ՀՀ ԱԳՆ-ում փնթիությունն աշխատաոճ է

ՀՀ ԱԳՆ-ում փնթիությունն աշխատաոճ է

Լսած կլինեք. թատրոնը սկսվում է հանդերձարանից: Սա գրել է ռուս գրող եւ ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկին թատրոնի հանդերձարանի աշխատողներին ուղղված նամակում: Այսպես է գրել․ «Ներկայացումը սկսում է թատրոնի շենք մուտք գործելու պահից: Դուք առաջինն եք դիմավորում եկող հանդիսատեսին»: Ժամանակի ընթացքում ռեժիսորի միտքը վերածվել է թեւավոր խոսքի՝ «Թատրոնն սկսվում է հանդերձարանից»: Այսինքն՝ չկան երկրորդական պարտականություններ կամ մասնագիտություններ: Ողջը կարեւոր է:

Դե իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների մեր օրերում էլ ճիշտ է պնդումը, որ պետական գերատեսչությունը սկսվում է պաշտոնական կայքից: Ինչպես հանդիսատեսը թատրոնից առաջին տպավորությունը ստանում է հանդերձարանում իր նկատմամբ վերաբերմունքից, այնպես էլ քաղաքացին պետական գերատեսչությունից առաջին տպավորությունը ստանում է պաշտոնական կայքից. ինչ են իրեն մատուցում, որքանով են հավաստի ներկայացված տեղեկությունները եւ այլն:

Մեր պետական գերատեսչությունները «հանդերձարան չունեն»՝ պաշտոնական կայքերում թագավորում է փնթիությունը: Օրինակ մեր արտաքին գործերի նախարարության կայքը: Հենց ԱԳՆ-ից սկսենք, որովհետեւ Ադրբեջանի դեմ կապիտուլացիայից հետո արտգործնախարար դարձած Արա Այվազյանը հայտարարել է, որ ռազմադաշտում ենք ձախողվել, դիվանագիտության մեջ ձախողում չենք ունեցել։ ԱԳՆ պաշտոնական կայքի փնթիությունը հակառակն է ապացուցում:

Ըստ այդ կայքի, Արմեն Ղեւոնդյանը 2020 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Դրանից առաջ Բելառուսում մեր դեսպանն էր: Նույն կայքի «ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ» բաժինն էլ ավետում է, որ նույն Արմեն Ղեւոնդյանն է Բելառուսում մեր դեսպանը: Նրա փոխնախարար դառնալուց ավելի քան մեկ ամիս է անցել, բայց կայքը չի թարմացվել: Ի՞նչ է սա, եթե ոչ փնթիություն:

Կամ. ըստ կայքի, Հնդկաստանում մեր դեսպանը 2015-ից Արմեն Մարտիրոսյանն է: Իսկ 2018-ից նա դեսպան է նաեւ Շրի-Լանկայում եւ Նեպալում: Բայց Բանգլադեշում մեր դեսպանության մասին նշվում է, որ դեսպանն նույն Արմեն Մարտիրոսյանն է: Շրի-Լանկայի, Նեպալի եւ առավել եւս Բանգլադեշի մասին ոչ մի հիշատակում չկա Հնդկաստանում դեսպան Արմեն Մարտիրոսյանի կենսագրականում: Ի՞նչ է սա, եթե ոչ փնթիություն:

2018 թվականից մեր դեսպանը Եգիպտոսում Կարեն Գրիգորյանն է: 2019-ից նա համատեղության կարգով դեսպան է նաեւ Սուդանում, բայց կայքում տեղադրված կենսագրականում հիշատակում չկա: Ի՞նչ է սա, եթե ոչ փնթիություն:

Գերմանիայում մեր դեսպանի կենսագրությունը չի հրապարակվում, ըստ կենսագրականի Բելգիայում մեր դեսպանը դեռ արտգործնախարարի խորհրդական է, դեսպան նշանակվելու մասին հիշատակում չկա: Նույն անորոշությունն է Կանադայում մեր դեսպանի կենսագրականում: Ի՞նչ է սա, եթե ոչ փնթիություն:

Դեսպաններ ունենք (Իրան, Ճապոնիա, Չինաստան եւ այլն), որ հինգ եւ ավելի տարի նույն երկրում են: Սա աններելի սխալ է: Երկու տարուց հետո դիվանագետը սկսում է հարմարվել, չտեսնել իրականությունը: Դրա համար էլ նորմալ երկրներն, անգամ ամենահմուտ դիվանագետին երկու տարին մեկ այլ պաշտոնի կամ այլ երկիր են ուղարկում:

2009 թվականին կառավարության որոշմամբ ստեղծվել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը, որը սնվում է պետական բյուջեից եւ որի նպատակներից մեկն էլ դիվանագիտական կադրերի պատրաստումն է: Սակայն ոչ մի դեսպանի կենսագրականում այս դպրոցն ավարտած լինելու մասին հիշատակում չկա: Կամ այս դպրոցի շրջանավարտները դեսպան դառնալու որակներ չունեն եւ չեն նշանակվում, կամ հերթական փնթիությունն է՝ կենսագրականներում խոսք չկա ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի մասին:

Ու նման փնթի ոճով աշխատող գերատեսչության ղեկավարը պնդում է, թե պատերազմը չենք հաղթել բանակի, ոչ թե դիվանագետների պատճառով: Չենք հաղթել մեր պետության բոլոր շերտերում թագավորող «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական» փնթիության պատճառով: Եվ առաջին հերթին՝ իմպոտենտության աստիճանի փնթի դիվանագիտության արդյունքում:

Հ.Գ. Հանկարծ չփորձեք ասել, թե վատ է աշխատում ԱԳՆ միայն մեկ օղակ՝ հանրային կապերի պատասխանատունները: Վատ են աշխատում բոլորը՝ դեսպանները, որ չեն մտահոգվում իրենց հրապարակված կենսագրականներով, վարչությունները, որ չեն հետաքրքրվում մեր դեսպաններով եւ այսպես շարունակ:

Արեգ Մարգարյան