Միհրան Պողոսյանից խեր-խաբար չկա

Միհրան Պողոսյանից խեր-խաբար չկա

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի արտահանձման վերաբերյալ տեղեկությունները կցկտուր են։ Նրա պաշտպան Երեմ Սարգսյանը մեկնաբանություններ չի տալիս ոչ այդ գործի, ոչ էլ արտահանձման վերաբերյալ։ Ավելին՝ ասում է, թե իր պաշտպանյալի հետ չի համաձայնեցրել տեղեկություններ տրամադրելու առումով։
Հարցին էլ, թե որեւէ կապ չունի՞ Պողոսյանի հետ, տվեց նույն պատասխանը՝ չեմ մեկնաբանում։

Գլխավոր դատախազությունից էլ մեզ փոխանցում են․ «Միհրան Պողոսյանի հանձնման գործընթացի վերաբերյալ տվյալ պահին հրապարակման ենթակա պաշտոնական տեղեկությունն այն է, որ նրան հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում և էքստրադիցիոն գործընթացը շարունակվում է սահմանված իրավական ընթացակարգերին համապատասխան: Գործընթացի վերաբերյալ, ելնելով դրա շահերից, հետագայում կտրամադրվի անհրաժեշտ տեղեկատվություն»: 

Հիշեցնենք, որ ռուսական դատարանը բավարարել էր Ռուսաստանի Դաշնության դատախազության միջնորդությունը և Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու որոշում էր ընդունել՝ Պողոսյանին Հայաստանի Հանրապետությանը հանձնելու հարցը քննարկելու նպատակով: Հայաստանում Միհրան Պողոսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: