Մի շեղեք ժողովրդին ու մի վատնեք նրա դիմադրության ուժը

Մի շեղեք ժողովրդին ու մի վատնեք նրա դիմադրության ուժը

Արդեն մի քանի օր է` Արցախում իրեն ընդդիմադիր հռչակած Արթուր Օսիպյանը հանրահավաքներ է անցկացնում Ստեփանակերտի կենտրոնական` Վերածննդի հրապարակում: Մի փոքր հետևեցի այս անձի ելույթին՝ հանրահավաքում, ու ամեն ինչ առավել քան պարզ դարձավ:

Իբր թե մտահոգված լինելով Բերձորի, Աղավնոյի ճակատագրով ու «Լաչինի միջանցքի» ապագայով, քվազի- ընդդիմադիրը մեղադրում էր բոլորին հանձնելու մեջ` էլ Ազգային ժողով, էլ Անվտանգության խորհուրդ, էլ պետնախարար, էլ քաչալ շուն, էլ գող փիսո, բացի մեկ հոգուց: Պարոն Օսիպյանի ճառերում չտեսա Բերձորի հանձնման մեջ որևէ պատասխանատվություն՝ ուղղված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:

Ես չեմ փորձում փնտրել մեղավորներ, ամեն ինչ ինքնին պարզ է: Եվ գտնում եմ, որ այսօր հրաժարականներ պահանջելու կամ մեղադրական ճառեր ասելու ժամանակը չէ, քանզի այսօր քաղաքական, կուսակցական շահեր հետապնդելու ժամանակը չէ, այսօր առավել, քան երբևէ, Արցախի ժողովրդին միասնականություն է անհրաժեշտ, որպեսզի կարողանա դիմակայի արտաքին մարտահրավերներին: Պարզապես կցանկանայի, որ ընդդիմադիրը մի քիչ անկեղծ լիներ: 
Հանրահավաքին հնչեցրած իր ճառում Օսիպյանը կարծես թե պահանջում էր նախագահի հրաժարական, բայց միաժամանակ՝ չէր պահանջում, ավելին`ժողովրդին վախեցնում էր, իր իսկ խոսքերով, նոր պրոբլեմներով ու խոչընդոտներով, թե չի կարելի նախագահի հրաժարականը պահանջել, թե չէ մեղքը գցելու են նրա վրա, ով որ հասել է հրաժարականի: Ասում էր, որ թուրքը մեզ չի թողնի` ընտրություն անենք, և Ալիևը մեզ վատ բաներ կանի։ Հետո Օսիպյանի մտքի թռիչքը հասնում է նրան, որ դիմում է միջազգային հանրությանն ու ռուսներին, որպեսզի ապահովի մեր ընտրությունների անվտանգությունը, և նույնիսկ  մի բան էլ մտահոգվում է Ալիևի համար` ասելով, մեջբերում եմ. «Քանի որ այս պովըդը շատ ծանր է լինելու Ալիևի համար, ստեղ, որ ընտրություն անենք, իրան էլ մեջից են սկսելու քարկոծելը»: Բրավո, Ալիևը շնորհակալություն է հայտնելու Ձեզ Ձեր մտահոգության համար: 

Մի շատ զավեշտալի պահ էլ եղավ այդ հանրահավաքի ժամանակ: Օսիպյանի բոցաշունչ ելույթները ընդհատեց հրապարակում հավաքվածներից մեկն ու հարցրեց. «Ձեր ասած Վիտալի Բալասանյանն առանց Արայիկ կարե՞ գործողություն անե», և Օսիպյանը պատասխանեց. «Ոչ»։ Հետևեց հաջորդ հարցը․ «Պա, հու՞նց ա անում», որից հետո Օսիպյանն ասում է. «Պա, հատե ասալ ընք, բոլորի մեղքը Արայիկ Հարությունյանի մեղքն ա, եթե ոչ, ուրեմն Արայիկ Հարությունյանը դուրս ա գալիս ստեղ, հրաժարականները (իրենց պահանջած) տալիս և ժողովուրդին բացատրում, ներկայացնում բոլոր գործընթացը, և սրանով Արայիկ Հարությունյանը էս մի թեմայի պրետենզիաներից պրծնում ա»։

