Մեծ Բրիտանիան կարող է վերականգնել մահապատիժը

Մեծ Բրիտանիան կարող է վերականգնել մահապատիժը

Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի (ստորին պալատի) անդամ, աջ պոպուլիստական ​​Reform UK կուսակցության առաջնորդ Ռուպերտ Լոուն առաջարկել է դիտարկել երկրում մահապատիժը վերադարձնելու հնարավորությունը՝ Սաութպորտում երեք աղջիկների աղմկահարույց սպանությունից հետո, որը զանգվածային հակամիգրանտների բողոքի ակցիաներ է առաջացրել։

«Իմ կարծիքով, եկել է բացառիկ դեպքերում մահապատժի կիրառման ազգային բանավեճի ժամանակը։ Սա բացառիկ դեպք է»,- X-ում գրել է պատգամավորը։ 

Բրիտանիան մահապատիժը վերացրել է 1998 թվականին՝ Մարդու իրավունքների ակտի ուժի մեջ մտնելուց հետո։ Վերջին անգամ երկրում նման պատիժ է կիրառվել 1964 թվականին Գվին Էվանսի և Փիթեր Ալենի նկատմամբ, ովքեր դատապարտվել են սպանության և կողոպուտի համար։

Լիվերպուլի դատարանը հունվարի 23-ին 17-ամյա ռուանդացի դեռահաս Ակսել Ռուդակուբանեին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ նվազագույնը 52 տարի ժամկետով՝ հյուսիսային Անգլիայի Սաութպորտ քաղաքում երեք աղջիկների սպանության համար։ 

Պատժի այս ձևը նշանակում է, որ Ռուդակուբանեն կարող է ազատ արձակման դիմում ներկայացնել 52 տարի անց: Դատավոր Ջուլիան Գուսն ասել է, որ չի կարող մարդասպանին դատապարտել երաշխավորված ցմահ ազատազրկման՝ առանց նվազագույն ժամկետի, քանի որ Ռուդակուբանեն հանցագործության պահին 17 տարեկան էր: