Կարգալույծ արված սարկավագն՝ ընդդիմության ընդդիմություն

Կարգալույծ արված սարկավագն՝ ընդդիմության ընդդիմություն

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դեկտեմբերի 14-ին հավաք էր կազմակերպել «Մարիոթ» հյուրանոցում՝ «Հանուն ապագայի. հանուն Հանրապետության» խորագրով՝ տարբեր հասարակական-քաղաքական գործիչների, քաղաքացիական շարժումներին մասնակցած անհատների մասնակցությամբ,  ովքեր, իրենց ելույթներով սատարում են Թավշյա  հեղափոխությանն ու  ներկա իշխանությանը։ Արման Բաբաջանյանը վստահ հայտարարեց, որ «մենք ինքներս ցույց կտանք նրանց (նախկին իշխանություններին), եթե խելքները գլուխները չհավաքեն»:

Հետաքրքիր է, որ մինչև 2019 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները Արման Բաբաջանյանը և իր ղեկավարությամբ գործող  լրատվականները բազմիցս հանդես են եկել Նիկոլ Փաշինյանի և վերջինիս քաղաքական թիմին ուղղված քննադատություններով: Սակայն ամեն ինչ գլխիվայր շրջվեց 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Արման Բաբաջանյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության կազմում դառնալով ԱԺ պատգամավոր, երկրի քաղաքական թիվ մեկ ամբիոնը օգտագործում էր ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական արշավ տանելու համար:

Նախկինում էլ Բաբաջանյանի լրատվականները բազմաթիվ հրապարակումներ են կատարել, որոնց վերաբերյալ դատական պրոցեսներ են ընթացել, որոնք ավարտվել են ոչ հաղթանակով եւ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ը հերքել է, փոխհատուցումներ վճարել, բայց դա չէ խնդիրը, այլ այն, որ խմբագիրն ու պատգամավորը մշտապես աչքի է ընկել հակասական պահվածքով: Եւ այսօր էլ շարունակում է: Հիմա Արման Բաբաջանյանը պայքարում է հեղափոխության «հակառակորդների» դեմ՝ փորձելով փրկել այն եւ փաստացի՝ իրեն ընդդիմադիր է համարում բոլոր ընդդիմադիրներին և իշխանության քննադատներին։ Այսինքն՝ ընդդիմության՝ ընդդիմությունը։ Հետաքրքիր է, որ ԱԺ անկախ պատգամավորը միակ քաղաքական գործիչն է, որը վերջին տարիների ընթացքում հանդիպել և զրուցել է հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ: Այդ հանդիպումը հասարակական-քաղաքական շրջանակներում մեծ քննարկումների առիթ հանդիսացավ: Եւ Արման Բաբաջանյանը զերծ չմնաց այնպիսի հայտարարություններից, որոնք իրականում պառակտում էին հասարակական- քաղաքական դաշտը: 

Արման Բաբաջանյանի թիրախում են նաև նախկին իշխանությունների կարկառուն ներկայացուցիչները: Նա Նիկոլ Փաշինյանին բնորոշ բառապաշարով պարբերաբար անդրադառնում է վերջիններիս ժամանակաշրջանի տարբեր իրադարձություններին` նախկին իշխանությունների ներկայացուցիչներին անվանելով «նախկին հանցավոր համակարգ», «ռեժիմ» և այլն: Նա, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալով, հայտարարություն էր տարածել, որտեղ նշում էր, որ «խորհրդարանից դուրս կան զգալի թվով անհատներ ու խմբեր, որոնք կարող են ձևավորել հեղափոխությանը համապատասխանող քաղաքական օրակարգ, և որոնք կարող են, պատկերավոր ասած, փրկել հեղափոխությունը»»: Սակայն դեկտեմբերի 14-ի հավաքը ցույց տվեց, որ միասնական «օրակարգ» ձեւավորել եւ «հեղափոխությունը փրկել» նրա չի հաջողվելու։ Առավելագույնը՝ կստացվի նախկին իշխանությունների հողմաղացների դեմ մարտնչելը՝ գործող իշխանության պատվերի շրջանակներում: 

