Օրբելյանի նշանակումից մինչ օրս մեր առջև ծառացել են մի շարք խնդիրներ ․նվագախումբը դիմում է նախարարին

Օրբելյանի նշանակումից մինչ օրս մեր առջև ծառացել են մի շարք խնդիրներ ․նվագախումբը դիմում է նախարարին

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի արտիստների եւ տնօրինության միջեւ առկա են անհամաձայնություններ, որին «Հրապարակը» անդրադարձել էր։

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի արտիստները հիմա էլ բաց նամակով դիմել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։

«Հարգելի պարոն Հարությունյան
Տեղեկացնում ենք Ձեզ, որ արդեն երկար ժամանակ է թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների եւ տնօրինության միջեւ առկա են անհամաձայնություններ: Պատճառը տարիների ընթացքում չվճարված ֆինանսական պարտավորություններն ու խոստումներն են:
Ձեզ ենք ներկայացնում օպերային թատրոնի նվագախմբի արտիստներիս խնդիրները: Կ. Օրբելյանի նշանակումից մինչ օրս մեր առջեւ ծառացել են մի շարք խնդիրներ: 2017 թ.-ից առ այսօր չենք ստացել աշխատանքային պայմանագրի 2.3.6 կետով նախատեսված (ժամանակին ապահովել աշխատողին անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով՝ որպեսզի աշխատողը կարողանա կատարել աշխատանքի նորմաները) երաժշտական գործիքի համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներ, որպեսզի մենք կարողանանք կատարել աշխատանքային նորմաները: Հայտնում ենք, որ նշված միջոցները կազմում են բավականին գումար եւ մենք՝ ներքոստորագրյալներս, լինելով մեր գործին վիրյալներ, մտածելով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատվի եւ համբավի մասին , մեր սուղ նյութական միջոցներից հոգացել ենք դրանց ծախսերը, որպեսզի որեւէ պատասխանատու համերգի, պետական միջոցառման ժամանակ չունենանք երաժշտական գործիքների հետ կապված անսարքություններ: Այս խնդրով բազմիցս ենք դիմել տնօրինությանը, սակայն ապարդյուն:
Տեղեկացնում ենք նաեւ թատրոնում առկա ֆինանսական եւս մեկ խնդրի մասին: Խոսքը դեռ նախորդ տարվանից մեզ չվճարված հոնորարներն են, որոնք նախատեսված են եղել «Բյուրեղապակյա դղյակը» բալետային ներկայացման համար: Վճարումները կատարվել է մասնակի՝ վարձատրվել են միայն բալետի արտիստներն ու դիրիժորը:
Օպերային թատրոնի նվագախմբի արտիստներիս կողմից բարձրացված այս խնդիրներին ի պատասխան օրեր առաջ տնօրինությունը մեզ ներկայացրեց արտահերթ որակավորման քննություն անցկացնելու հրաման: Վերջինս ոչ այլ ինչ է, քան երաժիշտների մեջ վախի մթնոլորտ տարածելով վերոնշյալ ֆինանսական խնդրի շուրջ բարձրացված աղմուկը լռեցնել:
Նախապես հայտնում ենք մեր երախտիքն ու շնորհակալությունը եւ խնդրում ենք հետեւողական լինել այս խնդիրներին»: