Իրական սպառնալիք․․․

  Իրական սպառնալիք․․․

Պաշտոնական Բաքուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումն է ներկայացրել ԵԱՀԿ նախարարների խորհրդի անդամներին․ կարդում ու սարսափում ես՝ փոխզիջման ոչ մի նրբերանգ։

Ըստ փաստաթղթի՝ «առաջին քայլը պետք է լինի հայկական զինված ուժերի ամբողջական և անվերապահ դուրսբերումը Ղարաբաղի և «գրավյալ» այլ տարածքներից:

Հաջորդ քայլը պետք է լինի Ադրբեջանի բնակչության վերադարձը, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցության վերսկսումը:

Երրորդ փուլում պետք է որոշվի «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի» կարգավիճակը՝ Ադրբեջանի կազմում՝ Ադրբեջանի Սահմանադրության և օրենսդրության համաձայն:

Կարգավիճակի որոշումը պետք է տեղի ունենա հայ և ադրբեջանական համայնքների ամբողջական ու հավասար մասնակցության և Ադրբեջանի կառավարության հետ գործակցության պայմաններում՝ օրինական ու ժողովրդավարական գործընթացների շրջանակներում»,-ասված է հուշագրում: Փաստաթղթում արձանագրված է, որ Ադրբեջանը հակամարտության քաղաքական լուծում վերը նշված շրջանակներից դուրս չի տեսնում:

Կապիտուլյացիա․ ուրիշ բառով չես կարող մեկնաբանել Ադրբեջանի պահանջը։ Ու սա կոչվում է խաղաղ կարգավորման դիրքորոշու՞մ։ Այստեղ փոխզիջման որևէ տարր կա՞․․․

Եվ պատահական չէ, որ ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը գուժեց․

«Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպառնալիք»։ Էսկալացիան ռազմական գործողությունների վերսկսում է։

Այսինքն մենք կանգնած ենք պատերազմի առաջ։ Անկախ հայկական կողմի դիրքորոշմանը, Ադրբեջանը վերջնագիր է ներկայացրել։ Արժանապատիվ խաղաղությունը վեր է ամեն ինչից, ու բանակցել կարելի է դրա շուրջ, բայց Ադրբեջանը պարտադրում է անվերապահ կապիտուլյացիա։ Անվերապահ կապիտուլյացիան սովորաբար կնքվում է հակառակորդի ռազմական ուժերի լրիվ ջախջախման ժամանակ, երբ պարտված պետությունը ճանաչում է այդպիսի ջախջախումը և հանձնում ամբողջ զինված ուժերը։

Հենց դա հիմնովին ընկալում է ԵԱՀԿ գործող նախագահը, երբ ասում է․ «Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպառնալիք»։ Նա գիտի, որ ոչ մի իրեն հարգող պետություն նման գնով չի գնա խաղաղության, այն էլ՝ կասկածելի խաղաղության։

Այս պայմաններում, երբ սպառնալիք է կախված երկրի վրա, երբ պատերազմի շեմին ենք, Արցախյան պատերազմի հաղթանակի նսեմացումը հավասարազոր է դավաճանության։ Դա միայն թշնամին կարող է անել։  Թույլ տալ ամբոխին, որ Արցախյան պատերազմի հերոսներին հայհոյեն, նսեմացնեն, հողին հավասարեցնեն դավաճանություն է։ Տարբեր մեղադրանքներով նրանց փակել, հետապնդել, ճնշել, համարել նրանց արածը ոչինչ, դավաճանություն է։ Այլևայլ մեթոդներով գրգռել ամբոխի ատելությունը, հասցնել այն աստիճանի, որ պղծեն հերոսների գերեզմանաքարերը, դավաճանություն է։ Ով կփորձի ստվեր գցել Արցախյան հաղթանակի վրա, դավաճան է։ Չեմ հասկանում՝ նման բաներ պատահակա՞ն են արվում, թե՝ գիտակցված։

Ներքաղաքական կայունություն է մեզ պետք, բոլոր ուժերի համախմբում։ Ներքին թշնամի մենք չունենք։ Մայր հողը բոլորինս է և մոր նկատմամբ արժանապատվությունը անխախտ։ Մեր հաղթանակը միշտ ոգեղեն է եղել, ինչ որ ուժեր թող չփորձեն կոտրել մեր ոգին։  Սա մենք հասկանալու ենք, երբ, Աստված չանի,  կորցնենք մեր մորը։  Ներքաղաքական հարցերը ծուղակ են՝ մեզ կենցաղային, սոցիալական հարցերի  թակարդը գցելու, ջլատելու։ Դեդեկտիվներով ոգևորվելու փոխարեն, լրջանանք։