Արման Բաբաջանյանի ակտիվությունը, սակայն, ստիպել է, որ ոմանք հիշեն նրա կենսագրության «մութ» էջերը՝ եւ զինծառայությունից խուսափելու քրեական գործը, եւ փաստաթղթերի կեղծումը, եւ այլ անձի կնոջն ու երեխաներին «սեփականացնելը»։ Հիշել են նաեւ, որ նա նախորդ իշխանությունների օրոք դատապարտվել է 3,5 տարի ազատազրկման՝ զինծառայությունից խուսափելու եւ փաստաթղթեր կեղծելու համար, ինչը նրա կողմնակիցներն այժմ քաղաքական հետապնդում են անվանում։ Ի դեպ, նա 2009-ին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել՝ ծանր հիվանդության հիմքով, թեեւ ազատազրկման ժամկետը լրանալուն քիչ ժամանակ էր մնացել։ Ոմանք հիշել են նաեւ, որ արդեն նախկին խմբագիրը ժամանակին սարկավագ է եղել: Նրա պաշտոնական կենսագրության մեջ նշվում է, որ ավարտելով Վազգենյաց հոգևոր դպրանոցը և Գևորգյան հոգևոր ճեմարանը` Արման Բաբաջանյանը զբաղեցրել է Արարատյան հայրապետական թեմի Հայ եկեղեցու երիտասարդաց միության ատենապետի, ինչպես նաև Արարատյան հայրապետական թեմի Հայ եկեղեցու երիտասարդաց միության «Հայորդի» պարբերականի խմբագրի պաշտոնները: Իսկ 2003 թվականից Բաբաջանյանը Գլենդելում լույս ընծայվող «Ժամանակ» օրաթերթի խմբագիրն էր: Սակայն կենսագրության մեջ նա «մոռացել է» նշել, որ 2006 թվականին Հայոց եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի կողմից կարգալույծ է հռչակվել: 

Դիվանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ժամանակի թերթերում, նշված է նաեւ կարգալույծ հռչակելու պատճառը.

«Այսու պաշտօնապէս կը հաղորդենք Թեմիս համայն հաւատացեալ ժողովուրդին, որ Կլէնտէյլի մէջ լոյս տեսնող «Ժամանակ» թերթի գլխաւոր խմբագիր` Արման Բաբաջանեան (նախկին սարկաւագ), Հայաստանի մէջ ծնած ըլլալով, զինուորական ծառայութենէն խուսափած է:     
Արման Բաբաջանյանը իր սարկաւագության կարգը եվ հոգեւոր ծառայությիւնը շահագործելով կեղծած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտօնական կնիքը եվ Թեմիս Առաջնորդ` Գերշ. Տ. Յովնան Արքեպիսկոպոս Տէրտէրեանի ստորագրությիւնը:
Նկատի ունենալով իր կարգին եվ կոչումին ամօթալի եւ անպատւաբեր վերոյիշեալ արարքները, Հայց. Եկեղեցւոյ Արեւմտեան Թեմի Առաջնորդ` Գերշ. Տ. Յովնան Արքեպիսկոպոս Տէրտէրեան կարգալոյծ կը հռչակէ Արման Բաբաջանեանը` զինք զրկելով սարկավագի բոլոր ծառայութիւններէն եւ իրաւունքներէն»:

Իսկ այսօր Արման Բաբաջանյանը «հավատավոր քրիստոնյայի բարեխղճությամբ և արդարության մտոք պայքարում է նախկին հանցավոր ռեժիմի մնացորդների դեմ»` պաշտպանելով ներկայիս իշխանություններին: Ժամանակը ցույց կտա, թե ինչպես կհաջողվի դա Արման Բաբաջանյանին եւ ինչպես կարող է իշխանության կցորդի դերը ստանձնած անձը որեւէ տեղ զբաղեցնել հայաստանյան քաղաքական դաշտում: 

Գագիկ Ավետիսյան