի մայիսի 27-ի հայտարարությանը, որով նրանք փաստեցին այս մարմնի անգործությունը։ Ընդամենը կարճ գնահատական՝ որ անընդունելի համարում դատարանների բնականոն գործունեության խաթարումը: Պատասխանելով «Հրապարակի» հարցին՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գեւորգ Դանիելյանը տեղեկացրեց, որ հայտարարության վերաբերյալ ԲԴԽ-ում քննարկում է լինելու։ «Առաջիկա երկու օրվա ընթացքում խորհրդում կքննարկենք այդ հայտարարությունը եւ կարձագանքենք: Ինքս չեմ կարող տեսակետ հայտնել, քանի որ կոլեգիալ մարմնի նախագահն իրավունք չունի առաջինը տեսակետ հայտնել, նա պարտավոր է միայն վերջում արտահայտվել. ձեւավորված ընթացակարգի համաձայն՝ դա արվում է, որպեսզի որեւէ կերպ անդամները կաշկանդված կամ ուղղորդված չլինեն», - ասաց նա։ 

Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ ԲԴԽ-ում դատավորների հայտարարությանը վաղուց սպասել են եւ այն ընկալել ոչ այնքան իրենց, որքան որպես վարչապետի հայտնի ակցիայի դեմ արված քայլ։ Մյուս կողմից՝ ԲԴԽ-ում հակված են կարծել, որ հայտարարությունը դատավորների «հավաքական կամքը» չէ, այլ մի քանի ակտիվիստների համար դրսեւորվելու հարմար առիթ։ Իսկ դատավորների մի մասն էլ կոմֆորմիստներ են, որոնք չեն ցանկանում իրենց ագրեսիվ ընկերներից դիտողություններ ստանալ։

Ժամկետանց հայտարարություն

ԲԴԽ անգործության արձանագրումը դատավորների երկրորդ բացահայտ ընդվզումն էր այս մարմնի դեմ։ Այն որոշակի իմաստով ժամկետանց էր, քանի որ արվեց այն ժամանակ, երբ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանն արդեն հրաժարական էր տվել, եւ, իհարկե, կարող էր ավելի կոշտ լինել, եթե նկատի ունենանք, որ դատավորները վաղուց էին անձնական զրույցներում քննադատում այս մարմինը։ Բայցեւայնպես, դատավորները վերջապես արտահայտվեցին հրապարակավ։ Անցյալ ամռանը նրանք առաջին հայցն էին ներկայացրել ընդդեմ ԲԴԽ-ի։ Դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը պահանջել էին անվավեր ճանաչել սնանկության դատավորների թեկնածուներ նշանակելու վերաբերյալ ԲԴԽ որոշումը։ Այս անգամ 165 դատավորներ բացահայտ արձանագրեցին․ «Բարձրագույն դատական խորհրդի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը, եւ այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը»։ 
 Ընդհանուր ժողովի հայտարարության մեջ նաեւ նշվեց, որ դատական համակարգի բարեփոխումները պետք է ունենան տեսանելի հայեցակարգ ու արդյունք, դատավորները պետք է մասնակցեն դրանց քննարկումներին, քննադատությունն ընդունելի է, բայց այն չի կարող ուղեկցվել դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններով։ 

Սեմիզար Հովսեփյանի օգնականին 7-րդ անգամ «կտրել» են քննությունից

Երեւանի ընդհանուր իրավասության դատավոր Սեմիզար Հովսեփյանը, որն ամենաըմբոստ դատավորներից է, ժողովի ժամանակ բարձրացրել է ԲԴԽ-ի դատավոր անդամների հարցը։ «Ես միշտ ասել եմ, որ այդ դատավորները սխալ են ընտրվել։ Իմ գնահատմամբ՝ դա եղել է որոշակի խմբի հետ համաձայնեցման արդյունքում, ոչ թե ընտրություն է եղել, այլ՝ համաձայնություն»,- ասում է Հովսեփյանը։ 
Նա վրդովված է դատավորների թափուր տեղերի համալրման նպատակով անցկացված վերջին քննությունների արդյունքներից։ Սեմիզար Հովսեփյանի օգնականը՝ Սիմա Աբովյանը, արդեն 7-րդ անգամ է մասնակցում քննությանը։ Նախորդ անգամ՝ 5 ամիս առաջ, նրան ձայն են տվել 5 դատավորներ, այս անգամ՝ մեկը։ «Ո՞ւր կորան այդ 4 ձայները»։ 