Բայց հարց տվողը շարունակում է. «Ուրեմն Արայիկ Հարությունյանը զադանին տալիս ա՝ ինքն անում ա»: Օսիպյանն արձագանքում է․ «Հենա հարցիդ պատասխանել ենք», ապա խոսում է ինչ- որ կնոջ զանգի, միլիարդների, թալանի և այլնի մասին:

Ի դեպ, երևի նկատել եք, երբ Արցախում ժողովրդական բողոք է հասունանում իշխանությունների ու նրա գործելաոճի հանդեպ, անմիջապես հրապարակում միկրոֆոնը ձեռքին հայտնվում է Արթուր Օսիպյան կերպարն ու պարպում ժողովրդի զայրույթը։ Այդպես եղավ նաև անցած տարվա ամռանը: Արցախում նաեւ կասկածներ կան, որ Օսիպյանին ուղղորդում են Երեւանից, եւ նա Նիկոլ Փաշինյանի գծած սցենարի մի մասն է կազմում։

Մոտ երկու ամիս առաջ, երբ Բերձորը հանձնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտնի հարցազրույցից հետո Արցախ ժամանեց Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, որպեսզի հանդիպի Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ, ԱԺ-ի դիմաց երկու-երեք տասնյակ երիտասարդներ բողոքի ակցիա էին կազմակերպել, որպեսզի Մարուքյանից պարզաբանումներ պահանջեն: Այդ հանդիպման ժաամանակ, ըստ որոշ տեղեկությունների, քննարկվել է Բերձորի հանձնման թեման, այդ մասին նաև հետագայում ակնարկեց հենց ինքը` Մարուքյանը: Ընդդիմադիր երեք խմբակցությունները հրաժարվել էին մասնակցել այդ հանդիպմանը: Այդ միջոցառումը լուսաբանելու համար այնտեղ էի գտնվում նաև ես: Մի որոշ ժամանակ անց ոստիկաններ մոտեցան ու երիտասարդներին ասացին, որ իրավունք չունեն ակցիա իրականացնել, քանի որ ռազմական դրություն է, ու հավաքներն արգելելու վերաբերյալ նախագահի հրամանագիր կա: Հարց է առաջանում. ինչու՞ վերևներից արգելվեց երիտասարդների ակցիան` օգտագործելով ռազմական դրության պատրվակը, իսկ հիմա Արթուր Օսիպյանը բարձրախոսներով ազատ հանրահավաք է անում նախագահական շենքի դիմացի հրապարակում, մի՞թե ռազմական դրությունն ու հավաքների արգելքը չեն վերաբերում Արթուր Օսիպյանին, թե՞ այլ բան կա, որ մենք չգիտենք: 

Պարզ է, որ նման ակցիաներով փորձում են շեղել ժողովրդի ուշադրությունն իրական վտանգներից ու այդ վտանգներին դիմակայելու ժողովրդի կարողություններն ուղղում են նեղ անձնական, կուսակցական, քաղաքական շահերի համար: Այսօր առավել, քան երբևէ, Արցախի ժողովուրդը կանգնած է գոյաբանական վտանգի առաջ: Փոխանակ միասնական իրական պայքար մղվի արտաքին սպառնալիքների դեմ, արվում է հակառակը` ինչ-որ բեմականացումներ են բեմադրում, ուշադրություն շեղում, մեղավորներ ու անմեղներ փնտրում: 

Իսկ արցախահայերը պարզապես պետք է անտեսեն այս քաղաքական բեմականացումները ու միավորվեն հանուն Արցախի ու արցախահայության պաշտպանության՝ իրական պայքար մղող շարժումների մեջ, որտեղ մեղավորներ ու անմեղներ չեն փնտրում, որտեղ քաղաքական, կուսակցական, անձնական շահեր առաջ չեն մղվում, եւ նպատակը Արցախն արտաքին վտանգներից պաշտպանելն է: