Հեղափոխականներն ու հակահեղափոխականները

Հեղափոխականներն ու հակահեղափոխականները

Թատերական ինստիտուտում կառավարման խորհուրդը ռեկտոր է ընտրել միակ թեկնածու Լիլիթ Արզումանյանին։ Ուսանողները բողոքում են՝ փակելով ինստիտուտի դռները։ Նրանք չունեն նախընտրելի թեկնածու, պարզապես դեմ են, որ իշխանությունը պարտադրի իր թեկնածուին՝ նախապես խաղից հանելով նրա մրցակիցներին։  

Իմ լավ բարեկամ, գրող Լեւոն Ջավախյանը Ֆեյսբուքում էյջիստական գրառում է կատարել՝  անտանելի համարելով իրավիճակը, «երբ նորաթուխ ջահելը ձայն է բարձրացնում պատկառելի Հենրիկ Հովհաննիսյանի վրա, երբ վաստակաշատ պրոֆեսորը՝ Ռուբեն Բաբայանը, նեղսրտած, այլեւս չի ուզում դասավանդել հարազատ բուհում, երբ տասնամյակներ շարունակ անբիծ աշխատած ազնվաբարո կինը՝ Լիլիթ Արզումանյանը, հուսահատ, ուզում է լքել իր պաշտոնը, երբ արյուն կոխած աչքերով ուսանողները, դեռեւս կյանքում ոչինչ չարած, իրենց տերն են համարում ամեն ինչի»։

Հենրիկ Հովհաննիսյանի հեղինակությունը ծանրակշիռ է իր՝ բառի բուն իմաստով ծանրակշիռ գրքերի պես, սակայն նրա ուսանողներից քանի՞սն են ունակ պարզապես գրագետ գրախոսություն  գրելու որեւէ ներկայացման մասին։ Քանի որ ծառը պտուղներով է ճանաչվում։ Նա ասում է, որ ուսանողներն ուղղորդվում են պրոռեկտոր Արմեն Հարությունյանի կողմից, եւ շարունակում․ «Ես եմ նրան ընդունել ասպիրանտուրա, ես եմ նրա անգրագետ դիսերտացիան ճշտել, որ նա թեկնածուական մինիմումը հանձնելիս ոչ մի հարցի չի պատասխանել, ես բարի եմ գտնվել, զիջել եմ»։ Մի ուրիշ տեղ նա ուսանողների մասին ասում է․ «Մենք գիտենք ձեր դիպլոմայինների մակարդակը… Գիտենք մագիստրատուրայի մակարդակը, շատ լավ գիտենք… Երրորդ դասարանի մակարդակով՝ մագիստրատուրայում նստած են»։ Այնքան մեծ է ըմբոստ ուսանողներին վարկաբեկելու ցանկությունը, որ դասախոսը պատրաստ է զոհաբերել իր մասնագիտական պատվախնդրությունը։ Նա, փաստորեն, ինքնախոստովանական ցուցմունք է տալիս, որ չարաշահել է իր դիրքը՝ զանազան մարդկանց հովանավորելու համար, որ անբարեխիղճ է գտնվել աշխատանքում եւ երրորդ դասարանի գիտելիքներով մարդկանց մագիստրոսի դիպլոմներ բաժանել։ Այդպիսով նրա խոսքում ուսանողներին հասցեագրված սպառնալիք կա՝ խելոք մնացեք, թե չէ կհեռացնենք։ Ճիշտ հին ու բարի սովետական մեթոդներով։ Ի՞նչ ունի նրանից սովորելու այն ըմբոստ երիտասարդը։  