ԲԴԽ-ն չպետք է դատավորներին մենակ թողներ․ Սեմիզար Հովսեփյան

- Ի՞նչ էր սպասվում ԲԴԽ-ից՝ դատավորների համար այս բարդ օրերին։

- Այս օրերին մեզ առաջին հերթին Բարձրագույն դատական խորհուրդը պետք է պաշտպաներ։ Նրանց ամբողջ գործունեության ընթացքում նրանք դատավորների շահերից չեն ելել։ Մենք գտնում ենք, որ գոնե այն օրը, երբ կոչ արվեց, որ դատարանները պետք է փակվեն, ԲԴԽ-ն պետք է դատավորներին մենակ չթողներ։ Խորհուրդը պետք է որեւէ ձեւով արձագանքեր, ոչ թե սպասեր, տեսներ՝ ժամը 12-ին ինչ է հայտարարվելու, որից հետո որոշեին, թե ինչ են անելու։ Իրենք պետք է այդ պահին որոշում կայացնեին, գոնե հայտարարություն անեին։ 

- Դատական համակարգի նկատմամբ իրոք վստահություն չկա, ի՞նչ պետք է անել, Ձեր կարծիքով։

-  Դա նաեւ մեր մտահոգությունն է, որը մենք ինքներս նախկինում էլ բարձրաձայնել ենք, բայց չի եղել ոչ մի արձագանք։ Ես չեմ ասում, որ մեր համակարգն իդեալական է, բայց այդ աստիճանի սեւացնել չի կարելի։

- Սպասվում էր, որ դատավորները կպաշտպանվեն իշխանությունից․․․

- Մենք ընդամենը ասացինք, որ չի կարելի այդ աստիճանի դատավորներին նսեմացնել։ 

- Ի՞նչ եք անելու, եթե շարունակվի դատավորների նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքը։ 

- Նորից մենք բոլորս պետք է հավաքվենք ու հասկանանք։ Բայց այն, որ այդքան քիչ մարդ գնաց դատարանների դռները փակելու, նշանակում է, որ ժողովուրդն այնքան էլ չի կիսում այդ մեթոդները, չի մտածում, որ մենք այդքան վատն ենք կամ կառումպացված ենք․ չկա նման բան։ Կարող եմ վստահեցնել, որ երբեւէ դատական համակարգն այսչափ անկախ չի եղել։ 

- Վեթթինգի մասին ի՞նչ կարծիք ունեք, դեմ չե՞ք լինի, եթե դրան ենթարկվեք։

- Շատ երկրներում է դա կիրառվել։ Դատավորները վախենալու բան չունեն։ Չստացվի, թե մենք վախենում ենք, պարզապես մենք պետք է հասկանանք՝ կա՞ դրա անհրաժեշտությունը, թե՞ ոչ։ Կուզեի, որ հասարակությունը հասկանա, որ դատավորներն այսօր շատ ծանր աշխատանք են կատարում։ Եթե գտնում են, որ կա վեթթինգի անհրաժեշտությունը, պատրաստ ենք մեկ անգամ եւս անցնել դրա միջով։

Դատավորներից քչերն են այս օրերին համարձակվում պատասխանել լրագրողների հարցերին

Իշխանության եւ ԲԴԽ-ի դեմ հրապարակավ արտահայտվելուց հետո էլ շատերը խուսափում են կարծիք հայտնել։ Վճռաբեկ դատարանի դատավորներից Գոռ Հակոբյանը, որին զանգահարել էինք հայտարարության հաջորդ օրը, նախ ասաց, որ հուղարկավորության է, իսկ հետո՝ որ իրեն այդ հարցերով չդիմենք, որովհետեւ ցանկություն չունի պատասխանելու։ Սնանկության դատավոր Բորիս Մկրտչյանն ասաց, որ հիվանդանոցում է, չի եղել ընդհանուր ժողովին, քանի որ վիրահատվել է, Երեւանի ԸԻԴ դատավոր Մնացական Մարտիրոսյանը խորհուրդ տվեց գրավոր հարցում ուղարկել ԲԴԽ, եթե իրենից պատասխան ենք ակնկալում։

Դատավորների մի մասն ընդհանրապես այդ օրերին զանգերի չէր պատասխանում, մյուսներն էլ, ինչպես Սուրեն Անտոնյանը, ասացին, որ կխոսեն, բայց՝ հետո։