Ո՛չ Արթուր Գրիգորյանը, ո՛չ Հայկ Մարտիրոսյանը տեղյակ չեն իրենց գործերից

Ո՛չ Արթուր Գրիգորյանը, ո՛չ Հայկ Մարտիրոսյանը տեղյակ չեն իրենց գործերից

Մոտ երկու ամիս առաջ դատախազությունը բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի եւ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի՝ Ամուլսարի հարցով գրառումներում ու հայտարարություններում առկա առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումների վերաբերյալ նյութեր նախապատրաստեց եւ ուղարկեց ԱԱԾ։ Խոսքն Ամուլսարի հետ կապված գրառումների մասին է։ Սրան հետեւեց այն, որ Մարտիրոսյանն ԱԱԾ-ում բացատրություն տալուց հետո աղմկահարույց «լայվ» կազմակերպեց ու հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Դրանից հետո լռություն է՝ ո՛չ Մարտիրոսյանը, ո՛չ Գրիգորյանը, ո՛չ ԱԱԾ-ն որեւէ բան չեն հայտնել, թե ինչ ընթացքում են գործերը, հարուցվո՞ւմ են քրեական գործեր, թե ոչ։ ԱԱԾ-ից այս հարցին խոստացան պատասխանել  5 աշխատանքային օրվա ընթացքում։ Իսկ Հայկ Մարտիրոսյանն ու Արթուր Գրիգորյանը պարզապես չգիտեն, թե ինչ է կատարվում։ «Տեղյակ չեմ, անկեղծ ասած՝ ինձ ոչինչ չեն ասել ընթացքի վերաբերյալ»,- ասաց Արթուր Գրիգորյանը։ Նույն պատասխանն ստացանք Հայկ Մարտիրոսյանից։

Հիշեցնենք․ Արթուր Գրիգորյանը, ում մասին Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ նրան աշխատանքից ազատել է «խայտառակ ոչ կոմպետենտության համար», ընդամենը հայտնել էր, որ Ամուլսարի վերաբերյալ ընդունված որոշման մասին իմացել է դեռ 8 ամիս առաջ։

Գրիգորյանն ու Մարտիրոսյանը մեկական անգամ բացատրություն են տվել քննիչներին։ Արթուր Գրիգորյանն ավելացրեց․ «Հաջորդ օրը իմ նախաձեռնությամբ իրենց լրացուցիչ փաստաթղթեր եմ տրամադրել ու վերջ»։ Փաստաթղթերը վերաբերել են նրա այն պնդմանը, այսինքն՝ ապացույցներ են եղել այն մասին, որ ինքը 8 ամիս առաջ այդ որոշման մասին իմացել է, քանի որ դրա վերաբերյալ քաղաքական որոշումը կայացվել է այն ժամանակ։
Հիշեցնենք․ ԱԱԾ-ն այս՝ առերեւույթ հանցակազմ պարունակող նյութերով կա՛մ պետք է քրեական գործ հարուցի, կա՛մ մերժի հարուցումը։ Թե՛ Արթուր Գրիգորյանը, թե՛ Հայկ Մարտիրոսյանը, որն արդեն Նյու Յորքում է, զգուշացվել են սուտ մատնության մասին։

Հայկ Մարտիրոսյանն ու փաստաբանն այս առնչությամբ անգամ ինչ-ինչ ենթադրություններ ունեին, որ սուտ մատնության հոդված են ուզում «կարել» իրենց վրա։ «Պարտավոր էին տեղյակ պահել՝ հարուցեցի՞ն, թե՞ կարճեցին, բայց լռել են»,- մեկնաբանեց Հայկ Մարտիրոսյանը։