Ինչ վերաբերում է Լիլիթ Արզումանյանին, ապա «տասնամյակներ շարունակ անբիծ աշխատած ազնվաբարո այդ կինը» նախադասությունը դաժան ծաղր է թվում։ Նույնը՝ երբ իմ լրագրող ընկերն իր հոդվածում բողոքող երիտասարդներին անվանում է սաքուլիկներ՝ Տարոն Մարգարյանի պաշտպանության ժամանակ երեւան եկած խուժանի հավաքական անունով։ Ուսանողներին, որ չեն ուզում իրենց բուհի ռեկտոր տեսնել սաքուլիկների պաշտպանյալ Տարոն Մարգարյանին թեկնածուի որակավորում տված կնոջը՝ նախկին ԲՈՀ նախագահին։ Ի՞նչ արժանիքներ ունի անբիծ աշխատած այդ կինը, բացի վերոհիշյալից։ Շատ են, նա նաեւ բանասիրական գիտությունների դոկտոր է, Հայաստանի գրողների միության եւ Թատերական գործիչների միության անդամ, արվեստի վաստակավոր գործիչ եւ այլն։ Տարիներ առաջ նրա հոդվածներից մեկը լսելու հնարավորություն ունեցա՝ երիտասարդական գրականության մասին, եւ մեզնից՝ «նորաթուխ ջահելներիցս», մեծ ջանք չպահանջվեց հիմնավորելու համար, որ նրա գրածը կապ չունի գրականագիտության հետ, որ այն ընդամենը մասնավոր ու սիրողական կարծիք է, որ կարող է հայտնել ցանկացած, այդ թվում՝ բարձրագույն կրթություն չունեցող մեկը։ Այդ ժամանակ նա արդեն դոկտոր էր։ Ես կարող եմ հասկանալ մարդկային թուլությունները, մեկը դրոշմանիշ է հավաքում, մյուսն էլ՝ տարբեր ստեղծագործական միությունների անդամատոմսեր, գիտական ու պետական կոչումներ։ Բայց ես ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ, թե արվեստում ինչ ավանդի ու վաստակի համար է նրան շնորհվել արվեստի վաստակավոր գործչի կոչում՝ այն կոչումը, որը նրան առավելություն տվեց իր երկու մրցակիցների նկատմամբ։

Զարմանալի է, չէ՞, որ հեղափոխական կառավարությունը պիտի առաջնորդվի իր մերժած ռեժիմի՝ իր սպասարկուներին բաժանած կոչումներով։ Այսպես ենք կառուցում մենք մեր մերիտոկրատիան։ Իհարկե, Լիլիթ Արզումանյանը տհաճ իրավիճակում է հայտնվել, եւ մարդկայնորեն կարեկցում եմ նրան։ Ինձ վրդովեցնողը մշակույթի ոլորտը հետեւողականորեն ապականող մեր կառավարությունն է։  Մեկ տարում քանի՞ անգամ հասցրիք ուրանալ այն արժեքները, որ դրված էին մեր պայքարի հիմքում։ Կարեւորը՝ հասկացաք, որ նախորդներին քծնած ու ծառայած կադրերն ավելի հուսալի են, քան ձեզ հետ պայքարի ելած արժանապատիվ քաղաքացիները, որովհետեւ սրանք էլի են ելնելու, երբ պետք լինի, ինչպես ելել են ուսանողները, իսկ նրանք հիմա էլ ձեզ են ծառայելու։ Ուսանողների կողքին կանգնած՝ հերվա հեղափոխականները հին, գլամուրային ու բուտաֆորիկ են թվում։ Իրական հեղափոխականներն այլեւս այդ ուսանողներն են, որոնց պայքարը փորձում եք նսեմացնել՝ հիմքում «մերժվածների» ստվերներ փնտրելով։ Ձեր աչքին ամենուր հակահեղափոխականներ են երեւում, դուք վերակենդանացնում ու դեմոնիզացնում եք հազար տարվա մեռելներին, որ նրանց նորից ու նորից սպանեք, ու չեք տեսնում այն, ինչ կողքից այդքան ակնհայտ է՝ հակահեղափոխությունը ձեր մեջ է, հակահեղափոխությունն այլեւս դուք եք։

Իսկ բողոքող ուսանողներին կասեմ միայն մի բան՝ չհանձնվե՛ք։  

Արփի ՈՍԿԱՆՅԱՆ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